Քաղաքական

18.10.2020 17:35


Ադրբեջանական կողմի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական կողմի չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել. ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանի զինված ուժերի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ: «Արմենպրես»- փոխանցմամբ՝ նման տեսակետ է հայտնել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ադրբեջանի զինված ուժերի արդեն 22 օր տևող ու չդադարող զինված հարձակումները մարդասիրական աղետ են առաջացրել ոչ միայն Արցախի քաղաքացիական բնակավայրերում, այլ նաև բոլոր այն վայրերում, որտեղ անմիջական ռազմական բախումներն են: Արցախի քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական զինված ուժերի շարունակվող թիրախային հարձակումների հետևանքով ավերվում են տներ ու կենսական քաղաքացիական ենթակառուցվածքներ, արգելված զինատեսակներից սպանվում կամ կյանքը խեղող վնասվածքներ են ստանում խաղաղ բնակիչներ»,-նշել է Թաթոյանը:

ՄԻՊ-ը շեշտել է, որ Արցախում ադրբեջանական զինված ուժերը հարձակումներ են գործել շտապ բժշկական օգնության մեքենաների ու հոսպիտալի ուղղությամբ:

22 օր անընդհատ հայտարարվում է բոլոր կողմերում գերիների, ինչպես նաև զոհերի ու դիակների մասին: Ադրբեջանի շարունակվող ագրեսիան ոչ միայն կոպտորեն խախտում է վիրավորումներ ստացած խաղաղ բնակիչների իրավունքները, այլ նաև անարգանք է սպանվածների դիերի նկատմամբ, անմարդկային վերաբերմունք է նրանց մերձավոր ազգականների նկատմամբ

«Առկա վիճակը աղետալի է նաև շրջակա միջավայրի աղտոտման, վարակիչ հիվանդությունների զանգվածային տարածման ու համաճարակների բռնկման տեսանկյունից՝ բնապահպանական աղետի վերածվելու իրական սպառնալիքով: Իսկ այս ամենն արդեն չի ճանաչում պետական սահմաններ ու վտանգավոր է ողջ տարածաշրջանի համար»,-ասել է ՄԻՊ-ն ու նշել, որ այս մասին է վկայում նաև Հայաստանի առողջապահության նախարարության մասնագիտական գնահատականը:

Նա նշել է, որ այս ամենը միջազգային իրավունքի, այդ թվում՝ 1949 թվականի Ժնևյան կոնվենցիաներում ամրագրված և սովորութային մակարդակում գործող միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար պահանջների շարունակվող հանցավոր խախտումներ են: Թաթոյանը շեշտել է, որ միջազգային հանրությանը անհրաժեշտ է իրական քայլերով անհապաղ կանխել այս վայրագություններն ու անմարդկային վերաբերմունքը, իսկ Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ, ICRC) համար պետք է ապահովվի մարդասիրական առաքելության իրական և արդյունավետ հնարավորություն:

Այս խորագրի վերջին նյութերը