Քաղաքական

14.10.2020 20:10


ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել Ադրբեջանին զինելը

ԱՄՆ-ն կոչ է անում Թուրքիային դադարեցնել Ադրբեջանին զինելը

Թուրքիան զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով միջազգային խաղացողների կոչերը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հոկտեմբերի 14-ին հեռախոսային ճեպազրույցի ընթացքում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչ քայլեր է ձեռնարկում Թրամփի վարչակազմը՝ կապված ԼՂ հակամարտության գոտում տեղի ունեցող իրադարձությունների հետ:

«Ես խոսել եմ նախագահ Թրամփի հետ այս մասին առավոտյան: Մենք հետևում ենք, թե այնտեղ ինչ է կատարվում: Մենք միացել ենք մեր եվրոպական գործընկերներին և աշխարհի բազմաթիվ երկրների՝ ասելով, որ հրադադարը պետք է լինի խնդրի լուծման սկիզբը: Մենք հետևում ենք նաև քաղաքացիական զոհերի մասին տեղեկություններին: Հետևում ենք Թուրքիային, որը զինում է Ադրբեջանին՝ հաշվի չառնելով բոլոր միջազգային խաղացողների կոչերը՝ չուժեղացնել այս խառնաշփոթն ու դուրս գալ տարածաշրջանից: Մենք օգտագործում ենք մեր դիվանագիտական գործիքակազմը հրադադարի հասնելու և լուծման գալու համար, որը հիմնված կլինի միջազգային իրավունքի վրա: Մենք մեծ ուշադրություն ենք դարձնում դրան: Կարծում եմ, որ մեր ջանքերը, որ մինչև օրս ներդրել ենք, հնարավորություն կտան, որ այդ ամենը տեղի կունենա»,-ասել է Պոմպեոն:

Այս խորագրի վերջին նյութերը