Քաղաքական

11.10.2020 08:32


Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում ռազմական նշանակության որևէ բեռ չի հայտնաբերվել. ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Դեպի Հայաստան ուղևորվող բեռնատարի մաքսային վերահսկողության ընթացքում ռազմական նշանակության որևէ բեռ չի հայտնաբերվել. ադրբեջանական հերթական ապատեղեկատվությունը

Վրաստանի եկամուտների ծառայությունը պաշտոնապես հերքել է ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե Հայաստանի ուղղությամբ ռազմական բեռի տեղափոխման դեպք է կանխվել, տեղեկանում ենք Վրաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից:

«Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը տեղեկացնում է, որ Ռուսաստանի Դաշնությունից «Կազբեգի» մաքսային անցակետ մուտք է գործել այլ երկրի քաղաքացու կողմից վարած՝ միջազգային բեռնափոխադրումներ իրականացնող բեռնատարը: Մաքսային ծառայողների կողմից ռիսկի գնահատման և վերլուծության հիման վրա, որոշակի չափանիշներից ելնելով, տվյալ տարանցիկ բեռը ենթարկվել է մաքսային վերահսկողության համապատասխան ընթացակարգերի:

Ընդ որում, հետագա մաքսային վերահսկողության շրջանակներում ապրանքի փաստաթղթերի, կամերային ստուգման և ապրանքի վիզուալ զննության արդյունքում որևէ ռազմական նշանակության բեռ չի հայտնաբերվել, և, համապատասխանաբար, օրինախախտման դեպք տեղի չի ունեցել: Նշված փոխադրամիջոցի կողմից Վրաստանի մաքսային սահմանի հատումը հաստատվել է, և այն շարունակել է շարժվել դեպի հաջորդ նպատակակետը»,-ասված է Վրաստանի եկամուտների ծառայության տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը