Քաղաքական

13.10.2020 16:50


ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ են անում անհապաղ հումանիտար հրադադար հաստատել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին ասված է համանախագահների տարածած հաղորդագրության մեջ:

«Համանախագահները տագնապով են արձանագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում շարունակվող բռնությունը։ Համանախագահները կոչ են անում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անհապաղ քայլեր ձեռնարկել հոկտեմբերի 10-ի մոսկովյան հայտարարությանը համապատասխան կողմերի պարտավորությունների ամբողջական կատարման ուղղությամբ ՝ տարածաշրջանի համար աղետալի հետևանքները կանխելու համար:

Համանախագահները կրկին հայտարարում են, որ քաղաքացիական բնակչության շրջանում զոհերն անընդունելի են որևէ պարագայում։ Համանախագահները կողմերին կոչ են անում անհապաղ հաստատել հումանիտար հրադադար, որպեսզի ապահովեն աճյունների, ռազմագերիների և այլ պահպանման տակ գտնվող անձանց վերադարձը, և կոչ են անում կողմերին անհապաղ համաձայնեցնել հրադադարի ստուգման մեխանիզմը:

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ զրույցներից հետո համանախագահներն աշխատում են կողմերի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացի առարկայական հարցերի շուրջ՝ բանակցային լուծման հասնելու նպատակով»,-ասված է համանախագահների տարածած հաղորդագրությունում:

Այս խորագրի վերջին նյութերը