Քաղաքական

24.09.2020 19:03


Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն

Վազգեն Մանուկյանը մեկնաբանել է Խոդորկովսկու «Դոսյե»-ն

Խոդորկովսկու հրապարակած այդ ամբողջ «դոսյեն» քննարկելու նպատակ ես չունեմ: Խոդորկովսկին հայտնի պատճառներով պայքարում է Պուտինի և Կրեմլի դեմ, և բնական է, որ օգտագործում է ցանկացած միջոց: Դա իր գործն է: Այս մասին VERELQ-ի հետ զրույցում ասել է Հանրային խորհրդի նապկին նախագահ Վազգեն Մանուկյանը:

Այդուհանդերձ, շարունակել է նա, այդ նյութի մեջ խոսք է գնում նաև «Լազարյան ակումբի» մասին, որտեղ նշվում է, թե ակումբը սերտորեն համագործացում է Կրեմլի հետ:

«Նախ ասեմ, որ ակումբում ընդգրկված են վաստակ ունեցող, անվանի տասնյակ մարդիկ, բայց տվյալ նյութում, որպես օրինակ, միայն մի քանի անուն է նշված, այդ թվում և իմ անունը (հասկանալի է, որպես հանրությանը հայտնի անուն է նշվել): Ակումբում ընդգրկված են հայ և ռուս մտավորականներ, քաղաքական-հասարակական գործիչներ, գործարարներ, և ակումբի նպատակը ոչ ֆորմալ կապերի հաստատումն է երկու երկրների տարբեր ոլորտների ներկայացուցիչների միջև՝ գիտնականներ, մշակույթի գործիչներ, պետական, քաղաքական-հասարակական գործիչներ, բիզնես ոլորտի ներկայացուցիչներ և այլն: Առհասարակ, երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման գործում կարևոր են ոչ միայն պետական-դիվանագիտական, խորհրդարանական կապերը, այլև հանրային տարբեր մակարդակներում գոյություն ունեցող շփումները: Օրինակ, ՀՀ Հանրային խորհուրդը, լինելով հանրային խորհուրդների միջազգային ասոցիացիայի անդամ, առանձին նաև երկկողմ համագործակցության հուշագրեր էր ստորագրել Չինաստանի, Ռուսաստանի, Հունաստանի, Բրազիլիայի և այլ երկրների հետ ու ակտիվորեն աշխատում էր այդ երկրների հանրային խորհուրդների հետ»,-նշեց նա:

Մանուկյանը նշել է, որ որպես ՀԽ նախագահ՝ ժամանակին խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, որպեսզի Հայաստանն ակտիվացնի համագործակցությունը «Լազարյան ակումբի» հետ և օգտվի այն հնարավորություններից, որ ընձեռում է ակումբը՝ քաղաքական, տնտեսական և Ռուսաստանի հասարակության վերնախավի հետ սերտ կապեր հաստատելու առումով:

«Ընդ որում, աշխարհաքաղաքական հարցերում «Լազարյան ակումբի» դիրքորոշումն ամբողջովին համապատասխանում է Հայաստանի ու Արցախի շահերին: Ավելին, ակումբի նախագահ Կոնստանտին Զատուլինն իր այդ գործունեության պատճառով անցանկալի անձ է Ադրբեջանում: Այնպես որ այդ ակումբը կարևոր դեր ունի և կարող է շատ ավելի մեծ դերակատարում ունենալ մեր երկրի շահերն առաջ տանելու տեսանկյունից: Այսինքն, պետական շփումներից դուրս, երկու երկրների հասարակությունների միջև որքան որ ազատ և ոչ ֆորմալ կապերն ամրապնդվեն ու զարգանան, այնքան դա իր դրական ազդեցությունը կթողնի այդ երկրների հարաբերությունների վրա թե՛ հասարակական, թե՛ պետական մակարդակով: Դա նաև կօգնի իշխանություններին որոշումներ կայացնելիս: Հետևաբար, նման ակումբների գոյությունը պետք է միայն ողջունել՝ ընդլայնելով աշխարհագրությունը և ստեղծելով նման կապեր նաև այլ երկրների հետ, որոնց հետ մենք ունենք պատմական, ընդհանուր շահեր և հարաբերություններ»,-շեշտել է Վազգեն Մանուկյանը` հավելելով, որ դա շատ տարածված պրակտիկա է աշխարհում:

Այս խորագրի վերջին նյութերը