Աշխարհ

19.04.2011 12:52


Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից կատարված Չեզոքության որոշման վերաբերյալ

Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից կատարված Չեզոքության որոշման վերաբերյալ

Ներկայի համաշխարհային եւ տարածաշրջանային ռազմա-քաղաքական իրողություններում Մշտական, Զինված, Դրական Չեզոքության անհրաժեշտությունը

(Արևմտյան Հայաստանի Ազգային Խորհրդի կողմից կատարված Չեզոքության որոշման վերաբերյալ)

Նախաբան

Մինչեւ 1914-ի հունիսի 28-ը, երբ Սարաեւոյում գնդակահարեցին Ավստրիայի թագաժառանգ Ֆրանց Ֆերդինանդին, ինչը պատրվակ եղավ Առաջին համաշխարհային պատերազմը սկսելու, մինչեւ 1915-ի ապրիլի կեսերը, երբ բրիտանական նավատորմը ծովակալ Ուինստոն Չերչիլի հրամանատարությամբ մտավ Բոսֆոր-Դարդանել, իբրեւ թե` Կ. Պոլիսը գրավելու, իսկ իրականում բոլորի համար անսպասելի նահանջեց ու հեռացավ (1), մինչեւ 1915-ի ապրիլի 22-ը, երբ արեւմտյան ճակատում գերմանական զորքերն իրականացրին առաջին գազային հարձակումը, որի պատճառով ողջ Եվրոպան իրար անցավ (2), մինչեւ 1915-ի ապրիլի 24-ը, երբ Կ. Պոլսում Երիտթուրքերի կառավարության հրահանգով մի գիշերում ձերբակալեցին հայ հասարակական - քաղաքական վերնախավի ներկայացուցիչներին, ոչ ոք` կամ չէր կարող, կամ չէր ցանկանում կանխատեսել մարդկությանն ու հայությանը սպառնացող վերահաս աղետը: Իսկ հայ քաղաքական ուժերը նախնտրեցին շարունակել պատմության մեջ հայտնի բանաձևի օգտագործումը, որն է ճանաչել իրեն թույլ եւ գտնվել ուժեղի կողքին, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, որ միջպետական քաղաքական հարաբերությունների մեջ նույնիսկ պարտված պետությունը ավելի ուժեղ է, քան հաղթած պետության կողքին կանգնած եւ պետականություն չունեցող ժողովուրդը, որը չի ցանկանում, նաեւ չի կարողանում, որպես ժողովուրդ, օգտվել միջազգայնորեն ճանաչված կոնվենցիաների իր իրավունքներից:

Ահա թե ինչու, մինչ նոր իրադարձությունների ծավալումը, ներկայի հայ հասարակական - քաղաքական միտքը, նախ եւ առաջ, պարտավոր է կանխատեսել հայությանն ու Հայաստանին ուղղված ժամանակակից մարտահրավերներն ու սպառնալիքները, եւ ապա գտնել ու մշակել դրանց հաղթահարման ուղիները:

Մտահոգություններին պատասխանելու ժամանակը միշտ էլ բավարար է, դա հայ մարդու համար սկսվում է դպրոցական տարիքից եւ ուղեկցում նրան ողջ գիտակցական կյանքում: Հարցադրումը միշտ մեկն է. «Ինչ անել»: Այդ մտահոգության պատասխանի փնտրտուքը, որը մեր պարագայում շուրջ չորս տասնամյակի ապրում է ու կենսագործում, նաեւ ազգային ազատագրական պայքարի ու մաքառումի երկար ճանապարհ, հանգեցրել է վերոհիշյալ եզրակացության:

Այդ իսկ պատճառով, առաջարկում ենք մի կողմ թողնել «երջանիկ» պատահականության կամ իրական պատվերի միջոցով հրապարակ նետված եզրակացությունները եւ նյութն ուսումնասիրել ամբողջությամբ, բայց խորապես, ինչը նշանակում է, պատշաճ ուշադրություն դարձնել նաեւ տողատակերի բովանդակությանը, որ նաեւ ենթադրում է գիտելիքների նվազագույն պաշար, այլապես հնարավոր չէ խորությամբ տեսնել ու հասկանալ վերը ասված մարդկությանն ու հայությանն ուղղված ներկայի իրական սպառնալիքներն ու մարտահրավերները:

1. Հայությանն ու Հայաստանին սպառնացող իրավիճակներն ու դրանց դիմակայելու հրամայականները:

Արաբական աշխարհում եւ Միջին Արեւելքում ծայր առած ժողովրդական հուզումների եւ հեղափոխությունների, ազգամիջյան եւ միջկրոնական հակամարտությունների, քաղաքակրթությունների դիմակայության հնարավոր ազդեցություններն ու սպառնալիքները Հայկական գաղթավայրերի վրա:

Կովկասյան եռակողմ (քառակողմ` քրդերի մասնակցությամբ) պատերազմի հրահրման սպառնալիքը (3):

Իրանի տարածքը միջուկային կամ ընդերք թափանցող ռումբերով հարվածելու հետեւանքում հնարավոր էկոլոգիական եւ հումանիտար աղետների հավանականությունը (4):

Մեծամորի ատոմակայանի նկատմամբ բնական, տեխնածին կամ ահաբեկչական ակտի միջոցով հնարավոր սադրանքներն ու դրա հետեւանքները (5):

Տարածաշրջանում հայության դեմ շրջափակման երկարաձգումն ու խստացումը նոր միջոցներով, այդ թվում` պարենային եւ էներգետիկ:

ՀՀ - ԼՂՀ եւ հայության զինաթափումը (6) եւ, այսպես կոչված, խաղաղապահ ուժերի տեղակայումը տարածաշրջանում, ՀՀ անկախության, ինքնիշխանության կորուստն ու ՀՀ - ԼՂՀ պետությունների ոչնչացումը:

Իրականում, հայությունը բարոյական, իրավական, քաղաքական եւ պատմական բոլոր իրավունքներն ունի չեզոքության քաղաքականություն որդեգրելու եւ Արեւմտյան Հայաստանի դե յուրե եւ դե ֆակտո տարածքների վրա Մշտական, Զինված, Դրական Չեզոքություն հայտարարելու, քանի որ` առ այսօր ոչ Ազգերի Լիգան, ոչ ՄԱԿ-ը, ոչ էլ Միջազգային ընտանիքը չեն պաշտպանել Հայաստանի ու հայության բնական իրավունքներն ու շահերը, եւ դժվար թե սրանից հետո էլ պաշտպանելու ծրագիր ունենան:

Ավելին, հայ-թուրք-ռուսական պատմական, ռազմա-քաղաքական տեղապտույտի հանգուցալուծումները միջազգային բոլոր խաղացողների կողմից մշտապես տրվել են` ի նպաստ թուրքերի, ըննդեմ ռուսների տրամաբանությամբ, որի վերջին փորձի ականատեսն ենք, ընդ որում` իրականացման դրված նաեւ ռուսական կողմից (7):

Մյուս կողմից, պատմական փորձը ցույց է տվել, որ ուժեղների կողքին լինելը հայությանը կորուստներից չի ապահովագրել եւ այսօր էլ Ռուսաստանի հետ կնքած պայմանագիրը չի տալիս որեւէ ապահովություն արտաքին ագրեսիայից: Նույնիսկ ՆԱՏՕ-ի հետ ապագայի ենթադրյալ զինակցությունը նույնպես չի տալու որեւէ ապահովություն արտաքին ագրեսիայից: Հիշենք թեկուզ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ ծագած զինված հակամարտությունը Կիպրոսում, Կիպրոսի հյուսիսային մասի բռնազավթումն ու դրա տխուր հետեւանքները:

Պատմական փաստ է, որ լինելով հաղթողների եւ ուժեղների շարքում, հայությունը չկարողացավ նրանց օգնությամբ լուծել ազգային - պետական նշանակության որեւէ հարց: Բերենք երկու օրինակ.

1914-1918 թթ. Եռյակ համաձայնության` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Ռուսաստանի կողքին երեք հարյուր հազար հայ մարտիկ մասնակցեց պատերազմին, այդ թվում եւ Հայկական կամավորական գնդերն ու Կիլիկիայի հայկական լեգեոնը: Արդյունքներ չենք արձանագրել, կորուստներ ենք ունեցել, թեեւ հաղթողների առաջին շարքերում էինք:

1939-1945 թթ. Հակահիտլերյան կոալիցիայի կազմում, այդ ահեղ կռվում` ռազմաճակատին տալով կես միլիոնից ավելի հայ զինվոր, այդ թվում` հարյուրից ավելի ԽՍՀՄ հերոս, վաթսունչորս զորահրամանատար եւ չորս մարշալ, ակնկալեցինք նվազագույնը` Կարսի եւ Արդահանի նահանգների վերադարձը Հայաստանին, որը նույնպես երազի ու հույսի մակարդակին մնաց…

2. Սպառնալիքներին դիմակայելու հրամայականից բխած «Ինչ անել» հարցի պատասխանը` Մշտական, Զինված, Դրական Զեզոքություն:

Ինչու Մշտական, որովհետեւ հայությունը պարտավոր է վերստին հատատելու քաղաքակրթական իր հիմնական առաքելության իմաստն ու բովանդակությունը, որն է`

հոգեւոր-մշակութային մնայուն արժեքներ ստեղծելու եւ տարածելու, համաձայն` ներդաշնակ կենսագործունեության իր կոչմանն ու ձգտումի,

ինչպես նաեւ ուրիշին չստրկացնելու, ուրիշինը չթալանելու, այսինքն` ազգային - պետական մտածողության մեջ արիության սկզբունքներին, կենսագործունեությանն ու ներուժին հավատարիմ մնալու կարողությունը:

Ինչու Զինված, որովհետեւ հայության եւ Հայաստանի ազգային - պետական նշանակության կարեւորագույն խնդիրներից է համապարփակ ինքնապաշտպանության մշտապես պատրաստ լինելու խնդիրը:

Ինչու Չեզոք, որովհետեւ չեզոք չի նշանակում, խեղճ: Այլ, որովհետեւ չեզոք նշանակում է չմասնակցել այլ ազգերի եւ պետությունների դեմ հրահրվող ագրեսիվ թալանչիական պատերազմներին,

բայց միաժամանակ, նշանակում է մշտապես պատրաստ լինել այլ ազգերի եւ պետությունների կողմից հրահրված ագրեսիվ թալանչիական պատերազմներից պաշտպանվելու:

Ինչու Դրական, որովհետեւ հայն ու հայությունը մշտապես երկնել եւ ստեղծագործել են, ինչպես նաեւ մշտապես հաղորդակից են եղել այլոց թե երկունքին եւ թե ստեղծագործական ապրումին եւ, ըստ այդմ, չեն կարող ներպարփակվել ազգային - պետական նեղ շրջանակներում…

3. Ինչ է տալիս Հայությանը Մշտական, Զինված, Դրական Չեզոքությունը.

Հերթական ագրեսիայից պաշտպանվելու իրավունք եւ հնարավորություն ունի (8):

Չեզոք երկիրը, ինչպես ՄԱԿ-ի անդամ որեւէ երկիր, «անհատական եւ կոլեկտիվ պաշտպանության իրավունք ունի» (9):

Չեզոք երկիրն իր երկրի պաշտպանությունը Չեզոք Շվեյցարիայի օրինակով կազմակերպելու հնարավորություն ունի (10):

Չեզոք երկիրն իր անկախությունն ու ինքնիշխանությունը պահպանելու առավել ընդարձակ հնարավորություններ ունի (11):

Չեզոք երկիրը զարգանալու եւ առաջընթացի առավել իրական հնարավորություններ ունի (12):

Եթե հայ հասարակական քաղաքական միտքը չեզոքության միջազգային իրավունքը որպես ճանապարհ ընտրեր 1908-ին, ապա տեղի չէր ունենա 1909-ի Ադանայի կոտորածը, 1915-ի ցեղասպանությունը ու հայությունը չէր մասնակցի նաեւ 1914-18 թթ. Առաջին համաշխարհային պատերազմ կոչված, իրականում` Համաշխարհային առաջին աղետին: Եթե ընտրությունը կատարվեր 1918-20 թթ., ապա տեղի չէին ունենա Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի ձեռնարկած զինված ոտնձգություններն ու ագրեսիաները Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչպես նաեւ պատմական այլ իրադարձություններ, որոնք հայոց բազմաթիվ սերունդների կյանքեր խլեցին ու խեղեցին, երկար ժամանակով արգելափակելով Հայաստանի ազատ, ինքնիշխան զարգանալու իրավունքն ու հնարավորությունը… (13)

4. Արեւմտյան Հայաստանի Հայերի, այսինքն` աշխարհով մեկ սփռված Հայկական գաղթավայրերի պաշտպանության եւ զարգացման հեռանկարն ու հնարավորությունը:

Այստեղ պետք է հաշվի առնել եւ անցյալի, եւ ներկայի սպառնալիքները, նաեւ անցյալի փորձը, մասնավորապես, Լիբանանի հայ համայնքի փորձը լիբանանյան պատերազմի ու ճգնաժամի ընթացքում: Լիբանանի հայ համայնքի հիմնական քաղաքական ուժերը` միացյալ հայտարարությամբ հռչակեցին Լիբանանի հայության դրական չեզոքությունը` ներքաղաքական բախումներում եւ խնդիրներում (14):

Մյուս կողմից, հայ երիտասարդությունը, իր հերթին, կարող է մասնակցել եւ համալրել Արեւմտյան Հայաստանի նոր տիպի բանակի շարքերը, եթե այն կազմակերպվի Շվեյցարիայի զինված ուժերի օրինակով, որը աշխարհազորային բանակի կազմավորման լավագույն ձեւն է աշխարհում:

Հայության, Արեւեմտյան Հայաստանի ազգային - պետական - տարածքային խնդիրների լուծման ճանապարհներն ու հնարավորությունները իրավական - քաղաքական դաշտում` կներկայացնենք հոդվածների եւ նյութերի մեկ այլ փաթեթով:

«Ուխտ Արարատի», Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակի ազատամարտիկների եւ նախկին քաղբանտարկյալների կազմակերպություն

www.oukhtararati.com

------------------------------

Ծանոթագրություն

  1. Ուինստոն Չերչիլն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Դարդանելի օպերացիայի (1915թ. մարտ - ապրիլ ամիսներ) կազմակերպիչներից էր, որի ձախողման համար պաշտոնաթող է եղել: (Сов. энциклопедический словарь, Мoсква, 1989 г.): Տես, «Ուխտ Արարատի», թիվ 3 (14), հոկտեմբեր - նոյեմբեր, 2007 թ., էջ 16:
  2. «Ապրիլի 22-ին գերմանացիները առաջին անգամ օգտագործեցին թունավոր գազ»: 1915-ի պատերազմաշրջան: (Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 1, Երեւան, 1974, էջ 527)
  3. Տես, Րաֆֆի, «Քրդական միություն», 1880 թ., «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009 թ., էջ12-21: Տես, «Քրդերի բնակեցում Ադրբեջանում…», նույն տեղը` էջ 27: Տես, Ստեֆան Բլանկ, «Քրդական հարցը եւ Լեռնային Ղարաբաղը», նույն տեղում` էջ 30-31:
  4. Տես, Մանե Հակոբյան, «Տարածաշրջանային, հնարավոր գլոբալ, էկոլոգիական աղետ թափանցող ռումբերով Իրանի տարածքի ռմբահարման դեպքում», «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 16-17:
  5. Տես, «ՆԱՏՕ-ի վարժանքը Հայաստանում. Թուրքիայի հետ սահմանի բացումը, ԱԷԿ-ի վթարը եւ հայերի տարհանումը Վրաստանով» եւ այլ նյութեր, «Ուխտ Արարատի», թիվ 2 (20), նոյեմբեր-դեկտեմբեր, 2010 թ., էջ 14-15:
  6. Տես, ՄԱԿ-ի «Հազարամյակի մարտահրավեր» Հռչակագրի եւ «ՀՀ Միջազգային պայմանագրերի մասին» օրենքի համապատասխան հոդվածները: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 5:
  7. Տես, Լ. Բ. Տրոցկի, «Հայաստանը եւ Թուրքիան առաջիկա կոնֆերանսում», Տրոցկու սույն հոդվածը լույս է տեսել Ազգային գործերի ժողովրդական կոմիսարիատի «Ժիզն նացիոնալնոստեյ» թերթում, 4 մարտ 1921 թ., Մոսկվա, 16 մարտ 1921 թ. Ռուս-թուրքական պայմանագրի կնքումից 12 օր առաջ: Տրոցկին 1918-1924 թթ. եղել է Ռազմական եւ ծովային ժողովրդական կոմիսար: Ա.Սկաչկոն այդ գերատեսչության կադրերից էր, ում անունով էլ Տրոցկին ստորագրել է հոդվածի տակ: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 3 (14), հոկտեմբեր-նոյեմբեր, 2007 թ., էջ 18-22:
  8. Տես, «Չեզոք պետությունների եւ անձանց իրավունքների եւ պարտավորությունների մասին ցամաքային պատերազմի դեպքում» Կոնվենցիան, որի համաձայն` «Չեզոք երկրի տարածքն անձեռնմխելի է», Հաագա, 18 հոկտեմբերի 1907 թ.: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1 (19), մարտ-ապրիլ, 2010 թ., էջ 6-7:
  9. Տես, ՄԱԿ-ի Կանոնադրությունը, հոդված 51: Տես, Յուրի Բարսեղովի հոդվածը «Չեզոքություն», Հայկական Սովետական Հանրագիտարան, Երեւան, 1982 թ., Հ. 8, էջ 687: Տես, «Ուխտ Արարատի», թիվ 1 (15), փետրվար - մարտ, 2008 թ., էջ 7:
  10. Տես, Շվեյցարիայի զինված ուժերը, Հայկական Սովետական Հանրագիտարան, Հ. 8, Երեւան, 1982 թ., էջ 569:
  11. Օրինակ, Կովկասյան ինտեգրման, այսինքն` Ադրբեջան, Հայաստան, Վրաստան (հնարավոր է` Աբխազիա, Օսիա, ԼՂՀ, գումարած Թուրքիա, կամ Թուրքիայից անջատված Քրդստան) ծրագրերը, որոնք կան օրակարգում: Ինչ են անելու նշված երկրների ընտանիք ներգրավված ՀՀ-ն եւ ԼՂՀ-ն պաշտպանելու եւ պահպանելու համար իրենց ազգային պետական ինքնությունն ու անկախությունը, դժվար է պատկերացնել… Տես, Հարավկովկասյան Կոնֆեդերացիան կարող է դառնալ Հարավային Կովկասի այցետոմսը Եվրոմիություն հոդվածը, «Ուխտ Արարատի», թիվ 1 (17), մարտ - ապրիլ, 2009 թ., էջ 28-29:
  12. Ասվածի վառ ապացույցներն են Շվեյցարիայի, Ավստրիայի, ինչպես նաեւ այդ խմբին միացած նոր երկրների` Նիկարագուայի եւ Թուրքմենիայի ազգային պետական զարգացման արդի իրողությունները:
  13. Փոխարենը, Հայաստանի քաղաքական վերնախավը սպասում էր անդամակցության խնդրանքով Ազգերի Լիգա ուղարկած իր դիմումի պատասխանին, որը բնակաբար ուշացավ, որպեսզի հնարավորություն տա թուրքերին նոր ագրեսիա սկսել Հայաստանի նկատմամբ` խանգարելու համար Սեւրի դաշնագրի եւ Վուդրո Վիլսոնի Իրավարար վճռի դրույթների իրագործումը Հայաստանում:
  14. Տես, Ն. Հովհաննիսյան, «Լիբանանյան ճգնաժամը եւ Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը» (1975-1982 թթ.), «Հայաստան» հրտ., Երեւան, 1982 թ.:

Այս խորագրի վերջին նյութերը