Քաղաքական

22.09.2020 13:10


Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին․ դատական հերթական նիստը շարունակվում է (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին․ դատական հերթական նիստը շարունակվում է (տեսանյութ)
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։ Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Սեյրան Օհանյանը, Արմեն Գևորգյանը և Յուրի Խաչատուրովը։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը նախորդ նիստին կրկին միջնորդեց, որ դատարանը պահանջի քննիչից տրամադրել մարտի 1-ի մայր գործի նյութերը ամբողջական ծավալով, որն առկա է 2008 թվականի մարտից մինչ այս պահը։ 600 հատոր կազմող գործից անջատված մասով փաստաբաններին տրամադրվել է ընդամենը 79 հատոր։
Դեռևս 2019 ապրիլին պաշտպան Հովհաննես Խուդոյանը միջնորդել է գործի նյութերն ամբողջությամբ տրամադրել, սակայն քննիչը մերժել է` պատճառաբանելով, որ պաշտպանական կողմին Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվող արարքները ապացուցող բոլոր փաստաթղթերը ներկայացվել են։
Ըստ Խուդոյանի՝ քննիչը ընտրել է միայն այն հատորները, որտեղ կան նյութեր, որոնք կարող են օգտագործվել Ռ․ Քոչարյանի դեմ, ինչը քննիչը չի էլ թաքցրել։ Մինչդեռ գործի նյութերում կան բազմաթիվ ցուցմունքներ և ապացույցներ, որոնցով սույն գործով անցնող անձանց առաջադրված մեղադրանքը կարող է հերքվել, և նրանք կարող են արդարացվել։ Օրինակ, գործում կան ապացույցներ և փաստական տվյալներ, որ 2008 թ․ մարտի 1-2-ին կազմակերպված հանրահավաքները խաղաղ չեն եղել։ Չտրամադրված նյութերի մեջ կան նաև կարևոր տեղեկություններ Երկրապահ կամավորական միության այդ օրերի գործունեության վերաբերյալ, որոնք և պատճառ են դարձել, որ Ռ․ Քոչարյանը 2008 թ․ փետրվարի 23-ին խորհրդակցություն հրավիրի։ Պաշտպաններին տրամադրված գործերի մեջ առկա է ընդամենը ԱԱԾ-ի երեք տեղեկանք այն մասին, թե ինչ էր կատարվում ԵԿՄ-ում։
Պաշտպան Խուդոյանի խոսքով, առանց ամբողջական նյութերի տրամադրման անհնար է արդյունավետ պաշտպանություն կազմակերպել և, որ ամենակարևորն է, խախտվում է դատավարական կողմերի մրցակցության սկզբունքը։ Հ․ Խուդոյանը դատարանին ներկայացրեց մի քանի օրինակ Վճռաբեկ դատարանի և ՄԻԵԴ պրակտիկայից` ընդգծելով, որ գործի ամբողջական նյութերի տրամադրման մերժումը խախտում է կողմերի մրցակցության սկզբունքը և Քրեական դատավարության օրենսգրքի պահանջները։
Նմանատիպ միջնորդություն ներկայացրեց նաև Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը։ Միջնորդությանը միացան Ռոբերտ Քոչարյանի մյուս փաստաբանները, ինչպես նաև Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի պաշտպանները։
Մեղադրող կողմն իր կարծիքը ներկայացնում են այսօրվա դատական նիստին։
Իսկ մինչ նիստը սկսվելը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մոտեցավ դատարանի բակում գտնվող իր աջակիցներին, ովքեր նրան դիմավորեցին ծափահարություններով և «Քոչարյան հերոս» վանկարկումով։
«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ձեր ակտիվ աջակցության համար. դա և՛ ուժ է հաղորդում, և՛ տոկություն։ Բայց նաև պետք է ասեմ, որ այս անիմաստ դատը բավական երկար է տևելու։ Ասել եմ, որ իմ օրացույցից երեքշաբթի օրը ջնջված է, որովհետև անիմաստ օր է, և չեմ ուզում եմ, որ ձեր օրացույցում էլ նույնը լինի։ Ես կխնդրեմ արևի տակ չկանգնել, ուղղակի գնալ տուն։ Այս անիմաստ դատը մտել է ռուտինայի մեջ, երկար է տևելու։ Խնդրում եմ՝ ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր գործերով»,-ասել է Ռոբերտ Քոչարյանը։
***
Դատարանը հետաձգեց պաշտպանական կողմի միջնորդության լուծումը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հետաձգեց է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի՝ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ տրամադրելու միջնորդության լուծումը մինչև սույն գործում առկա բոլոր ապացույցների հետազոտումը։
Դատարանը գտել է, որ դատավարության ներկա փուլում հնարավոր չէ անդրադառնալ մեղադրանքի հիմքում ընկած փաստերին և դրանց վերաբերող ապացույցներին, նախքան դրանց պատշաճ հետազոտելը դատավարության ընթացքում, և այս փուլում հնարավոր չէ գնահատական տալ պաշտպանների միջնորդության հիմքում ընկած փաստարկները։
Պաշտպան Հայկ Ալումյանը հայտարարեց, որ այս որոշմամբ դատարանը զրկում է պաշտպանական կողմին գործի բոլոր նյութերին ծանոթանալու հնարավորությունից։
«Եթե դատարանը հիմա վերջնական որոշում կայացներ և պահանջեև այդ նյութերը, ապա մինչ առկա նյութերի և դատակաչված անձանց ցուցմունքերի հետազոտման ավարտը, մենք հսացրաց կինեինք ծանոթանալ գործի բոլոր նյութերին։ Իսկ միջնորդության լուծման հետաձգումը նշանակում է, որ եթե դատարանը բավարարի միջնորդությունը այդ փուլում, ապա դատարանն ստիպված է լինելու մեզ մի քանի ամիս կամ նույնիսկ մի տարի ժամանակ տալ դրանց ծանոթանալու համար»,-ասաց Ալումյանը։ Բացի այդ, կարող է անհրաժեշտություն առաջանալ դատակոչված անձանց կրկին հրավիրել դատարան հարցաքննության։
Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը փաստեց, որ մինչ այս պահը ներկայացված պաշտպանական իրավունքի իրացման և արդար դատաքննության վերաբերյալ բոլոր միջնորդությունները դատարանը մերժել է։
Նշենք, որ մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջական ծավալով պահանջել է նաև տուժող Սերգեյ Եղիազարյանի ներկայացուցիչ Էդուարդ Ասլանյանը։
Կարճատև ընդմիջումից հետո դատական նիստը շարունակվում է։

Այս խորագրի վերջին նյութերը