Կարծիք

05.09.2020 15:53


Հավանաբար շուտով սիրիահայերից շատերը նույնպես կհիասթափվեն հայրենիքից և կարտագաղթեն

Հավանաբար շուտով սիրիահայերից շատերը նույնպես կհիասթափվեն հայրենիքից և կարտագաղթեն

Երեկ տաքսիով վերադառնալիս, խոսքի բռնվեցի վարորդի հետ։ Երիտասարդը սիրիահայ էր։
Հարցրեցի․
-Հուսով եմ, եկել եք Հայաստան մշտական բնակության ցանկությամբ։
-Այո, այդ մտադրությամբ էինք եկել, բայց այժմ տատանվում ենք։

Արդեն որերորդ անգամ սիրիահայերի հետ զրույցում, նույն դժգոհություններն եմ լսում․ բնակարանային, փոքր բիզնեսի տարածքի վարձակալման բարձր վճարներ, կոմունալ ծախսեր․․․ լարված աշխատանք․․․ և արդյունքում՝ համարյա ոչ մի եկամուտ։ Պետական զրո աջակցություն։ Նրանցից շատերն էլ զարմանում են, մեր՝ տեղացիներիս «զարմանալի» բնավորության վրա․ խաբել, «քցել» և այլն։

Լավ, մի՞թե հնարավոր չէ պետական հատուկ քաղաքականություն մշակել և իրագործել սիրիական դժոխքից Հայաստան եկած մեր հայրենակիցների նկատմամբ․ հատկացնել բնակարաններ, պետական գույքի կոմիտեից հատկացնել անվճար տարածքներ, զեղչել կոմունալ վճարները։ Իսկ մե՞նք։ Սիրիահայերը Հայաստան են բերել ուրույն, ազնիվ մշակույթ։ Փոխանակ հիանանք, աջակցենք, օրինակ վերցնենք նրանցից․․․ Հավանաբար շուտով սիրիահայերից շատերը նույնպես կհիասթափվեն հայրենիքից և կարտագաղթեն։

ՀՀ Կառավարությանը կից Սփյուռքի հանձնակատարը փոխանակ մտավարժանքներ անի օտարերկրացիներին ուծացնելու մասին, պետք է մտածի և լուծումներ առաջարկի սիրիահայերի խնդիրների մասին։

Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը