Քաղաքական

22.10.2020 16:10


Ռազմական փորձագետը գնահատել է Հայաստանում ռուսական դեսանտային օպերացիայի գաղափարը

Ռազմական փորձագետը գնահատել է Հայաստանում ռուսական դեսանտային օպերացիայի գաղափարը

«Այն փաստը, որ Հայաստանը հայտնվել է ռազմական մեկուսացման մեջ, արդեն իսկ ագրեսիայի ձեւ է նրա դեմ»,-«Վզգլյադ» թերթին ասել է ռազմական փորձագետ Կոնստանտին Սիվկովը` մեկնաբանելով Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինի հայտարարությունը` Հայաստանում ռուսական դեսանտային օպերիացիայի հնարավորության մասին:

«Նախ, Հայաստանում ռուսական բազա կա Գյումրիում: Այնտեղ տեղակայված ստորաբաժանումների ուժերը բավարար են Լեռնային Ղարաբաղում զինված դիմակայության արդյունքի վրա ազդելու համար,-ասել է ռազմական գիտությունների դոկտոր Կոնստանտին Սիվկովը,-Երկրորդը, ինչ վերաբերում է Գյումրիի բազայից դուրս ռուսական զորքերի եւ ավիացիայի գործողություններին, ապա հարցը պետք է լուծվի Վրաստանի տարածքով օդային միջանցքի «ճեղքման» միջոցով: Դա չես անի ոչ Թուրքիայի, եւ ոչ էլ Ադրբեջանի միջով»,-գրում է «Վզգլյադ»-ը:

«Կամ, հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ռուսաստանի ընդհանուր սահմանը եւ այն փաստը, որ իրավիճակի բացասական զարգացման դեպքում մենք ստիպված կլինենք պայքարել հենց այդ երկրի դեմ, «խաղաղություն պարտադրելու» խնդիրը կարող է լուծվել ուղղակիորեն Ադրբեջանին հասցված ավիահարվածների միջոցով` Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի ապաարգելափակման համար»,-հավելել է պարբերականի զրուցակիցը:

«Այսօր հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի մասնակցության առնվազն երկու ամբողջությամբ իրավական հիմք գոյություն ունի: Առաջինն այն է, որ Հայաստանը հայտնվել է մեկուսացման մեջ: Սա ինքնին ագրեսիայի ձեւ է: Երկրորդը` Ադրբեջանը հարվածներ է հասցնում ոչ թե Լեռնային Ղարաբաղի, այլ Հայաստանի տարածքին: Պաշտոնական Բաքուն հստակ հայտարարում է ինչ-որ Ս-300 համակարգերի ոչնչացման մասին: Ղարաբաղի տարածքում նման կոմպլեքսներ չկան, սակայն դրանք կան Հայաստանում»,-նշել է Սիվկովը:

«Սա եւս ագրեսիայի ձեւ է, եւ եթե այդպես է, ապա ուժի մեջ է մտնում Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածը: Իսկ ՀԱՊԿ-ն այս դեպքում պետք է հանդես գա ի պաշտպանություն իր անդամներից մեկի: Պատկերացրեք, եթե ինչ-որ երկիր հարձակվեր ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի կամ Բալթյան երկրներից մեկի վրա, ապա Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները պատերազմ կսկսեին այդ երկրի դեմ: Այստեղ նույնն է»,-պարզաբանել է փորձագետը:

«Ի թիվս այլոց, Հայաստանը մտնում է Եվրասիական տնտեսական միության մեջ։ Այս երկրի շրջափակումը Ռուսաստանին ուղղակի վնաս է հասցնում, քանի որ մենք այնտեղ տնտեսական մեծ շահեր ունենք։ Ուստի հակամարտությունում Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմում հանդես գալու հիմնավորումներն առավել քան բավարար են։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանը դիմի ՀԱՊԿ-ին, իսկ դա դեռեւս չի եղել։ Սա, իմ կարծիքով, վկայում է այն մասին, որ հակամարտությունում Երեւանին գործերն այնքան էլ վատ չեն, ինչպես այդ մասին հայտարարում է Ադրբեջանը»,-շեշետել է զրուցակիցը։

«Իսկ եթե դիմի, ապա ՀԱՊԿ-ի նորմերի համաձայն՝ Ռուսաստանի միջամտությունը կլինի ոչ միայն հնարավոր, այլեւ պարտադիր։ Հակառակ դեպքում Հավաքական անվտանգության պայմանագիրը կդադարի գոյություն ունենալ։ Դրան կհաջորդի ԵԱՏՄ-ի փլուզումը, եւ կդադարեն միջազգային ասպարեզում Ռուսաստանին ընկալել որպես լուրջ ուժ, որն ունակ է պաշտպանելու իր դաշնակիցներին։ Սա անչափ ծանր հարված կլինի մեր երկրի իմիջին»,-եզրափակել է Կոնստանտին Սիվկովը։

Պետական դումայի ԱՊՀ, եվրաինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինն ավելի վաղ հնարավոր էր համարել հայ-ադրբեջանական հակամարտությանը Ռուսաստանի միջամտությունը Հայաստանում դեսանտային գործողության միջոցով։

Նա նշել էր, թե վստահ չէ՝ ինչ կերպ կվարվի Մոսկվան, բայց ներկայացրել էր մի քանի հնարավոր տարբերակներ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը