Քաղաքական

08.09.2020 15:05


Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հերթական նիստը (տեսանյութ, լրացված)

Ռոբերտ Քոչարյանի և այլ բարձրաստիճան նախկին պաշտոնյաների գործով հերթական նիստը (տեսանյութ, լրացված)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մեկամսյա դադարից հետո վերսկսվել է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին կայացած դատական նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պատրաստվում էր բացարկի միջնորդություն ներկայացնել նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանին։ Սակայն, ինչպես ինքն էր նշել գրավոր ներկայացված դիմումի մեջ, հանկարծակի առաջացած խնդիրների պատճառով նա չէր կարողացել ներկա գտնվել նիստին։

***

Դատարանը հարկ չհամարեց փոխել տուժածների դատավարական կարգավիճակը

Դատարանն անդրադարձավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ դատակոչի ցուցակում ներառված 102 հոգուն որպես գործով վկա հրավիրելու միջնորդությանը: Պաշտպանը նշեց, որ մեղադրող կողմը անհասկանալի չափանիշներով է տուժողներին ընդգրկել դատակոչի ցուցակ։ Նա հիշեցրեց, որ ՀՔԾ-ում քննվող գործով տուժող է ճանաչվել 228 հոգի, ովքեր, ըստ դատախազության, պետք է դատակոչվեին այս նիստին։ Սակայն դատակոչվել են ընդհամենը 102 հոգի։

Նա նաև երկու ցուցակ ներկայացրեց․ մեկում ընդգրկված են տուժող ճանաչված 126 հոգի, ովքեր սակայն դատակոչված չեն, իսկ մյուսում՝ դատակոչված 102 տուժողները։

«Կամ այստեղ տուժող ընդհանրապես չկա, կամ կան 228 տուժող։ Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է որոշվում՝ տվյալ անձը տուժո՞ղ է, թե՞ ոչ, պե՞տք է հարցաքննվի դատարանում, թե՞ ոչ»,-ասաց Ալումյանը։

Մեղադրող կողմը ոչ հիմնավոր համարեց պաշտպանների ներկայացրած փաստարկները և առարկեց միջնորդության դեմ։
Լսելով պաշտպանական և մեղադրող կողմերին՝ դատարանը գտավ, որ տուժածների դատավարական կարգավիճակի որևէ փոփոխության կարիք չկա։
Նշենք, որ այսօրվա դատական նիստին տուժողներն ու նրանց ներկայացուցիչները չեն ներկայացել։

Այս խորագրի վերջին նյութերը