Քաղաքական

11.09.2020 10:39


«Իմ քայլի» պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակը, որ վարչապետին ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին

«Իմ քայլի» պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակը, որ վարչապետին ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին

«Իրատես» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը միանշանակ ընդունելը միամտություն է: Իշխող թիմի ներսում, այո, ջրերը մի առվով չեն հոսում, բայց դա չի նշանակում, թե ամեն մի հրաժարական լոկ հետևանք է, այլ ոչ նախադրյալ:

Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու մասին հայտարարությունը միանգամից մի քանի հարց է առաջացնում: Նախ՝ ի՞նչ է այս մասին մտածում Ազգային ժողովի կրթության գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը, որը, բացի հանձնաժողովի նիստերն անցկացնելուց, որևէ հայտարարություն, դիտողություն, քննարկում ու երկխոսություն չի ծավալում: Մանդատը վայրը դնողը, ի վերջո, նրա ղեկավարած հանձնաժողովի անդամ է, արդյոք նա նախապես տեղյա՞կ է եղել, որ Ջուլֆալակյանը նման մտադրություն ունի, փորձե՞լ է երկխոսության կամուրջ լինել և այլն: Պատասխանը միանշանակ բացասական է, քանզի Հայրապետյանի համառ լռությունը ԿԳՄՍ նախարարի հետ ունեցած կոնֆլիկտի մասին է վկայում:

Ջուլֆալակյանի հայտարարությունը կոտրում է նաև «թավշյա» իշխանության այն թեզը, թե իրենք կաշկանդված չեն որևէ հարց բարձրացնելու, թափանցիկ աշխատելու, միմյանց քննադատելու և այլ հարցերում: Գործադիրի աշխատանքը վերահսկող օրենսդիրի ներկայացուցիչները, փաստորեն, «դուխ չունեն» Ազգային ժողովի ամբիոնից, ի տես համայն հպարտների ու արժանապատիվների, ԿԳՄՍ նախարարին «նեղը գցող» հարցեր տալու:

Իհարկե, ողջունելի է, երբ պատգամավորը, ելնելով քաղաքական ու թիմային էթիկայից, մանդատն է վայր դնում, այլ ոչ թե խմբակցությունը լքում, բայց դա ուղղակի վկայությունն է հիերարխիկ համակարգի: Մանդատ նվիրողն էլ Նիկոլ Փաշինյանն է, հետևաբար, մանդատը ոչ թե պատգամավորինն է, այլ վարչապետինը:

«Ի՞նչ կփոխվի Արսեն Ջուլֆալակյանի գնալով» հարցի պատասխանը, թերևս, միայն Նիկոլ Փաշինյանը գիտի: Բովանդակային առումով, իհարկե, ոչինչ, բայց տեղաշարժեր, ամեն դեպքում, սպասելի են:

«Լուսավոր Հայաստանի»՝ Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցն օրակարգային դարձնելուն զուգահեռ, հասարակական-քաղաքական մի խումբ գործիչներ պահանջում են նախարարի հրաժարականը: Նրանք փողոցային պայքար են սկսել, պարբերաբար ցույցեր ու երթեր են կազմակերպում, Հարությունյանի նկարով պաստառներն աղբարկղ նետում և այլն:

Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու հանգամանքը վարչապետի համար գուցե ամենահուժկու ալիբին է՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհի թփուտները «Մովսեսի գավազանով» բացած Հարությունյանին պաշտոնանկ անելու համար: Իսկ եթե պատգամավորը, ամեն դեպքում, ազնիվ է իր հայտարարություններում, ու նախարարի հետ նույն թիմում գտնվելն իսկապես անհնարին է, ապա իշխանության ներկայացուցիչները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, իրավիճակի հետ առերեսվելու լրջագույն խնդիր ունեն:

Խորհրդային քաղբյուրոյի անդամի նման առաջնորդի ամեն խոսքից հետո ծափահարելու կարևորագույն առաքելությունը ստանձնած «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեջ կգտնվի՞ գեթ մեկ համարձակ, որը գործադիրի՝ իրենց իսկ ընտրած ղեկավարին շատ ուղիղ հարց կտա՝ ո՞ր արժանիքի համար է ատամներով պահում Արայիկ Հարությունյանին: Գուցե հայրենագիտական առարկաների գլխին քար գցելու ազգադավ ծրագի՞րն է նրան դուր եկել, թե՞ հոգին փառավորվել է՝ տեսնելով, թե ինչպես են պատանիները դդում գլխով նախարարի խրտվիլակ պատրաստել: Կամ էլ՝ Հարությունյանի դիրիժորական հնարքներն է սիրում ու առանց նրա խմբավարության իր կաբինետը չի պատկերացնում»։

Այս խորագրի վերջին նյութերը