Քաղաքական

12.09.2020 10:23


Հայտնի է ՍԴ անդամների ընտրության օրը. թեժ նիստ է սպասվում․ «Ժողովուրդ»

Հայտնի է ՍԴ անդամների ընտրության օրը. թեժ նիստ է սպասվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը կրկին հավաքվել եւ նիստ է արել, սակայն Սահմանադրական դատարանի անդամների ընտրության շուրջ կրքերը չեն հանդարտվում: Նախ նշենք՝ Սահմանադրական դատարանի անդամների ընտրության օրը հայտնի է:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Սահմանադրական դատարանի երեք անդամների ընտրությունը կկայանա հենց սեպտեմբերի 14-ին՝ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկի առաջին օրը: Ընդ որում, երեք անդամների ընտրության հարցը քննարկվելու է նիստի ամենասկզբում, եւ քվեարկությունն էլ կկատարվի նույն օրը:

Ինչպես հայտնի է, մինչեւ այժմ բուռն քննարկումներ էին ընթանում հատկապես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու, Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանի թեկնածության շուրջ, ում մասին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը բացասական եզրակացություն էր տվել:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նրա մասով քննարկումները երեկ կրկին թեժ են եղել, եւ խմբակցությունը վերջնական որոշում այդպես էլ չի կայացրել. չի բացառվում, որ կոնկրետ այս թեկնածուի մասով ազատ քվեարկություն տեղի ունենա: Իսկ, ահա, նախագահի կողմից առաջադրված Արթուր Վաղարշյանի թեկնածությունն «Իմ քայլ»-ի համար ի սկզբանե էր տարօրինակ եղել, եւ երեկ որոշում է կայացվել դեմ քվեարկել նրան, եւ չնայած կառավարության կողմից առաջադրված թեկնածու Էդգար Շաթիրյանի հարցը խորհրդարան հասավ միայն երկրորդ փորձից հետո, սակայն նրա հանդեպ դրական տրամադրվածություն է առկա, եւ նա միանշանակ կընտրվի այդ պաշտոնում:

Հավելենք, որ «Աժ կանոնակարգ» օրենքի 141-րդ հոդվածի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով: 132 պատգամավոր ունեցող այս խորհրդարանի պարագայում այդ թիվը 79 է կազմում: Այսինքն՝ այդքան պատգամավոր պետք է կողմ լինի թեկնածուին, որպեսզի նա դառնա Սահմանադրական դատարանի դատավոր: Այս պահին միանշանակ է, որ երեք թեկնածուներից ընտրվելու է Էդգար Շաթիրյանը»:

Այս խորագրի վերջին նյութերը