Քաղաքական

29.09.2020 17:43


Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Ադրբեջանի ագրեսիան եղել է նախապես ծրագրված. Զոհրաբ Մնացականյանի նամակը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին նամակ է հղել, որում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ ագրեսիան և դրա հետևանքով ստեղծված իրադրությունը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Նախարարը տեղեկություններ է հաղորդել ադրբեջանական զինուժի կողմից տարբեր տրամաչափի զինատեսակների կիրառմամբ Արցախի քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորման դեպքերի, սադրիչ գործողությունների վերաբերյալ:

Անդրադառնալով հակառակորդի կողմից հնչող խեղաթյուրող ապատեղեկատվական հոսքերին՝ ԱԳ նախարարը նշել է. «Ագրեսիան եղել է նախապես ծրագրված, և ադրբեջանական կողմի հայտարարությունները ենթադրյալ հակահարձակման վերաբերյալ բացարձակ կեղծիք են: Ադրբեջանը երբեք չի քողարկել ուժի կիրառմամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու իր ռազմավարական նպատակը՝ շարունակաբար պահպանելով լարվածությունը շփման գծի և հայ-ադրբեջանական պետական սահմանի երկայնքով»:

ԱԳ նախարարը խորապես մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից Ադրբեջանին և վերջինիս ագրեսիային ցուցաբերվող անվերապահ միակողմանի աջակցության առնչությամբ: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ հրադադարի խախտմանն ուղղված սադրիչ գործողությունները ոչ միայն միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում են, այլև հղի են տարածաշրջանային լայնամասշտաբ պատերազմի վերաճելու վտանգով:

Նախարար Մնացականյանը քննադատել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի՝ աշխարհում գլոբալ հրադադար հաստատելու կոչին չհետևելու Ադրբեջանի սադրիչ գործելաոճը: Ընդգծել է, որ ագրեսիայի հետևանքների ողջ պատասխանատվությունը կրում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը։

ԱԳ նախարարը ընդգծել է, որ որպես Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավոր՝ Հայաստանը կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները պաշտպանելու Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքներն ու ադրբեջանական ագրեսիային կապահովի համարժեք պատասխան։

Լեռնային Ղարաբաղի բնակչության ինքնորոշման իրավունքը հակամարտության կարգավորման անքակտելի մասն է, և այս իրավունքի ուժով Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա որոշելու իր կարգավիճակն առանց որևէ սահմանափակումների։

ԱԳ նախարարը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Նամակը շրջանառվելու է որպես ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 75-րդ նստաշրջանի փաստաթուղթ՝ օրակարգի 34-րդ (Զինված հակամարտությունների կանխարգելում), 71-րդ (Ժողովուրդների ինքնորոշման իրավունքի), 135-րդ (Պաշտպանելու պատասխանատվություն և ցեղասպանության, պատերազմական հանցագործությունների, էթնիկ զտումների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելում) կետերի ներքո և որպես Անվտանգության խորհրդի փաստաթուղթ:

Այս խորագրի վերջին նյութերը