Աշխարհ

14.04.2011 15:14


Սևակ Արծրունի. «Նկատառումներ Ջավախքի պայքարի ներկա փուլի վերաբերյալ»

Սևակ Արծրունի. «Նկատառումներ Ջավախքի պայքարի ներկա փուլի վերաբերյալ»

Հայկական բարձրավանդակում հայության ժողովրդագրական, հետևապես նաև պետական կայացման համար անվիճելիորեն կարևորագույն դեր է խաղալու Ջավախքի հայապահպանման խնդրի ճակատագիրը: Ինչպես և Արցախը, Ջավախքը Հայաստանի Հանրապետությունից դուրս մեր պատմական հայրենիքի բաղկացուցիչ մասն է, որը դեռևս պահպանում է իր հայկական նկարագիրը: Ուստի Ջավախքի հայկական նկարագրի շարունակականության ապահովումը նվազ կարևոր չէ, քան հայկական Արցախի պահպանումը:

Սակայն հայությունը, ոչ այնքան հասկանալի պատճառներով, ազգապահպանման գործընթացներում որոշակի չափով աչքաթող է անում Ջավախքի հայապահպանության խնդիրը: Եթե այս զգուշավոր վերաբերմունքը մասամբ արդարացված է պաշտոնական Երևանի քաղաքական ուղեգծի պարագայում, ապա խիստ անբացատրելի, անընդունելի և դատապարտելի է հայկական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և անհատների մակարդակով: Հայաստանում, Արցախում և սփյուռքում քաղաքացիական հասարակության կառույցների պարտքն է ժամ առ ժամ հետևել ջավախքահայությանը հուզող խնդիրներին և Արցախի ու Հայաստանի Հանրապետության խնդիրներին համաչափ մոտեցումով աջակցել դրանց  լուծմանը:

Ջավախահայությունը և վրացահայությունը

Վրաստանում ապրող հայությունը բաժանվում է երկու մեծ խմբի, որոնք են` ջավախքահայությունը /այդ խմբի մեջ ընդգրկվում է Սամցխե-Ջավախք նահանգի և Ծալկայի շրջանի հայ բնակչությունը/ և վրացահայությունը /hիմնականում Թբիլիսիի և շրջակա բնակավայրերի հայ բնակչությունը/: Վրացահայությունը մեծամասամբ հայախոս չէ` վրացախոս և ռուսախոս է, համախմբված չէ, իր ազգային կարգավիճակից բխող իրավունքներին գիտակ չէ և ամենակարևորը` կազմակերպված պայքար չի տանում իր ազգային նկարագիրը պահպանելու համար:

Ջավախքի հայությունն ընդհակառակը` մեծամասամբ հայախոս է, որոշակիորեն կազմակերպված, գիտակցում է իր իրավունքները: Ջավախքահայի մոտ չկա փոքրամասնության կամ հյուր լինելու սինդրոմը, որը մեծապես շեշտված է թիֆլիսահայի մոտ: Ջավախքում Վրաստանը հայաթափման ծրագիր է իրականացնում, իսկ թիֆլիսահայության նկատմամբ տարվող քաղաքականությունը հետապնդում է այն ձուլելու նպատակ:

Հանուն Ջավախքի տարվող պայքարը ունի երկու դրսևորումներ.  առաջինը` պայքար Ջավախքում վրաց իշխանությունների կողմից հաստատված ոստիկանական հալածանքների դեմ, երկրորդը` պայքար հանուն ջավախքահայության ինքնորոշման, այսինքն` նրա քաղաքական, լեզվակրթական, կրոնական, մշակութային իրավունքների իրացման:

Ջավախքի խնդիրը հայ - վրացական ներկա միջպետական հարաբերությունների համատեքստում

Վերջին շրջանում նկատվում են հայ-վրացական միջպետական հարաբերությունների ջերմացման որոշակի միտումներ: Այս միտումները թիֆլիսահայության և Ջավախքից դուրս Վրաստանում ապրող հայության վրա դրական ներգործություն կարող են ունենալ, եթե, իհարկե, Հայաստանի իշխանությունները այս մերձեցմանը զուգահեռ մշակեն և իրականացնեն Թբիլիսիի հայ համայնքի ինքնակազմակերպման մակարդակի բարձրացմանը, համայնքային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրեր: Այստեղ մեծ նշանակություն կարող է ունենալ Վրաստանում ՀՀ դեսպանության առավել ակտիվ աշխատանքը:

Հայ-վրացական հարաբերությունների բարելավման այս հերթական շրջանը ջավախքահայության պայքարի ընթացքի վրա որևէ ազդեցություն չի ունենալու, այնպես, ինչպես որևէ ազդեցություն չեն ունեցել անցյալում հայ-վրացական հարաբերությունների որոշակի սառեցման ժամանակաշրջանները: Ջավախքահայության իրավունքների համար տարվող պայքարը հայ-վրացական պետական հարաբերություններին շաղկապված չի՛ կարող լինել: Այդ պայքարի սուբյեկտներն են մի կողմից` ջավախքահայությունը, մյուս կողմից` Վրաստանի իշխանությունները: ՀՀ իշխանությունները պետք է ու պարտավոր են բարձրաձայնել խնդիրները, սակայն իրավունք չունեն ջավախքահայության փոխարեն ստանձնել նրա դատը, նա՛մանավանդ վրաց իշխանությունների հետ բանակցություններում զիջումներ կատարել ջավախքահայության ազգային իրավունքների հաշվին: Նման բանի մենք ականատես եղանք ՀՀ նախագահ Քոչարյանի կառավարման տարիներին, երբ ռուս-վրացական ճգնաժամի պայմաններում, Հայաստանի իշխանությունները Ջավախքի հաշվին կատարեցին անիմաստ և անընդունելի զիջումներ, որոնց ջավախքահայության հոգեվիճակի վրա բացասական ազդեցությունն առկա է առ այսօր:

Հայ-վրացական միջպետական հարաբերությունները երկու պետությունների` կարճաժամկետ, միջին և երկարաժամկետ շահերի վրա կառուցվող, փոփոխվող երևույթներ են: Ջավախքի հարցը բոլորովին այլ է: Այնտեղ ընթացող զարգացումները հայության համար շատ ավելի լուրջ և ճակատագրական նպատակների և շահերի հետ են կապված:

Ջավախքի խնդիրը աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում

Հայաբնակ Սամցխե-Ջավախք-Ծալկա տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը բխում է տարածաշրջանի աշխարհաքաղաքական գործընթացներում Վրաստանի առանցքային դերից: Հասկանալի և ողջունելի պատճառներով միջազգային և տարածաշրջանային ուժերը փորձում են Ջավախքը զերծ պահել անդառնալի զարգացումներից: Դա թելադրվում է տարածաշրջանով անցնող էներգակիրների անվտանգության ապահովման հրամայականով և Հայաստան – Ադրբեջան – Թուրքիա քաղաքական զարգացումներով: Սակայն Ջավախքում կայունությունն ամեն գնով ապահովելու ձգտումն այսօր հանգեցրել է նրան, որ արևմտյան տերությունները և միջազգային կառույցները, արձանագրելով ջավախքահայության նկատմամբ վրաց իշխանությունների խտրական քաղաքականության դրսևորումները, որևէ գործնական քայլ չեն ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ: Ջավախքահայությունը մնում է ոստիկանական ռեժիմի մամլիչի տակ, ոտնահարվում են նրա տարրական իրավունքները, իսկ միջազգային կառույցները, աչք փակելով այդ փաստերի վրա, թմբկահարում են Ջավախքում նորանոր սոցիալ-տնտեսական և կոմունիկացիոն ծրագրերի իրականացման մասին: Արդյունքում խնդիրները մնում են չլուծված, իսկ իրավիճակը կայունանալու փոխարեն հետզհետե էլ ավելի է սրվում ու մտնում փակուղի:

Ջավախքը ներվրացական քաղաքական գործընթացներում

2012 և 2013 թվականներին Վրաստանում հաջորդաբար անցկացվելու են խորհրդարանական և նախագահական ընտրություններ: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Սաակաշվիլին վերջին ընտրություններում կարողացել է հաղթել ջավախքահայության և ադրբեջանաբնակ շրջանների բնակչության ձայների ճնշող մեծամասնությունը ստանալու հաշվին: Սակայն, հակառակ դրան, կենտրոնական իշխանությունները ջավախքահայության լեզվի, քաղաքական ներկայացվածության և կրոնական պահանջներից և ոչ մեկի ուղղությամբ որևէ զիջում չեն կատարել:

Այս անգամ ևս, ջավախքահայության ձայնը կարող է վճռորոշ լինել Վրաստանի ընտրական գործընթացների համար: Ջավախքահայությունն ունի բոլոր հնարավորությունները էթնիկ իրավունքների պահանջներով որպես մեկ ընտրազանգված ներկայանալ մրցակցող ուժերին:

Հարց է ծագում. իսկ ի՞նչն է խանգարում դրան: Ինչո՞ւ ջավախքահայությունը չի կարողանում իր իրավունքների օգտին շահարկել իր ընտրական ձայները: Պատճառը վրաց իշխանությունների քաղաքականությունն է, որի տարրերն են` ջավախքահայ հասարակական-քաղաքական գործիչների հետապնդումը, Ջավախքում հայկական կուսակցության գրանցման արգելքը, հայկական եկեղեցուն կարգավիճակ չտալը, Ջավախքում հայկական համալսարանի ստեղծման մերժումը, տեղական ուժային կառույցների միջոցով վախի մթնոլորտի տարածումը:

Արդեն հասկանալի է` տարիներ շարունակ Ջավախքում արմատավորված այս երևույթներն ունեն մեկ նպատակ` զերծ պահել ջավախքահայությանը քաղաքական գործոն դառնալու հնարավորությունից, որովհետև այդ քաղաքական լծակը կարող է վճռորոշ լինել ամբողջ տարածաշրջանում իրականացվող գործընթացների վրա: Դրանով պետք է բացատրել նաև Ջավախքում Սաակաշվիլիի վարչակարգի կողմից կատարվող բոլոր անիրավությունների և անօրինականությունների նկատմամբ Վրաստանում արևմտյան կառույցների լուռ մեղսակցությունը: Այսօր Վրաստանի հայ բնակչությունը վրաց իշխանությունների հակաժողովրդավարական քաղաքականության թիրախ է, և այդ քաղաքականության անպատժելիությունը երաշխավորում են Թբիլիսիում ԱՄՆ դեսպանատունը և այլ ամերիկյան կառույցներ:

Ջավախքահայությունը` տեր իր քաղաքական ճակատագրին

Ջավախքահայության պայքարը, անցնելով կորուստների միջով, այսօր զգալի ձեռքբերումներ է արձանագրել: Ամենակարևորը` փոփոխվել է իրավիճակի գնահատումը, վերացել են բոլոր հնարավոր թյուրիմացություններն ու թյուրըմբռնումները: Հայությանն այսօր հայտնի է հակահայ գործընթացին մասնակից Թբիլիսիի կամակատար հայ մանկլավիկների անունները, և պարզ է, թե Ջավախքի ներսում ովքեր են իրական ուժերը, ովքեր` միֆ: Վրաստանում 2010թ. մայիսին կայացած վերջին ՏԻՄ ընտրությունների ջավախքահայության կողմից զանգվածային բոյկոտելը սրա արդյունքն էր: Իրավիճակի այս թափանցիկությունը մեծ հեռանկարներ է բացում նոր սերնդի գործիչների համար: Ջավախքի քաղաքական շրջանակները հասունացել են և այլևս զերծ են մնում չկշռադատված, պառակտողական, ծայրահեղական միջոցառումներից և զոհ չեն գնում անիմաստ սադրանքներին:

Մյուս կողմից միջազգային հանրությունը միանշանակ գիտակցել է, որ ջավախքահայության դժգոհության հիմքում ընկած են ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրները, այլ Սաակաշվիլիի հակաժողովրդավարական, մենատիրական, ոստիկանության սվինների վրա հենվող վարչակարգի խտրական քաղաքականությունը ջավախքահայության նկատմամբ: Համացանցում մեծ քանակությամբ միջազգային զեկույցներ կան Ջավախքում տեղի ունեցող անօրինական գործընթացների մասին: Դիմակները պատռվել են:

Սակայն, ի հակադրություն այս ամենին, վրաց իշխանություններին հաջողվել է Ջավախքում իրենց հայ մանկլավիկների միջոցով բանտարկել, երկրից արտաքսել կամ մեկուսացնել  ջավախքահայ ազգային-քաղաքական հիմնական գործիչներին: Վահագն Չախալյանին բանտարկելով և Շիրակ Թորոսյանի մուտքը Ջավախք արգելելով` Թբիլիսին փորձեց և մասամբ կարողացավ գլխատել ջավախքահայության քաղաքական ուժը: Վահագնի պարագայում սակայն, հաջողվեց իրավիճակը շրջել. այսօր ոչ թե Վահագն է վրացական պետության պատանդը, այլ ընդհակառակը, Սաակաշվիլիի վարչախումբն է իր անօրինական քայլի պատանդը դարձել: Եվրադատարանում Վահագն Չախալյանի գործի սպասվող քննությունը կարող է ավելի ևս շեշտավորել այս իրողությունը: Հայկական կողմը պարտավոր է հասնել նրան, որ վրաց իշխանությունների համար նույն ծանր հետևանքներն ունենա նաև Շիրակ Թորոսյանին Վրաստան մուտք գործելն արգելելու փաստը: Սպասելի է նաև, որ շուտով ջավախքյան իրականության մեջ կհայտնվեն նաև նոր սերնդի գործիչներ, որոնք թրծված կլինեն Ջավախքում և Ջավախքի շուրջ վերջին տասնամյակում ընթացող բավականին հարուստ քաղաքական գործընթացների արդյունքում:

Ներկայումս ջավախքահայը շփոթված է վրացական ուժային կառույցների ճնշումների առջև, նա չգիտի ում դիմել իր տարրական իրավունքների խախտման դեպքում, քանի որ որևէ վստահություն չունի վրաց կառույցների նկատմամբ: Համապատասխան հմտություններ և փորձ ունեցող հայկական իրավապաշտպանական կառույցները պարտավոր են տեղում ծրագրեր իրականացնել` ուղղված ջավախքահայության իրավագիտակցության և իրավական պաշտպանվածության մակարդակի բարձրացմանը: Այս ուղղությամբ կա գործունեության անսահմանափակ դաշտ: Համոզված եմ, որ մոտ է ժամանակը, երբ հայ քաղաքական, լեզվակրթական, կրոնական և մշակութային իրավունքների համար տարվող պայքարի կենտրոնը Երևանից նորից կտեղափոխվի Ջավախք:

Ապագա միտումներ

Խորհրդային իշխանությունների ազգային քաղաքականության արդյունքում կազմավորված բազմազգ Վրաստանն անկախություն ձեռք բերելուց հետո ցանկանում է դառնալ ազգային միատարր պետություն: Սա ինչքան անտրամաբանական, նույնքան անիրականանալի նպատակ է, քանի որ իրենք` վրացիները, փոքրամասնություն են կազմում երկրի էթնիկ այլ տարրերի /հայեր, ադրբեջանցիներ, մեգրելներ, աջարներ, սվաններ և այլն/ նկատմամբ: Վրաստանի` որպես բազմազգ պետության զարգացումը կարող է ընթանալ երկու մոդելով` լիբանանյան կամ շվեյցարական: Առաջինի դեպքում երկրի բաղկացուցիչ ազգություններն անդադար փորձելու են իրենց կամքը պարտադրել մնացածների վրա, հայտնի հետևանքներով: Երկրորդի պարագայում յուրաքանչյուր էթնիկ խումբ իրականացնելու է սեփական զարգացման առաքելությունը` առանց վտանգելու ընդհանուրի կայունությունը: Ներկա պահի դրությամբ Վրաստանն ընթանում է Լիբանանի ճանապարհով և, այդպիսի պայմաններում, ջավախքահայությունն իր ազգային ինքնուրույնության համար պայքարի ուղին ընտրելուց բացի այլընտրանք չունի: Ջավախքը չի հայաթափվելու, այնտեղ կամ ապահովվելու են ջավախքահայության բնականոն զարգացման պայմանները, կամ իրավիճակը մտնելու է ավելի  թեժ փուլ` ներքաշելով տարածաշրջանն անկանխատեսելի զարգացումներով հղի նոր հակամարտության մեջ: Հայությունը պետք է անի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի խուսափի վերջին սցենարով իրավիճակի զարգացումից:

Մեր ազգային գերխնդիրն է, որպեսզի ջավախքահայությունը տարածաշրջանի խնդիրներով շահագրգիռ քաղաքական ուժերին ներկայանա իր ազգային իրավունքներին գիտակից, ընդունելի և տեսանելի ծրագրերով, կայուն և կանխատեսելի գործելաոճով և իր ձեռքը վերցնի Ջավախքի աշխարհաքաղաքական ներուժը տնօրինելու լծակները` հանուն Ջավախքի հայապահպանման ու բարօրության:

Սևակ Արծրունի,

Հայրենադարձության և հիմնավորման «Երկիր» ՀԿ միության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը