Կարծիք

10.10.2020 17:07


«Ատեստատ վաճառողը». իրականում ով է Լյովա Եղիազարյանը (լուսանկար)

«Ատեստատ վաճառողը». իրականում ով է Լյովա Եղիազարյանը (լուսանկար)

Մեդիատիրույթում՝ հատկապես սոցիալական ցանցերում վերջերս նկատելի ակտիվություն է ցուցաբերում Լյովա Եղիազարյան անունով անձնավորությունը: Վերջինս իրեն ներկայացնում է որպես քաղաքական գործիչ և նախկին քաղհալածյալ, բայց հանրության շրջանում առանձնապես հայտնիություն չվայելող անձի ով լինելը սկսել է շատերին հետաքրքրել:

Փորձեցինք հետաքրքրվել, թե ով է վերոնշյալ անձը և վերջինիս կենսագրությունն ուսումնասիրելիս նկատեցինք հետևյալը՝ Եղիազարյանը աշխատանքային գործունեություն է ծավալել բացառապես կրթական ոլորտում, եղել է ուսուցիչ, դպրոցների տնօրեն, հիմնադրել ու ղեկավարել է «Էվրիկա» կրթահամալիրը: Սակայն, պարզվում է, Եղիազարյանը հեռացվել է իր իսկ հիմնադրած դպրոցի տնօրենի պաշտոնից, իսկ պատճառներն առավել քան հետաքրքրական են: Մեր ձեռքի տակ է հայտնվել Եղիազարյանի՝ աշխատանքից ազատման փաստաթուղթը, որում, մասնավորապես, նշված է.

«Հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետի՝ 30.12.2002թ. զեկուցագիրը և առաջնորդվելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի հ. 40 ը 280 հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով, որ Լ. Եղիազարյանի կողմից ներկայացված բացատրագիրը անհիմն է և չի համապատասխանում իրականությանը՝

Իր կողմից նախկինում թույլ տրված և շարունակվող խախտումները խորացնելու, դպրոցի բարոյահոգեբանական մթնոլորտի վատթարացման, դպրոցի ուսումնասդաստիարակչական գործունեության մեջ առկա ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հաստատված նորմատիվ փաստաթղթերի և կարգերի խախտման, ինչպես նաև փաստաթղթային տնտեսության մեջ առկա թերությունների և բացթողումների համար Երևանի «Էվրիկա» միջնակարգ դպրոցի տնօրեն Լևոն Եղիազարյանին ազատել աշխատանքից 2003 թ. հունվարի 13-ից»:

Եղիազարյանը, ստացվում է, թերացել է իր պարտականությունների մեջ, խաթարել է կրթօջախի բարոյահոգեբանական մթնոլորտը, ինչը այնքան կարևոր է կրթական հաստատությունների բնականոն ու արդյունավետ աշխատանքի համար: Սակայն ավելի կարևոր է, թե ինչ թերացումների ու խախտումների մասին է խոսքը, որոնք թույլ են տրվել Եղիազարյանի կողմից:

Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Եղիազարյանն անթաքույց սեր է տածել ալկոհոլի հանդեպ և հաճախ ոգելիչ խմիչք օգտագործած է ներկայացել աշխատավայր: Բնական է, որ որևէ հաստատությունում, որը ղեկավարվում է նման սովորություններ ու հակումներ ունեցող անձի կողմից, չի կարող բարոյահոգեբանական իդեալական վիճակ գրանցվել, մանավանդ, երբ խոսքը դպրոցի մասին է, որտեղ ամեն ինչ պետք է կանոնակարգված ու կատարյալ լինի: Կոչումով մանկավարժները երբեք չեն կարող պատշաճ աշխատանքային գործունեություն ծավալել, մատաղ սերունդ կրթել ու դաստիարակել, գիտելիք ու հմտություններ փոխանցել, երբ աշխատում են այնպիսի վերադասի հետ, ով, մեղմ ասած, այնքան էլ չի փայլում օրինակելի վարքագծով ու սովորույթներով: Հարց է ծագում՝ ինչպիսի՞ օրինակ պետք է ծառայեր Լյովա Եղիազարյանը իր ղեկավարած դպրոցի սաներին... Պատասխանը թերևս հայտնի է միայն իրեն...

Այս ամենով Լյովա Եղիազարյանի «արգասաբեր» գործունեությունը չի սահմանափակվում: Վերջինս նաև կոռուպցիոն սխեմաներում է ներքաշված եղել: Կրթահամալիրը ղեկավարելու ընթացքում Եղիազարյանը դպրոցական ավարտական վկայականների վաճառքով է զբաղված եղել. այսինքն, աշակերտները դասապրոցեսին չեն մասնակցել, դպրոց չեն հաճախել, բայց արի ու տես, որ Լյովա Եղիազարյանը բարի կամք է դրսևորել, ջանքեր գործադրել ու աշակերտներին ավարտական վկայականներով է ապահովել. կլորիկ գումարներրը խաղացել են իրենց դերը... Այս թերացումներն ու խախտումներն էլ հաշվի առնելով՝ Երևանի քաղաքապետարանի կրթության վարչությունը որոշում է կայացրել Լյովա Եղիազարյանին հեռացնել զբաղեցրած պաշտոնից:

Ինչպես վերևում ենք նշել, Եղիազարյանն իրեն հաճախ ներկայացնում է որպես քաղհալածյալ, բռնաճնշումների ենթարկված անձնավորություն: Պարզվում է, սակայն, այստեղ էլ որոշ նրբություններ կան, որոնք Եղիազարյանը կոծկում է: 2008-ի մարտի 1-ի հայտնի դեպքերից հետո երբեմնի մանկավարժը լքել է ՀՀ-ն, որոշ ժամանակ անց վերադարձել ու հանձնվել է իշխանություններին: Այս պատմության սեփական տարբերակն ունի Եղիազարյանը. երկիրը լքել է հալածանքների ու ճնշումների ենթարկվելու պատճառով:

Հետաքրքրաշարժ կենսագրությամբ աչքի ընկնող Եղիազարյանը այժմ էլ համալրել է Արամ Զավենի Սարգսյանի մտերիմների շրջանականը՝ ստանալով կարևոր պաշտոն և ստանձնելով հստակ գործառույթ՝ ֆեյսբուքյան գրառումներ հեղինակել: Ներկայանալով որպես «Հանրապետություն» կուսակցության անդամ, անգամ հիմնադիր՝ Եղիազարյանը դե ֆակտո վերածվել է Արամ Սարգսյանի խոսափողի՝ արտահայտելով վերջինիս այն մտքերն ու քննադատական բնույթի տեսակետները, որոնք ինքը Սարգսյանը չի համարձակվում բարձրաձայնել:

Լյովա Եղիազարյանը ակտիվ գործունեություն է տարածում համակարգչի էկրանի ու ստեղնաշարի ետևում թաքնվելով՝ չցանկանալով ի ցույց դնել իր իրական կերպարն ու անցյալի «հերոսական» դրվագները: Երևի կուսակից ընկերոջ «սուր» մտքերն իրեն վերագրելն ու հանրությանը հրամցնելը, հայկական երկու պետությունների կայացման ու հզորացման գործում իրենց անուրանալի ներդրումն ունեցածներին սևացնելը, այս կամ այն երևույթի վերաբերյալ քննադատական տեսակետներ արտահայտելը այս պահին լավագույն վահանն են, որով Եղիազարյանը ի զորու է պաշտպանվել:

Աղբյուրը՝ alternativ.am

Այս խորագրի վերջին նյութերը