Քաղաքական

07.09.2020 14:08


Բաբկեն Հարությունյանը` ի նշան բողոքի, որ քաղաքապետարանն իր հարցմանը չի պատասխանել, ծաղիկներ և թղթեր նետեց քաղաքապետարանի առջև (տեսանյութ)

Բաբկեն Հարությունյանը` ի նշան բողոքի, որ քաղաքապետարանն իր հարցմանը չի պատասխանել, ծաղիկներ և թղթեր նետեց քաղաքապետարանի առջև (տեսանյութ)

«Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Բաբկեն Հարությունյանը Երևանի քաղաքապետարանի դիմաց միայնակ բողոքի ակցիա իրականացրեց: Նրա խոսքով՝ օգոստոսի 14-ին «Հանրային վերահսկողության կենտրոն» ՀԿ-ն հարցումներ է ուղարկել Երևանի քաղաքապետարան, թե որքանով է իրականություն դարձել Հայկ Մարությանի նախընտրական խոստումները:

«Մենք կետ առ կետ նշել էինք այն խոստումները, որը տվել էր և Սահմանադրության ու «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համաձայն` պահանջել էինք տեղեկություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Խոսքը վերաբերում է 2019-ի օգոստոսից մինչ այժմ կատարված աշխատանքներին: Անցած տարի նույնպես ես ներկայացրել էի Հայկ Մարությանի չկատարած աշխատանքների այլընտրանքային հաշվետվությունը, թե որքանով էին իրականացվել նրա խոստումները: Ասեմ՝ շատ ցածր էր իրականացման տոկոսը. սրա հետ կապված ես ներկայացրել էի հաշվետվություն»,-ասաց նա:

Հարությունյանը նշեց. «Այս դեպքում պարգևավճար լափող կառույցի սանձարձակությունը հասել է այնտեղ, որ նույնիսկ հարցումն ուղարկելուց երկու շաբաթ անց ես զանգել եմ քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին և պահանջել եմ բացատրություն, թե ինչու իմ հարցմանը չեն պատասխանել, ինձ ասացին՝ հիմա խնդիրը ուսումնասիրենք, Ձեզ հետ կկապվենք, և մեկ շաբաթ է անցել, բայց դարձյալ որևէ պատասխան մինչ օրս չկա: Սա խոսում է ապիկար քաղաքապետի և քաղաքապետարանի բարձիթողի վիճակի մասին»:

Բաբկեն Հարությունյանն իր հետ ծաղիկներ էր բերել: Լրագրողները հետաքրրքվեցին, թե դրանք ինչ ծաղիկներ են, նա պատասխանեց. «Այս կառույցը` որպես պետական կառույց, գոյություն չունի, մահացած կառույց է և ենթակա է թաղման, սա էլ այն հարցերն են, որոնք հղել ենք ու չեն պատասխանել, հիմա այս հարցերը մենք շաղ կտանք, թող վերցնեն կշտանան, կամ Հայկ Մարությանը հավաքի: Թող գան հավաքեն, տանեն ուսումնասիրեն, միգուցե սրանից հետո բարեհաճեն պատասխանել: Եթե օրենքով նախատեսված կարգով չեն պատասխանում ու զգուշացնելուց հետո էլ են շարունակում սանձարձակ ձևով իրենց դրսևորել, չեն պատասխանում, հետևաբար, իրենց հետ պետք է խոսել այս ձևով»:

Այս ասելով` Հարությունյանը բերած ծաղիկները և հարցման թղթերը նետեց քաղաքապետարանի դռան դիմաց:

«Տարբեր ակցիաների միջոցով շփելու ենք սրանց դեմքին այն, ինչին արժանի են ու տարբեր ակցիաների միջոցով հասնելու ենք նրան, որ սրանք պատասխանեն մեր հարցումներին, որովհետև ես, ինչպես անցած տարի, այս տարի ևս պատրաստվում եմ ներկայացնել տխրահռչակ Հայկ Մարությանի քաղաքապետության ժամանակահատվածում չիրականացված խոստումների փաստերը, ու իրենք դրանք ինձ տրամադրելու են, ինչքան ուշացնեն հարցման պատասխանը, այնքան ինձ ավելի հաճախ կտեսնեն ոչ միայն այստեղ, այլ վայրերում նույնպես»,-ասաց նա:

Մանրամասները ՝ տեսանյութում:

Այս խորագրի վերջին նյութերը