Քաղաքական

05.09.2020 14:42


ՍԴ-ում ամենաթողություն է. աշխատակազմի ղեկավարի ժ/պ-ն իրեն արտոնյալ է զգում

ՍԴ-ում ամենաթողություն է. աշխատակազմի ղեկավարի ժ/պ-ն իրեն արտոնյալ է զգում

Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավարին ժամանակավորապես փոխարինող Սամվել Առաքելյանը հասցրել է պաշտոնավարման մի քանի օրվա ընթացքում հայտնվել ԶԼՄ-ների ուշադրության կենտրում։ Նախ՝ մամուլը գրեց, որ Առաքելյանն ապօրինի ձևով, առանց Ալվինա Գյուլումյանին տեղյակ պահելու, նրա աշխատասենյակի զավթման «օպերացիան» է կազմակերպել, ապա վերադարձրել է դատավորների որոշմանը հանձնված պատգամավորների դիմումը՝ առանց նրանց գիտության, գրում է politik.am–ը։

Այսօր էլ Politik.am-ի տեսախցիկը ֆիքսել է, որ Առաքելյանը, անտեսելով ցուցանակը, որում հստակ նշված է, որ ՍԴ կայանատեղիում իրավունք ունեն կայանել միայն ծառայողական մեքենաները, իր անձնական 36 FD 874 պետհամարանիշով մեքենան կայանել է այդ վայրում։ ՍԴ մեր աղբյուրի փոխանցմամբ, Առաքելյանն իրեն արտոնյալ է զգում, սկսել աշխատակիցների հետ շփվել բավականին կոպիտ և ցանկացած քայլ համաձայնեցնում է Վահե Գրիգորյանի և Արման Դիլանյանի հետ։

«Այդ վարքագիծը ունի իր գինը. նրան խոստացվել է աշխատակազմի ղեկավարի պաշտոնը՝ Վահե Գրիգորյանին այդ հույսով ինֆորմացիայով ապահովող և օժանդակող ՍԴ աշխատակից Արմենակ Մինասյանցի փոխարեն»,-ասել է politik.am–ի աղբյուրը։

Ի դեպ, ՍԴ դատավոր Արայիկ Թունյանն էլ, առանց սպասելու Գյուլումյանի վերջնահաշվարկին, լիազորությունների դադարման արձանագրմանը, հասցրել է իրենով անել նրա ավտոմեքենան՝ պատճառաբանելով, թե իբր այն իսկզբանե իրեն պետք է պատկաներ։ Այսպիսով, ՍԴ-ում իսկական քաոս է ոչ միայն դատարանի լիազորությունների կատարման, այլև կառավարչական առումով։ Գործերի քննությունը կանգ է առել, ժամկետներ են սպառվել, մարդկանց իրավունքներ խախտվել, իսկ լուծումներ առկա չեն։ Բայց սա չի խանգարում Սահմանադրական արդարադատություն իրականացնողներին կենտրոնանալ սեփական բարեկեցության վրա՝ ի ցույց դնելով ճգնաժամի մյուս՝ բարոյական կողմը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։

Այս խորագրի վերջին նյութերը