Քաղաքական

01.10.2020 08:32


Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև․ քննարկել են Արցախի հարցը

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի և Էմանուել Մակրոնի միջև․ քննարկել են Արցախի հարցը

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի այլ լուծում, քան խաղաղ կարգավորումն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը, նշելով, որ Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև:

Զրույցի ընթացքում հանգամանորեն քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ սրված իրավիճակը: Լուրջ մտահոգություն է հայտնվել շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների հետ կապված: Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հակամարտող կողմերին կոչ են արել շուտափույթ և ամբողջությամբ դադարեցնել կրակը, ապաէսկալացնել լարվածություն և առավելագույն զսպվածություն ցուցաբերել:

Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման քաղաքական և դիվանագիտական ճանապարհով լուծումից բացի, այլ այլընտրանքի բացակայությունը։ Այս համատեքստում դիտարկվել են հետագա փոխգործակցության կոնկրետ չափորոշիչներ, առաջին հերթին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում։ Պատրաստակամություն է հայտնվել, որպեսզի Մինսկի խմբի համանախագահ երկրների (Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ) ղեկավարների անունից հայտարարություն արվի զինված դիմակայության անհապաղ դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման օգտին։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա շփումների հետ կապված:

Այս խորագրի վերջին նյութերը