Քաղաքական

24.09.2020 09:06


Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական մեկնաբանությունը

Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական մեկնաբանությունը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան կոչ է անում հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, ոչ թե ադրբեջանական լրատվակայքերի մեկնաբանությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական լրատվական կայքերը տեղեկություն են տարածել, թե իբր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում Ադրբեջանի Միլլի Մեջլիսի ղեկավար Ս. Գաֆարովայի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ընթացքում հայտարարել է, որ «Ռուսաստանը կողմ է արտահայտվել արցախյան 5 շրջանների՝ Ադրբեջանին վերադարձին», և որ «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը Ղարաբաղյան հիմնահարցի վերաբերյալ խոչընդոտում է խաղաղ գործընթացի կարգավորմանը»։

Հատկանշական է, որ ոչ ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրության, և ոչ էլ հանդիպման տեսանյութում նման որևէ միտք չի հնչում, տեղեկատվության միակ աղբյուրը՝ ադրբեջանական պետական քարոզչությունը սպասարկող լրատվակայքերն են։

Ամենշաբաթյա բրիֆինգում հարցին անդրադարձել է նաև Մարիա Զախարովան՝ հայտնելով, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ Նախարար Լավրովի կողմից չի արվել նախկինում չբարձրաձայնված որևէ նոր հայտարարություն։

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բոլորը շատ լավ գիտեն, և խնդրում եմ առաջնորդվել հենց այդ դիրքորոշմամբ, այլ ոչ թե տարբեր մեկնաբանություններով, որոնք անում է ոչ ռուսական կողմը»,-եզրափակել է Զախարովան:

Զախարովան նաև կոչ է արել հիմք ընդունել ՌԴ ԱԳՆ պաշտոնական հայտարարությունը, այլ ոչ՝ ադրբեջանական կողմի մեկնաբանությունները։

ՌԴ ԱԳՆ տարածած պաշտոնական հայտարարության մեջ 5 շրջանների վերադարձի մասին որևէ միտք առկա չէ։

Այս խորագրի վերջին նյութերը