Կարծիք

10.09.2020 16:28


Ո՞վ է ԱՍՀՆ-ի նոր «գորշ կարդինալը»

Ո՞վ է ԱՍՀՆ-ի նոր «գորշ կարդինալը»

ՀՀ ԱՍՀ նախարար Զարուհի Բաթոյանի ղեկավարման շուրջ արկածային սկանդալները չեն պակասում: Դեռ չավարտված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հանձնված և «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ հանդիսացող Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանի «Աղավնաձոր» ուսումնական բազայում 2020 թ. հունիս ամսում կորոնավիրուսով վարակված տարեցների և հաշմանդամություն ունեցող 18 տարին լրացած անձանց շուրջօրյա խնամքի ժամանակ շահառուների և սպասարկող անձնակազմի թունավորման, սննդի մատակարարման հետ կապված 04.07.2020 թ. հարուցված և 14.07.2020 թ. քննչական ենթակայության փոխանցված թիվ 49165220 քրեական գործը (հիշեցնենք, որ ՀՀ ԱՍՀՆ գլխավոր քարտուղարն այդ ժամանակ Զ.Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն էր, որը հավանաբար հենց այս գործի հետ կապված՝ հուլիսին դիմում էր գրել աշխատանքից ազատվելու համար և օգոստոսի սկզբին ազատվել էր աշխատանքից), հիմա էլ նոր սենսացիոն տեղեկություն է բացահայտվում:

2020թվականի մայիսից Զ. Բաթոյանի տասնյակից ավելի տարաբնույթ խորհրդականների ցանկը համալրվում է ևս մեկ խորհրդականով,երիտասարդ կոմպոզիտոր՝ Ալբերտ Աբգարյանով, ով հանրության որոշ մասին հայտնի է «Սերժի Աբո» մականունով: Հիշեցնենք, որ նա 2004 թվականին, ԲՈՒՀ-ն ավարտելով, մինչև 2009 թվականը աշխատել է ՀՀ ԱԺ-ում՝ որպես իրավաբան: Շուրջ 8 տարի՝ 2009-2017 թթ.-ին, աշխատել է ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայությունում:

2013 թ.-ի ՀՀ նախագահի ընտրության ժամանակ հանդիսացել է ՀՀԿ կուսակցության թեկնածու Սերժ Սարգսյանի քարոզարշավի «ԴեպիապահովՀայաստան» երգի հեղինակը: 2017 թվականի ՀՀ ԱԺ ընտրություններում ընդգրկված էր Հայաստանի Հանրապետական կուսակցության նախընտրական ցուցակում:

2018 թվականի մայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նշանակվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալ:

2020 թվականի մայիսին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանով ազատվում է ՀՀ պետական վերահսկողության ծառայության պետի տեղակալի պաշտոնից:

2020 թվականի մայիսին, Զարուհի Բաթոյանի կողմից նշանակվում է ՀՀ ԱՍՀ նախարարի խորհրդական:

Միաժամանակ կույր անձանց «Հարմոնիա» ՀԿ-ի նախագահն է:

Այս ամենը չեինք նշի, եթե չլիներ մեկ այլ հանգամանք: Երկար տարիներ համագործսակցելով նախկին իշխանությունների հետ, հանկարծ 2018-ի ապրիլ-մայիսյան իշխանափոխությունից հետո դառնում է ՞թունդ հեղափոխական՞, «նախկին հանցավոր ռեժիմի դեմ պայքարող», նախկին իր թիմին ուրանալով՝ կրկին տաքուկ ծվարում պետական ապարատում (ՊՎԾ պետի տեղակալ), այս անգամ արդեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ձեռքով: Նախկին մերժված թիմի անդամն այդ ինչպե՞ս դարձավ նոր իշխանությունների սիրելին ու վստահելին:

Ուշագրավ է, որ հենց իր կողմից ներկայացված 2018-2019թթ. եկամուտների հայտարարագրերում, երբ աշխատում էր ՊՎԾ պետի տեղակալ, եկամուտի նկատելի աճ է ունեցել: Չքննելով դրանց օրինականության հարցը (հնարավոր է, որ շատ բարձր պարգևավճարների արդյունք է), որի տրամադրումը իր թիմի անդամներին՝ բնորոշ է իմքայլական իշխանություններին, հարց է առաջանում. եթե այդքան լավ էր աշխատում ՊՎԾ-ում, որ այդքան բարձր աշխատավարձ ու պարգևավճարներ է ստացել, ինչու՞ 2020 թ. մայիսին ազատեցին աշխատանքից:

Նրան ճանաչողներից, նրա հետ աշխատած մարդիկ ասում են, որ նա հայտնի էր իր ինտրիգան բնավորությամբ՝ պավլիկմորոզովյան հատկություններով:Այսօր էլ, սոցիալական մեծ, բարդ ու աշխատատար ոլորտի մասին ընդհանուր պատկերացում չունենալով (հնարավոր է, որ միայն որոշակի պատկերացում ունի հաշմանդամ անձանց իրավունքներից, քանի որ կույր է և կույր անձանց «Հարմոնիա» ՀԿ-ի նախագահն է), սոցապ նախարարությունում այս կարճ ժամանակում աշխատելով, պարզվում է, որ արդեն ստանձնել է այդ նախարարության գորշ կարդինալի դերակատարությունը: Կարծես նա է որոշողը և Զ. Բաթոյանը նախարար է աշխատում իր մոտ:

Իհարկե Բաթոյանի որոշելիքն է, թե ով ու ինչ խորհրդատվություն կապահովի իրեն, բայց թող փորձի պարզել, թե ինչու ՊՎԾ նոր ղեկավարը չցանկացավ նրա հետ աշխատել և թե ինչ կարծիք ունեն պալատական այս նախկին «երգչի» հետ աշխատած նախկին անմիջական ղեկավարներն ու գործի մեջ նրան ճանաչողները:

Պարզ է մեկ բան, իր նախկին տերերին դավաճանողը, օրինաչափ է, որ վաղ թե ուշ կդավաճանի նաև իր նոր տերերին:

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը