Քաղաքական

29.09.2020 16:12


Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների հետ․ Պեսկով

Մոսկվան համաձայն չէ Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության վերաբերյալ Անկարայի հայտարարությունների հետ․ Պեսկով

Ղարաբաղում հակամարտության կողմերից մեկին ռազմական աջակցության մասին հայտարարությունները սրում են իրավիճակը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Այդպես է նա մեկնաբանել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը, թե Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ՝ ռազմի դաշտում:

Հարցին՝ Կրեմլը քննարկո՞ւմ է Հայաստանին ռազմական աջակցության տարբերակը, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի միջոցով, Պեսկովը պատասխանել է. «Կրեմլում ելնում են շուտափույթ հրադադարի և ռազմական գործողությունների անհրաժեշտությունից»:

«Ցանկացած հայտարարություն ռազմական աջակցության կամ ռազմական գործունեության մասին միանշանակ յուղ է լցնում կրակի վրա, մենք կտրականապես դեմ ենք դրան, մենք համաձայն չենք հարցի այս ձևակերպման հետ»,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը:

Պեսկովն ընդգծել է, որ Մոսկվան «կոչ է անում բոլոր երկրներին, հատկապես՝ գործընկեր երկրներին, ինչպիսին Թուրքիան է, անել ամեն ինչ, որպեսզի համոզեն հակամարտող կողմերին դադարեցնել կրակը և վերադառնալ այս երկարամյա հակամարտության խաղաղ կարգավորմանը քաղաքական և դիվանագիտական միջոցներով»:

***

Ռուսաստանում ուշադիր հետևում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ բոլոր նորություններին: Այդ մասին ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով տեղեկություններն այն մասին, որ Թուրքիան Սիրիայից Ադրբեջան վարձկաններ է ուղղարկում:

«Մենք օգտագործում ենք այդ ինֆորմացիան ԵԱՀԿ խմբի մեր գործընկերների հետ միասին մեր հետագա դիրքորոշումը ձևավորելու և քայլերը որոշելու համար»,-ասել է Պեսկովը:

«Ռուսական կողմը տարբեր մակարդակներում մշտական կապի մեջ է Երևանի, Բաքվի և Անկարայի հետ: Մենք հավաքում ենք բոլոր տեղեկություններն այն մասին, թե ինչ է կատարվում շփման գծում»,-ասել է Պեսկովը:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը