Քաղաքական

29.09.2020 18:50


Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում

Թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ դերասանին ներկայացրել է որպես «վարձկան» Հայաստանում

Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների ֆոնին Բաքուն և Անկարան շարունակում են ապատեղեկատվությունների հոսքը. այս անգամ թուրքական քարոզչությունը խայտառակ սխալմամբ սերբ հայտնի դերասանին ներկայացրել է իբրև Հայաստանում գործող վարձկան: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 32-ամյա սերբ դերասան և պրոդյուսեր Միլոշ Բիկովիչը թուրքական քարոզչության կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ է «ներքաշվել» այն բանից հետո, երբ թուրքական Derin Dusunce - ը Twitter- ի իր էջում հրապարակել է Բիկովիչի՝ զինվորական համազգեստով լուսանկարը՝ տարօրինակ մակագրությամբ. «Սերբական ծագումով վարձկան Ալեքսա Ջուրիչին նկատել են Հայաստանում ... »։

Իրականում այդ լուսանկարն ընդամենը կադր է «Կոսարե» ֆիլմի նկարահանման հրապարակից, որը թուրքական քարոզչամեքենայի կողմից խայտառակ սխալմամբ օգտագործվել է՝ դերասանին «ներքաշելու» հակամարության մեջ: Ինչպես նկատել է Telegraf-ը՝ չնայած՝ «Թվիթեր»-ի շատ օգտատերեր մեկնաբանություններ են թողել՝ փորձելով բացատրել, որ նա դերասան է, զինվոր չէ, առավել ևս՝ վարձկան, այնուամենայնիվ, Derin Dusunce -ը չի հեռացրել ապատեղեկատվական հրապարակումը:

Բիկովիչը ևս, թուրքական կայքի այս քայլից շփոթված, անձամբ արձագանքել է այս ապատեղեկատվությանը՝ վերահրապարակելով թվիթը: Դրանից հետո Բիկովիչը փորձել է կատակել ՝ գրելով, որ ինքը երբեմն նկարահանումների, գովազդների ընդմիջումների ժամանակ, համազգեստ է հագնում և գնում է խաղաղություն հաստատելու՝ որտեղ անհրաժեշտ է: Հետո նա ավելացրել է. «Հիմա լրջորեն. ես չգիտեմ, թե ինչու եք լուսանկար տեղադրել կինոնկարից ... ծիծաղելի և անլուրջ՝ շատ լուրջ թեմայի համար»:

Թուրք-ադրբեջանական դաշինքի այս քայլը ևս մեկ անգամ վկայում է, որ այդ երկրների քարոզչամեքենան ցայտնոտի մեջ է, և նրանց առջև խնդիր է դրված ամեն գնով տարածել ապատեղեկատվություն, որքան էլ այն լինի անհեթեթ: Նույնիսկ այն դեպքում , երբ ապատեղեկատվության զոհը բարձրաձայնում է դրա մասին, նրանք չեն հեռացնում տարածվող կեղծիքը:

Այս խորագրի վերջին նյութերը