Քաղաքական

18.09.2020 11:51


Նիկոլ Փաշինյանը սկանդալային գործարքի է գնում

Նիկոլ Փաշինյանը սկանդալային գործարքի է գնում

Hayeli.am-ի տեղեկություններով Երևանի քաղաքապետարանը պատրաստվում է շինարարության թույլտվություն տալ Մանումենտի տարածքում երկու բարձրահարկ բնակելի շենքերի կառուցման համար։ Նորակառույց բարձրահարկերը կառուցվելու են Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների տնից ոչ այնքան հեռու գտնվող հողատարածքում։ Նախագիծը նախնական համաձայնություն արդեն ստացել է, առաջիկայում կտրվի նաև շինթույլտվությունը։ Սա սկանդալային գործարք է, որին գնալով քաղաքապետ Հայկ Մարությանն ըստ էության անտեսում է մի շարք լուրջ խնդիրներ։ Նախ ԱԱԾ ընդունելությունների տան շրջակայքում բարձրահարկ բնակելի շենքի առկայությունը անթույլատրելի է, քանի որ նորակառույց շենքի բարձրադիր դիրքը խոցելի է դարձնում ընդունելությունների տունը։ Հենց այս հանգամանքով է պայմանավորաված այն փաստը, որ տարածքը, որտեղ կառուցվելու են բարձրահարկերը, նախկինում զերծ է մնացել կառուցապատումից։ Եթե ԱԱԾ-ն այժմ աչք է փակում երկու բարձրահարկերի կառուցման նախագծի վրա և չի փորձում իր լծակներով արգելակել նախագծերի ընթացքը, կնշանակի իշխանությունների պլաններն ավելի հեռուն գնացող են և սոսկ բարձրահարկերի կառուցմամբ չեն սահմանափակվում։ Տեղեկություններ կան, որ հաջորդաբար կարող է օտարվել ԱԱԾ ընդունելությունների տունը, որն համարվում է կառվարական լավագույն շինություններից մեկը։ Գնորդը ռուսատանաբնակ մեծահարուստ հայ է, որը, ըստ տեղեկությունների պատրաստ է շատ լուրջ գումար վճարել այդ քառահարկ շքեղ շինության համար։ Իշխանություններն էլ, հաշվի առնելով առաջարկվող գինը, որոշել են գնալ այդ գործարքին։

Վերադառնալով բնակելի բարձրահարկերի նախագծին՝ նկատենք, որ քաղաքապետարանն իրավունք չունի առանց Երևանի քաղաքաշինական խորհրդի համաձայնության և նախագծի հանրային քննարկման նման շինթույլտվություն տալ։ Բացի այդ, տարածքում չկան բավարար ենթակառուցվածքներ․ խմելու ջրի և կոյուղու համակարգի հարցը հարակից սեփական տների համար անգամ լիովին լուծված չէ։ Բարձրահարկերի կառուցումը ենթակառուցվածքների վերջնական կոլապս կառաջացնի՝ դրանից բխող հավելյալ խնդիրներով։

Հատկանշական է, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո, երբ քննարկվում էր ՀՀ երրրոդ նախագահին պետության կողմից առանձնատուն հատկացնելու հարցը, մամուլում տեղեկություններ եղան, թե Սարգսյանը ցանկություն է հայտնել ստանալ Մոնումենտում՝ Բաբայան փողոցում գտնվող Ազգային անվտանգության ծառայության ընդունելությունների քառահարկ տունը : Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան տեղեկացրել էր վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը և ավելացրել, թե կառավարությունը չի պատրաստվում բավարարել Սերժ Սարգսյանի այս ցանկությունը: «Քննարկվում էր ԱԱԾ ընդունելությունների տան տարբերակը, որը չընդունվեց մեր կողմից: Վարչապետը չընդունեց այդ տարբերակը եւ առհասարակ նպատակահարմար չգտանք: Նպատակահարմար չգտանք տալ, քանի որ համեմատած նախորդ երկու նախագահներին տրամադրված գույքի, սա շատ մեծ էր»,-ՀԺ-ին ասել էր Աղաջանյանը։

Նախկին նախագահ Սերժ Սարգսյանին պետությունն այդպես էլ օրենքով հասանելիք տունը չի հատկացրել։ Փաստորեն դեռ այն ժամանակ էլ, ինչպես երևում է Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի մեկնաբանությունից, կառավարությունը դեմ չի եղել, որ ԱԱԾ ընդունելությունների տունը դառնա բնակելի։ Խնդիրն եղել է տան մեծությունը, այդ պատճառով էլ Փաշինյանը այն չի հատկացրել Սերժ Սարգսյանին։ Ուրիշ բան, եթե այդ առանձնատանը լավ գին տվող կա։ Փաստորեն, Նիկոլ Փաշինյանը դեմ չէ վաճառել։

Այս խորագրի վերջին նյութերը