Քաղաքական

14.09.2020 11:05


ԼՂ անվտանգություն, ինքնորոշման իրավունքի ճանաչում. Մնացականյանը ներկայացրել է ՀՀ գերակայությունները

ԼՂ անվտանգություն, ինքնորոշման իրավունքի ճանաչում. Մնացականյանը ներկայացրել է ՀՀ գերակայությունները

Հայաստանի գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովմանը և ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը՝ առանց սահմանափակումների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը՝ պատասխանելով «Սքայ Նյուզ Արաբիյա»-ի լրագրողի հարցին:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, մեր հայրենակիցների՝ Արցախի հայերի կարևոր էքզիստենցիալ հարցերը շարունակում են մնալ մեր ուշադրության կենտրոնում: Մեր ուշադրությունը և մեր գերակայությունները վերաբերում են Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների ֆիզիկական անվտանգության ապահովմանը և կարգավիճակի խնդրին՝ ինքնորոշման իրավունքի ճանաչմանը և դրա իրականացմանը` առանց սահմանափակումների: Հանգուցալուծման առումով մեր կարևորագույն առաջնահերթությունների առանցքում ընկած է անվտանգությունը: ԵԱՀԿ Մինսկ խմբի համանախագահությունը, որը բաղկացած է Ֆրանսիայից, Ռուսաստանից և ԱՄՆ-ից, եղել և մնում է միակ կարևոր միջազգային հարթակը, ձևաչափը, որի շրջանակներում էլ մենք փորձում ենք լուծել այս հակամարտությունը: Հակամարտության լուծումը կարող է հիմնված լինել փոխզիջման վրա, իսկ փոխզիջում նշանակում է, որ կողմերից յուրաքանչյուրը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի դեպի հավասարակշռված, չափելի լուծում, որը կհասցեագրի բոլորի շահերը»,-ասել է Մնացականյանը:

Նա հավելել է, որ չի կարող լինել «միայն իմ ճանապարհով» լուծում: ՀՀ ԱԳ նախարարը կարծիք է հայտնել, որ այս առումով մենք ականատես ենք լինում այս հակամարտության նկատմամբ միջազգային հանրության զգայունությանը: «Բոլոր հակամարտությունները տարբեր են։ Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, ապա այն ունի իր առանձնահատկություները, պատմությունը, նրբությունները և կարևոր տարբերությունները: Այս շրջանակներում էլ մենք բարձր ենք գնահատում մեր բոլոր գործընկերների շատ զգուշավոր մոտեցումը բացառապես խաղաղ հանգուցալուծմանը»,-ընդգծել է Զոհրաբ Մնացականյանը:

ԱԳ նախարարը շեշտել է, որ ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում: «Մենք կարող ենք պնդել դա, քանի որ Հայաստանը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու, Արցախը ունի բոլոր կարողությունները պաշտպանվելու: Կա Արցախի մեր հայրենակիցների անվտանգության միայն մեկ երաշխավոր, և դա Հայաստանն է: Մենք վճռական ենք այդ պաշտպանության հարցում, և հենց այդ վստահությամբ և ընկալմամբ է, որ մենք մերժում ենք ռազմական լուծման որևէ փորձ: Այս տրամաբանության շրջանակներում մենք լավ ընկալում ունենք մեր բոլոր գործընկերների մոտ, և մենք ունենք նաև մեր միջազգային գործընկերների շատ զգուշավոր, պատասխանատու ըմբռնումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքի և տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանն ուղղված իրենց ջանքերի հանդեպ: Այդ առումով Եգիպտոսը մեզ համար շատ կարևոր գործընկեր է»,-նշել է Զոհրաբ Մնացականյանը:

***

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը կարծում է, որ Թուրքիայի գործողությունները Կովկասում խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարը նման կարծիք է հայտնել Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ մամուլի ասուլիսի ընթացքում:

«Սքայ Նյուզ Արաբիյա»-ի լրագրողի հարցին ի պատասխան ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ հայ-ադրբեջանական սահմանին հուլիսին տեղի ունեցած բախումների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով:

«Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը: Մենք վճռական ենք մեր պաշտպանության մեջ և մենք վճռական ենք ժխտելու ուժի դրսևորման, ագրեսիվ և ապակայունացնող բնույթի ցանկացած քաղաքականություն, որը ուղղված է ազդեցության տարածման, որն իր էությամբ ագրեսիվ է և ապակայունացնող: Մենք ականատես ենք լինում ազդեցության տարածման այս քաղաքականությանն Արևելյան Միջերկրականից մինչև Հյուսիսային Աֆրիկա և Մերձավոր Արևելք, ինչպես նաև Հարավային Կովկաս: Նմանօրինակ քաղաքականությունը ամենևին էլ ողջունելի չէ»,-ասել է Մնացականյանը:

Այս խորագրի վերջին նյութերը