Քաղաքական

19.10.2020 13:56


Կուսակցությունների հայտարարությունը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է. Ավետիք Չալաբյան

Կուսակցությունների հայտարարությունը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է. Ավետիք Չալաբյան

Հայաստանյան 13 կուսակցությունների՝ ռազմաքաղաքական հարցերի օպերատիվ կառավարման շտաբ, պետական հատուկ մարմին ստեղծելու առաջարկին կառավարությունը դեռ չի արձագանքել:

Panorama.am-ի հետ զրույցում հայտարարությանը միացած «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն ասաց, որ իրենց այդ քայլը կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է:

«13 կուսակցությունների առաջարկը բաց է, մարդիկ, ըստ էության, ասում ենք՝ մենք ձեզ օգնենք, կառավարություն: Մեր նպատակը դա է: Լավ կլինի կառավարության կողմից արձագանք լինի: Դա կառավարությանը մեկնած բարի կամքի ժեստ է, թող արձագանքեն: Եթե չեն արձագանքում, ըստ էության, ասում են հետևյալը՝ մենք լիակատար պատերազմական այս ամբողջ իրավիճակի համար պատասխանատվությունը մեր վրա ենք վերցնում, մեզ ոչ մեկի օգնությունը պետք չէ»,-նշեց քաղաքական գործիչը:

Նա ընդգծեց՝ եթե չարձագանքեն էլ, իրենք որպես անհատներ, ֆիզիկական անձինք շարունակելու են իրենց աջակցությունը, որովհետև այս պատերազմը ողջ ազգի պատերազմն է, այստեղ ոչ կուսակցությունն կա, ոչ իմ ու քո, ոչ սև-սպիտակ:

«Մինևնույնն է՝ դա անելու ենք: Պարզապես, եթե կառավարությունը իսկապես հասկանա, որ սա ոչ թե միտում, դիտավորություն ունեցող քայլ է, այլ իսկապես օգնության առաջարկ է ու ընդառաջ գնա, մեր գործունեության արդյունավետությունն էապես կբարելավենք»,-ասաց Ա.Չալաբյանը:

Նա նշեց, որ կոնկրետ իրենց կուսակցությունն առանց այդ հայտարարության էլ տարբեր ձևերով լծված են երկրի պաշտպանության գործին, բայց եթե որոշակի նորմալ լծակներ լինեն, իրենց գործունեության արդյունավետությունը հինգ անգամ կբարձրանա:

«Ինքս զբաղված եմ պատերազմի հետ կապված օգտակար գործերով: Համոզված եմ, եթե ունենայի պետական լծակներ, 5-10 անգամ ավելի շատ բան կարող էի անել: Հիմա անում եմ որպես մասնավոր, ֆիզիկական անձ: Պետական ռեսուրսներ, պետական լծակներ, լիազորություններ ունենալով՝ շատ ավելի բան կարող եմ անել, գիտեմ նույնիսկ ինչպես, ինչն է, որ կտա պետական լծակները»:

«Ցավալի կլինի, որ կառավարությունը չընդունի այս առաջարկը: Իսկապես գտնվում ենք հայրենական պատերազմի մեջ: Այս մասշտաբի պատերազմ, այս կարգի ինտենսիվությամբ, այս կարգի կորուստներով, ռազմական գործողությունների այս մասշտաբով, մեր սերունդի պատմության մեջ չի եղել: Արցախյան առաջին պատերազմը 1000 օր է տևել: 20 օրում այս պատերազմն իր մասշտաբներով, ռազմական գործողությունների արդյունքներով հավասարվել է այն 1000 օրվան: Ո՞նց կարելի է հիմա շարունակել գնալ նեղ կուսակցական բանով… որ մենք ենք, մենք էլ կանք»,-նշեց նա:

Ինչ վերաբերում է կուսակցությունների հայտարարությունից հետո բարձրացված աղմուկին, Վ. Չալաբյանն ասաց, որ տարբեր մարգինալներ են բարձրացրել այն:

«Այդ աղմուկը մարգինալներն են բարձրացրել, որոնք իրենք այդ պրոցեսին չեն մասնակցում: Ես դրա վրա չեմ զարմանում:

Կարծում եմ՝ իրենք հասկանում ենք, որ դա հասարակության մեջ բերելու է իրական կոնսոլիդացիայի, բերելու է նրան, որ ստեղծվի ամուր համազգային բռունցք: Կարող են ուղղակի այդ պրոցեսից դուրս մնալ, որովհետև հիմա դրան հակադրվելով և փորձելով ինչ-որ դավադրապաշտություն բան անել և այլն, որ սա սողացող հեղաշրջում է … Հեղաշրջում լիներ՝ հենա հեղաշրջում կլիներ, էլի: Հեղաշրջումը՝ բացահայտ կուսակցությունները հայտարարությո՞ւն են անում:

Դա հանրային պրոցես է: Կուսակցությունները հավաքվել են, երկար քննարկումներից հետո հայտարարություն են ստորագրել, որը հանրայանցվել է, փաստացի կառավարությանն առաջարկ է: Ու այդ ամեն ինչի նպատակն այն է, որ օգնենք կառավարությանը»:

Հարցին՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանն ասում է՝ 13 կուսակցությունների առաջարկը հակասահմանադրական է, ինչպե՞ս կարձագանքեք այդ հայտարարությանը, «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիրն ասաց.

«Բացարձակ հակասահմանադրական չէ, որովհետև Ռազմական դրության մասին օրենքը դա նախատեսում է: Արտակարգ դրության ռեժիմում գործում է պարտետատունը, նույն տրամաբանությամբ պետք է հիմա այդ կարգի մարմին գործի: Զարմանում եմ, որ մինչև հիմա չի գործում: Ամբողջ երկրի տարածքը գտնվում է ռազմական դրության մեջ, ամբողջ երկիրը գտնվում է մոբիլիզացիոն ռեյլսերի վրա: Մարդիկ կռվում են, արտադրում են, սպառազինություն են արտադրում, մատակարարումներ են անում, միջոցներ են հավաքում: Երկրում Արցախից եկած գաղթականներ կան: Բացարձակ սահմանադրական օրգան է, մենք էլ կառավարությանն առաջարկել ենք ընդամենն այդ օրգանը ստեղծել: Ի՞նչ հակասահմանադրական բան կա:

Սահմանադրական կարգը կարելի է տապալել միայն գործողությամբ, հայտարարությամբ հնարավոր չէ սահմանադրական կարգ տապալել»:

Այս խորագրի վերջին նյութերը