Քաղաքական

17.09.2020 11:07


ԱԺ 84 պատգամավոր դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու առաջարկին

ԱԺ 84 պատգամավոր դեմ քվեարկեց Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության հարցը բարձրացնելու առաջարկին

ՀՀ ազգային ժողովը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջարկը՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԿԳՄՍ նախարարի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին ԱԺ որոշման նախագիծն ԱԺ նիստում ստացավ 35 կողմ, 84 դեմ ձայներ:

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը հետաքրքրվեց, թե ինչու նախարարը չի եկել քվեարկությանը: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտնեց, որ նախարարն իր հետ կապ է հաստատել: «Եվ ես ասել եմ, որ գալու կարիք չկա՝ հարցի ցանկացած լուծման դեպքում: Ցանկացած դեպքում նախարարին այս սեպտեմբերյան օրերին գործից կտրելն իմ պատասխանատվությամբ համարել եմ ոչ նպատակահարմար»,-ասաց Միրզոյանը:

«Բարգավաճ Հայաստան»-ը հայտնել էր՝ միանում են ԼՀԿ-ի առաջարկին:

ԲՀԿ-ից Իվետա Տոնոյանը քվեարկությունից առաջ շեշտեց՝ «Բարգավաճ Հայաստան»-ը բացարձակ անհարիր է համարում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ նախօրեին ԱԺ ամբիոնից հնչեցրած ավարտական հատվածը, ինչպես նաև դրան հաջորդած գնահատականները՝ թե գրառումների, թե մնացած գնահատականների մասով: «Մենք վերահաստատում ենք, որ Հարությունյանի պաշտոնավորման նպատակահարմարությունը չենք տեսնում»,-նշեց նա՝ բերելով իրենց հիմնավորումները:

«Իմ քայլը»-ից Լիլիթ Մակունցը շեշտեց. «Ամիսներ շարունակ հետևողական սուտ և կեղծ տեղեկատվություն տարածողները բարեկրթության մասին գնահատականներ տալիս առաջին հերթին պետք է տան իրենց խմբակցության շատ կոնկրետ պատգամավորի՝ Գևորգ Պետրոսյանին, որը ընդհանրապես որևէ բարեկրթության սահման և նորմ չի պահպանում՝ տարածելով կեղծ և սուտ տեղեկատվություն»:

«Լուսավոր Հայաստան»-ի հարցապնդմանը սեպտեմբերի 16-ի ԱԺ նիստում պատասխանել էր հենց նախարարը: Հարությունյանը, մասնավորապես, նշել էր,որ նախարարությունն ունի բարեփոխումների իր ժամանակացույցը, որը կարող է շտկվել, հղկվել խելամիտ և կառուցողական առաջարկների դեպքում, բայց ոչ երբեք տարբեր խմբերի կողմից ներքաղաքական նպատակներով կրթական կամ մշակութային ոլորտներում՝ ֆորսաժների և արագացումների կամ դանդաղումներ հարուցելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը