Քաղաքական

30.09.2020 12:48


Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունների առնչությամբ․ նա ԼՂ իրավիճակի կարգավորման ուղիները կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

Մակրոնը մտահոգ է Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունների առնչությամբ․ նա ԼՂ իրավիճակի կարգավորման ուղիները կքննարկի Պուտինի և Թրամփի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ծրագրում է հեռախոսային բանակցություններ վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ` քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ուղիները: Այս մասին նա հայտարարել է չորեքշաբթի օրը Լատվիա կատարած այցի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Այս թեմայով զբաղվում է միջնորդների միջազգային իրավասու խումբը` Մինսկի խումբը, որի մեջ են Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն: Մենք մեր գործընկերների հետ (Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման) առաջին ժամերից կապի մեջ ենք արտգործնախարարների մակարդակով և իմ մակարդակով: Այսօր երեկոյան նախատեսում եմ (կապվել) նախագահ Պուտինի հետ, և, կարծում եմ, վաղը՝ նախագահ Թրամփի հետ, որպեսզի փոխանակումներ կատարեմ և ելքեր առաջարկեմ այս դժվար իրավիճակից»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնը կարծում է, որ տարածաշրջանային ճգնաժամերը, ներառյալ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, հնարավոր չէ լուծել առանց Ռուսաստանի:

Մակրոնը մտահոգություն է հայտնել նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Թուրքիայի «ռազմաշունչ հայտարարությունների» առնչությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 7 ուղղաթիռ, 72 անօդաչու թռչող սարք, 137 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, մեկ ինքնաթիռ, 82 ավտոտրանսպորտ, 4 զրահափոխադրիչ 82Ա:

Հակառակորդն ունի ավելի քան 790 զոհ, որից 180–ը Քարվաճառի ուղղությամբ, ավելի քան 1900 վիրավոր։ Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 80 զոհ և մոտ 200 վիրավոր, որոնցից մոտ 120–ն են շարունակում բուժում ստանալ, մյուսներն ապաքինվել և վերադարձել են շարք։

Ադրբեջանի Զինված ուժերը թիրախավորել է նաև Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի արդյունքում Վարդենիսի շրջանում սպանվել է 1 քաղաքացիական անձ:

Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։

Այս խորագրի վերջին նյութերը