Լրահոս

18.04.2011 08:42


Ապրիլի 21-22-ի գիշերը կդիտվի Լիրիդների ասուպային հոսքը

Մոտենում է Լիրիդների ասուպային հոսքի առավելագույն փուլը, որը կդիտվի ապրիլի 21-22-ի գիշերվա երկրորդ կեսին Քնարի (Լիրայի) համաստեղության ուղղությամբ (Կարապի համաստեղության հարևանությամբ)` երկնքի ամենապայծառ աստղերից մեկի` Վեգայի մոտ: Այդ տիրույթում է գտնվում ասուպային հոսքի կենտրոնը, որն աստղագիտության մեջ կոչվում է ռադիանտ: “Ընկնող աստղերի” Լիրիդների հոսքն արդեն սկսվել է և ընդհանուր առմամբ տևում է 10 օր` ապրիլի 16-26, սակայն մաքսիմումից բացի մյուս օրերին այն բավական թույլ է: Ընդհանրապես, Լիրիդները հզոր ասուպային հոսքերից չեն, բայց դիտումների համար նրանք հետաքրքիր կլինեն երեք և կես ամիս ասուպային “լռությունից” հետո: Հոսքի ինտենսիվությունը մաքսիմումում կհասնի ժամում 10 ասուպի: Լիրիդներն ունեն երկու առանձնահատկություն. 1) նրանց դիտումները սկսվել են դեռևս 2600 տարի առաջ, ինչն ամենահինն է բոլոր ասուպային հոսքերի մեջ և 2) նրանք ժամանակ առ ժամանակ բռնկում են ցուցաբերում` հասնելով ժամում մինչև 100 ասուպ, ինչի պատճառները հայտնի չեն: Հիշեցնենք, որ ասուպային հոսքերն առաջանում են, երբ Երկիրը` Արեգակի շուրջն իր ուղեծրով շարժվելով հանդիպում է երկնաքարերի խմբի, և վերջիններս` թափանցելով Երկրի մթնոլորտ, այրվում են և “ընկնող աստղեր” հիշեցնող հետքեր թողնում: Սովորաբար երկնաքարերի չափերը շատ փոքր են, և նրանք ամբողջովին այրվում են` չհասնելով Երկրի մակերևույթին, և միայն հազվագյուտ դեպքերում է որևէ երկնաքար ընկնում Երկրի վրա, ինչը կարող է տեղական աղետ առաջացնել: Երկրի ճանապարհին հանդիպող երկնաքարերի խմբերը սովորաբար նույնացվում են որևէ գիսավորի հետ, որոնց նյութից դրանք առաջանում են: Օրինակ, Լիրիդների հոսքի սկզբնաղբյուրը Թետչերի գիսավորն է: Ընդհանրապես ասուպներ կարող են դիտվել ամեն օր, սակայն ասուպային հոսքերի օրերին դրանց թիվը կտրուկ ավելանում է, ինչպես նաև հոսքի բոլոր ասուպները որպես կանոն “ելնում” են երկնքի որոշակի տիրույթից (ռադիանտից): Երբեմն դիտվում են առանձնահատուկ ինտենսիվ հոսքեր, որոնք կոչվում են ասուպային (աստղային) անձրևներ, ասուպային բռնկումներ, ասուպային փոթորիկներ կամ “աստղաթափեր”, երբ 1 ժամում կարող են դիտվել 1000-ից ավելի ասուպներ: Տարվա ընթացքում դիտվում է շուրջ 20 ասուպային հոսք, որոնցից հատկապես ինտենսիվ են Քվադրանտիդները, Պերսեիդները, Լեոնիդները և Գեմինիդները:

Այս խորագրի վերջին նյութերը