Քաղաքական

25.09.2020 09:47


«Ազատություն» ռադիոկայանը ընտրողաբար է ներկայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ մեզնից վերցրած մեկնաբանությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

«Ազատություն» ռադիոկայանը ընտրողաբար է ներկայացրել թռիչքների վերսկսման վերաբերյալ մեզնից վերցրած մեկնաբանությունը. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն

Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը հաղորդագրություն է տարածել, որով անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության՝ «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» հրապարակմանը։ Ըստ հայտարարության՝ հրապարակման մեջ հնչում է այն միտքը, որ Ռուսաստանը հատուկ չի բացում սահմանները Հայաստանի հետ`ելնելով իր «կայսերական ու ճնշող քաղաքականությունից»։ Դեսպանատան հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Չէինք կարող ուշադրություն չդարձնել սեպտեմբերի 22-ին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության կողմից հրապարակված «Ուզում ենք գնալ Ռուսաստան, չենք կարողանում». բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց» վերնագրով նյութին։ Դրանում կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկրում ժամանակավորապես գտնվող Հայաստանի, ինչպես նաև Ռուսաստանի քաղաքացիների խնդիրն անբարեխիղճ կերպով օգտագործվում է մեր երկրների միջև ավիահաղորդակցության վերսկսման թեմային փաստերի բացահայտ վերադասավորման միջոցով տենդենցիոզ քաղաքական «հնչեղություն» հաղորդելու համար։

Թռիչքների վերսկսման հարցի լուծումը մատուցվում է բացառապես քաղաքական հարթության մեջ և, իբրև թե կախված է ռուսական կողմի որոշակի «քաղաքական պահանջներից»։ Աբսուրդային է թվում նաև այն թեզը, թե Ռուսաստանն այս իրավիճակն օգտագործում է ներքին լարվածությունը սրելու համար՝ հետագայում «օգուտ կորզելու» նպատակով, ինչը, իբր, «կայսերական քաղաքականության» դրսևորում է։ Հաշվի առնելով նման մեկնաբանությունը՝ զարմանալի չէ, որ «Ազատություն» ռադիոկայանի հարցումով Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության օպերատիվ կերպով տրամադրված մեկնաբանությունից վերցվել էր միայն մի փոքր հատված, որը բոլորովին չէր տալիս հստակ պատկերացում ստեղծված իրավիճակի մասին։

Նրանց համար, ովքեր իսկապես հետաքրքրված են օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու հարցում, ստորև ներկայացնում ենք ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայության պատասխանի ամբողջական տեքստը հիշյալ լրատվամիջոցներից ստացված հարցմանը․

«Ձեր հարցի վերաբերյալ հայտնում ենք, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում նոր կորոնավիրուսային վարակի ներմուծման և տարածման կանխարգելման օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020 թվականի սեպտեմբերի 21-ից Ղազախստանի (ք․ Նուր-Սուլթան), Ղրղզստանի (ք․ Բիշքեկ) և Բելառուսի (ք․ Մինսկ), իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից՝ Հարավային Կորեայի (ք․ Սեուլ) հետ փոխադարձ հիմունքներով միջազգային ավիահաղորդակցությունը վերսկսելու մասին: Նշված երկրներ չվերթերը կիրականացվեն փոխադարձ հիմունքներով՝ շաբաթական մեկ անգամ պարբերականությամբ։

Բացի այդ, Օպերատիվ շտաբի կողմից որոշում է ընդունվել 2020թ. սեպտեմբերի 21-ից «հատուկ» չվերթների ծրագրի դադարեցման մասին՝ պետությունների միջև տրանսպորտային հաղորդակցության աստիճանական վերականգնման և Ռուսաստանի քաղաքացիների համար կանոնավոր ավիաչվերթներով հայրենիք վերադառնալու հնարավորության կապակցությամբ:

Որքան մեզ հայտնի է, օդային հաղորդակցության վերականգնման մասին որոշումներն ընդունվում են երկկողմ բանակցությունների արդյունքում և պարտադիր հաշվի առնելով կոնկրետ օտարերկրյա պետություններում «Ռոսպոտրեբնադզորի» մշակած սանիտարահամաճարակային իրադրության գնահատման օբյեկտիվ չափանիշները, ինչպիսիք են 100 հազար բնակչին ընկնող վարակակիրների թիվը 14 օրում, նույն ժամանակահատվածում նոր դեպքերի աճի ցուցանիշը, հիվանդության տարածման գործակիցը 7 օրում, ինչպես նաև պարտադիր կերպով հաշվի է առնվում արված թեստերի ընդհանուր քանակը։

Ավելի ճշգրիտ տեղեկատվություն հավանաբար ավելի լավ է ստանալ Հայաստանի իրավասու գերատեսչություններում, որոնք ամբողջ ծավալով ստանում են այդ տեղեկությունը իրենց ռուս գործընկերներից»,-ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը