Քաղաքական

18.09.2020 13:43


Եթե Փաշինյանն ի վիճակի չէր պետություն կառավարել, ինչո՞ւ խաբեց մեզ. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Եթե Փաշինյանն ի վիճակի չէր պետություն կառավարել, ինչո՞ւ խաբեց մեզ. ակցիայի մասնակից (տեսանյութ)

Մեր մասին ո՞վ պետք է մտածի, այս կարանտինի ընթացքում վարչապետը Սահմանադրություն է փոփոխում, դատավոր է փոփոխում, բերում անօրինական պաշտոններին է նստեցնում: Եթե նա ի վիճակի չէր պետություն կառավարել, ինչի՞ մեզ խաբեց, ինչի՞ մեզ այս վիճակի մեջ դրեց: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարողներից մեկը:

Նշենք, որ Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիաներ են անում հագուստի և կոշիկի ներկրմամբ և վաճառքով զբաղվող տնտեսավարողները։ Նրանք բողոքում են Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններից, որոնց արդյունքում ստիպված են ներկրված ապրանքն ավելի բարձր գնով մաքսազերծել։ Նշում են, որ այս պարագայում ստիպված են լինելու 6 անգամ ավելի թանկ վաճառել ապրանքը, իսկ գնորդներն այդքան հնարավորություն չունեն։

«Նա պետք է կառավարի, տիրություն անի իր երկրի ժողովրդին, պետք է այնպես անի, որ մարդիկ գոյատևեն, ոչ թե վերջին հացը ձեռքներից խլի: Ինքը խոսք էր տալիս, ինքը մեզ հետ էր՝ «ժողովուրդ ջան, ես ձեզ հետ եմ, Հայաստանը մենք ենք, մեր ժողովուրդն է », իսկ ո՞ւր է հիմա: Մենք պահանջում ենք՝ նա մեզ միանա»,-ասաց նա:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ ակցիայի նպատակը գումար ուզելը չէ, այլ պահպանելն է այն, ինչ կա, քանի որ այդպես են նրանք լցնում պետական բյուջեն, իսկ Նիկոլ Փաշինյանն այնպես է անում, որ ժողովուրդը հեռանա:

«Մենք ասում ենք՝ եկեք միացեք մեզ, մենք Ձեր հետ ենք եղել, Դուք էլ պարտավոր եք մեզ հետ լինել: Տարիներ առաջ Ձեր ուսապարկով մեզ հետ էիք, հիմա ի՞նչ եղավ ուսապարկը, ի՞նչ եղան խոստումները, թե ով, որ վերևում է նստում, մոռանում է ամեն ինչ, մի՛ մոռացեք, եկե՛ք»,-շեշտեց ակցիայի մասնակիցը:

Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը