Քաղաքական

19.10.2020 08:39


Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները 20-ից 60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար

Քաջարան և Մեղրի համայնքների ղեկավարները 20-ից 60 տարեկան տղամարդկանց կոչ են անում զինվորագրվել Սյունիքի պաշտպանության համար

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կոչ է անում զինվորագրվել։

Համայնքաապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասվում է․

«Հարգելի բնակիչներ, դիմում եմ 20-60 տարեկան բոլոր տղամարդկանց, ովքեր ի զորու են զենք վերցնել, նաև ովքեր նոր են վերադարձել արցախյան ռազմաճակատից, նենգ ոսոխը սպառնում է զավթել մեր տարածաշրջանը։ Մեր զինվորները կռվում են Արցախում, իսկ մենք պետք է պաշտպանենք Սյունիքը։ Բոլորս ի զեն։ Բնակչությանը խնդրում եմ խուճապի չմատնվել։

Զինվորագրման մանրամասների համար դիմել Քաջարանի համայնքապետարան կամ Երկրապահ կամավորականների միություն»։

***

Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին, ասված է ՀՀ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի հրապարակ կոչում:

«Հարգելի՛ սյունեցիներ,

Այս օրերին բազմաթիվ սյունեցիներ իրենց պարտքն են կատարում՝ ծառայելով հայրենիքին, պաշտպանելով մեր հայրենիքը։ Ահռելի աշխատանք է կատարվում նաեւ թիկունքում՝ միավորելով խաղաղ բնակչության բոլոր ուժերն ու հնարավորությունները:

Պայքարը շարունակվում է, ու մեր համայնքների բնակիչներն ու սյունեցի քաջերը՝ ժամկետային զինծառայողներ, պահեստազորայիններ, կամավորականներ, երկրապահներ, անում են հնարավորն ու անհնարինը՝ հանուն վերջնական ու կայուն հաղթանակի, հանուն մեր սահմանների անառիկության։

Սիրելի՛ սյունեցիներ, խնդրում եմ՝ առանց խուճապի մատնվելու, հաստատուն ու ամուր մնացեք ձեր բնակավայրերում ու հետեւեք համայնքների ղեկավարների ցուցումներին, յուրաքանչյուրդ ձեր տեղում շարունակեք ծառայել հայրենիքին ինչով եւ ինչպես կարող եք՝ օգնելով թե՛ ճակատին, թե՛ ամրացնելով թիկունքը։

Կոչ եմ անում մասնակցել ինքնապաշտպանությանը, կամավորագրվել ու ծառայել հայրենիքին՝ հանուն մեր երկրի եւ մեր զավակների ապագայի»,-ասված է Հունան Պողոսյանի կոչում:

Այս խորագրի վերջին նյութերը