Քաղաքական

15.09.2020 11:31


Անդրանիկ Քոչարյանի ասածը պրիմիտիվ սուտ է․ Բագրատ Միկոյան

Անդրանիկ Քոչարյանի ասածը պրիմիտիվ սուտ է․ Բագրատ Միկոյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրատվամիջոցի հետ զրույցում հայտարարել է, թե իր տեղեկություններով, ժամանակին Ռոբերտ Քոչարյանը 600 մլն դոլար է ներդրել «Սիստեմա» ԲՖԿ կապիտալի մեջ։ Պատգամավորի ելույթը մեկնաբանելու համար Yerevan.Today-ը դիմեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանին։

«Դա պրիմիտիվ սուտ է։ Բացատրեմ, թե ինչու։

Հայտնի է, որ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիան հրապարակային ընկերություն է։ Արդեն մի քանի տարի է, ինչ այն ներկայացված է ինչպես Մոսկվայի, այնպես էլ Լոնդոնի բորսաներում, և նրա գործունեությունը բացարձակապես հրապարակային է։ Որևէ գաղտնի գործարքի, բաժնեմասի գնման, փայատիրոջ հայտնվելու հետ կապված որևէ տեղեկատվության գաղտնիություն պարզապես բացառված է «Սիստեմայի» պարագայում։ Ցանկության դեպքում յուրաքանչյւր ոք կարող է տեղեկատվություն ստանալ այս կորպորացիայի յուրաքանչյուր գործարքի մասին բաց աղբյուրներից։

Ելնելով ասածիցս, Ձեր նշված մարդու հայտարարության պարագայում երկու տարբերակ կա․ կա՛մ նա այսօր-վաղը հաստատում է իր հրապարակած տեղեկությունը փաստաթղթով և ապացուցում Ռոբերտ Քոչարյանին պատկանող որևէ էական բաժնեմասի առկայությունը, կա՛մ հասարակությունը լիաժեք իրավունք է ստանում նրան հաստատված սուտասան համարել։ Գուցե՝ բամբասանքչի, ում ինչպես հարմար է։

Մի հանգամանք ևս։ Ցավում եմ, որ նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող մարդը չգիտի, որ կորպորացիաներում անկախ տնօրենի պաշտոն ի սկզբանե կարող է զբաղեցնել միայն այն անձը, որը կապված չէ ընկերության հետ փայատիրական հարաբերություններով, հակառակ դեպքում, այդ տնօրենի անկախությունը երաշխավորել չի լինի։

Իսկ ընդհանուր առմամբ, այս դիպվածի մեջ զարմանալի ոչինչ չկա․ Անդրանիկ Քոչարյանը այնպիսի դարակազմիկ կեղծիքների հեղինակ է, որ այս մեկը կարելի էր նույնիսկ չնկատել»,-ասաց երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողը։

Այս խորագրի վերջին նյութերը