Քաղաքական

27.09.2020 16:40


«Անհապաղ վերադարձեք հրադադարի ռեժիմին, քանի դեռ հակամարտության հետևանքով սպանվածների թիվն ավելի չի աճել». ԵԱՀԿ նախագահ

«Անհապաղ վերադարձեք հրադադարի ռեժիմին, քանի դեռ հակամարտության հետևանքով սպանվածների թիվն ավելի չի աճել». ԵԱՀԿ նախագահ

ԵԱՀԿ գործող նախագահ, Ալբանիայի վարչապետ և արտգործնախարար Էդի Ռաման կոչ է արել անհապաղ կարգավորել հակամարտությունը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ հրադադարի ռեժիմին: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես բոլոր ներգրավվածներին կոչ եմ անում անհապաղ վերադառնալ հրադադարի ռեժիմին, քանի դեռ հակամարտության հետևանքով սպանվածների թիվն էլ ավելի չի աճել»,-հայտարարել է Ռաման: Նա ավելացրել է, որ իր անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը կապի մեջ է հակամարտության բոլոր կողմերի ներկայացուցիչների հետ:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, որ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի:

«Համանախագահները մտահոգությամբ են դիտարկում ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի երկայնքով լայնածավալ ռազմական գործողությունների մասին հաղորդագրությունները։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ դադարեցնել մարտական գործողությունները և վերսկսել բանակցությունները ՝ հակամարտության կայուն կարգավորում գտնելու համար: Համանախագահները կողմերին կոչ են անում ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` տեղերում իրավիճակի կայունացման համար և կրկին հայտարարում են, որ բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի»,-ասված է հայտարարությունում:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանական զինուժը կորցրել է 2 ուղղաթիռ, 14 ԱԹՍ, ունի զրահատեխնիկայի կորուստներ: Ադրբեջանի հարձակման հետևանքով Մարտունու շրջանում մեկ կին և մեկ երեխա են զոհվել: Քաղաքացիական անձանց շրջանում կան տասնյակ վիրավորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։ Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը