Աշխարհ

20.04.2011 14:58


Դավութօղլու. «Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը»

Դավութօղլու. «Ղարաբաղյան հիմնախնդիրը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը»

Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն «Արմինֆո» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով հայ–թուրքական արձանագրություններին՝ նշել է, թե ստորագրելով արձանագրությունները՝ Հայաստանի հետ խոստումնալից հարաբերությունների սկիզբ է դրվել, և այն պետք է շարունակվի:

Մենք ցանկանում ենք վերականգնել բարեկամությունը թուրքերի ու հայերի միջև: Դա պետական գործերի հեռատեսական կառավարում է պահանջում: Հայաստանը կարող է նման պետական մոտեցում ցուցաբերել և ոչ միայն շարունակել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղին, այլ նաև դառնալ տարածաշրջանային հակամարտությունների կարգավորման գործընթացների մասնակից։ Մենք հուսով ենք նաև, որ Հայաստանը ձեռնպահ կմնա արձանագրությունների վավերացման գործընթացից հրաժարվելուց,–ասել է Դավութօղլուն:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին՝ նա նշել է, թե այն շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և կայունության մթնոլորտի հաստատման գլխավոր խոչընդոտը:

«Ցավոք, ղարաբաղյան հակամարտության «պատային» իրավիճակը բացասական մթնոլտ է ստեղծում տարածաշրջանում: Մենք այդ պրոբլեմը մեղմելու հնարավորություններ ենք փնտրում, որպեսզի տարածաշրջանն ընթանա դեպի խաղաղություն և կայունություն: Այդ պարագայում անհրաժեշտ է ղարաբաղյան հակամարտաության կարգավորման ուղղությամբ քայլեր կատարել, ինչը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության հաստատման հիմնական խոչընդոտն է: Այդ քայլը, բնական է, դրական ազդակ կտա նորմալացման գործընթացներին, ընդ որում՝ բոլոր ուղղություներով»–ասել է նա:

Թուրքիայի արտգործնախարարը կրկին փոխկապակցել է հայ–թուրքական ու ղարաբաղյան հակամարտությունների կարգավորումները.

«Առաջին հայացքից այս երկու խնդիրները թվում են իրար հետ կապ չունեցող, սակայն այս երկու գործընթացների միջև փոխադարձ կապն անվիճելի է՝ մասնավորապես Թուրքիա-Հայաստան և Հայաստան-Ադրբեջան կապերում: Մենք պետք է երաշխավորենք, որ այս երկու գործընթացները կպահպանեն միմյանց ուժգնացնող ազդեցությունը, այսինքն՝ մեկի դրական արդյունքը կարող է առաջընթաց արձանագրել մյուսում»:

Այս խորագրի վերջին նյութերը