Քաղաքական

05.10.2020 22:52


ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում

ՌԴ, ԱՄՆ և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները կոչ են արել անհապաղ և անվերապահ հրադադար հաստատել Լեռնային Ղարաբաղում

Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարները համատեղ հայտարարություն են տարածել, որում կոչ են անում անհապաղ դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղում:

«Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն, որոնք ներկայացնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, խստորեն դատապարտում են Ղարաբաղի հակամարտության գոտում և դրանից դուրս բռնության աննախադեպ և վտանգավոր սրումը»,-ասված է հայտարարության մեջ:

«Նախարարները անվերապահորեն ընդգծում են, որ վերջին գրոհները, որոնք ենթադրաբար ուղղված են եղել քաղաքացիական թիրախների ուղղությամբ ինչպես շփման գծի երկայնքով, այնպես էլ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներում` Ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս, և այդպիսի հարձակումների անհամաչափությունը տարածաշրջանում կայունության համար անընդունելի սպառնալիք են»,-ասված է հայտարարության մեջ:

Անդրադառնալով երեք երկրների ղեկավարների ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 1-ի հայտարարությանը, նախարարները «մեկ անգամ ևս կոչ են անում հակամարտության կողմերին անհապաղ և անվերապահորեն հրադադար հաստատել»:

Նախարարական հայտարարությունն արտահայտում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների վճռական հանձնառությունը «Մինսկի խմբի անդամ երկրների աջակցությամբ ԵԱՀԿ-ի և միջազգային հանրության կողմից իրենց վստահված մանդատը լիարժեք իրականացնելու հարցում»:

«Համաձայն այս մանդատի, նրանք կշարունակեն հետևողականորեն աճեցնել փոխգործակցությունը կողմերի հետ՝ նրանց կոչ անելով անհապաղ պարտավորվել վերսկսել կարգավորման գործընթացը՝ հիմնվելով առկա հիմնական սկզբունքների և համապատասխան միջազգային փաստաթղթերի վրա, որոնք քաջ հայտնի են երկու կողմերին»,-ասված է համատեղ հայտարարության մեջ:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը