Տնտեսական

24.10.2020 15:35


«Կառավարությունը պետք է հրաժարվի ամեն պատեհ և անպատեհ առիթներով, հատկապես՝ տնտեսական թեմաներով քրգործեր հարուցելուց»․ Վարդան Արամյան

«Կառավարությունը պետք է հրաժարվի ամեն պատեհ և անպատեհ առիթներով, հատկապես՝ տնտեսական թեմաներով քրգործեր հարուցելուց»․ Վարդան Արամյան

Aravot.am-ը Ֆինանսների նախկին նախարար, տնտեսագետ Վարդան Արամյանին հարց է ուղղել՝ ի՞նչ է պետք անի ՀՀ կառավարությունն այսօր կամ ապագայում, որպեսզի Հայաստանի ռազմական պոտենցիալը մեծացնի, տնտեսական ի՞նչ հենարանի վրա պետք է հենվել, որպեսզի կարողանանք պաշտպանական ծախսերն ավելացնել, զենք գնել:

Ի պատասխան Վարդան Արամյանն ասաց. «Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ՝ Հայաստանի ռազմական պոտենցիալը մեծացնելու երկու ուղի կա. առաջին՝ սեփական ռազմական արտադրությունը վերազինենք և զարգացնենք, երկրորդ՝ արտաքին աշխարհից նորագույն տեխնոլոգիաներով հագեցած զենքեր գնենք: Չխորանամ նշված երկու ուղղությունների կյանքի կոչելու դետալների մեջ այս պահին, որովհետև երկար քննարկման հարցեր են, բայց մի բան ակնհայտ է, որ երկու դեպքում էլ պահանջվելու են ֆինանսներ:

Իսկ վերջինս պետության ձեռքում հայտնվելու է տնտեսությունից հարկերի տեսքով: Հետևապես ամենաբարդ խնդրին կա պարզ լուծում. օգնել գործարարներին, որպեսզի և՛ այսպիսի իրավիճակներում, և՛ ապագայում իրենք էլ «օգնեն» կառավարությանը և մեզ բոլորիս՝ ֆինանսներ գեներացնելով և հարկեր վճարելով: Իսկ տնտեսվարողներին օգնել կառավարության տեսանկյունից, նշանակում է՝

ա. ապահովել տնտեսվարողների համար կայուն մակրոտնտեսական միջավայր,

բ. լինել կանխատեսելի իր որոշումներով և գործողություններով,

գ. ունենալ հեռանկարային տնտեսական ծրագրեր՝ ընկալելի տնտեսվարողների համար, որպեսզի վերջիններս դրանց հենքի վրա պլանավորեն իրենց ապագա անելիքները:

Այս պահին թերևս (ա) կետում նշվածը հաջողվում է իրականացնել ՀՀ ԿԲ և ՀՀ ֆինանսների նախարարության համատեղ ջանքերով, (գ) կետի նշվածում կառավարությունը կաղում է, բայց դա երկար քննարկման հարց է, իսկ (բ) կետում նշվածն այսօր էլ որպես էական խնդիր առկա է, և օր առաջ կառավարությունը պետք է՝

1. հրաժարվի ամեն պատեհ և անպատեհ առիթներով քր. գործեր հարուցելուց՝ հատկապես տնտեսական թեմաներով, և տնտեսվարողների նկատմամբ ցուցադրական ներխուժումներ իրականացնելուց: Դա տնտեսվարողների մոտ ստեղծում է վախ, անհստակություն ապագայի նկատմամբ և սկեպտիցիզմ։

2. Հրաժարվի տնտեսվարողների հուզող հարցերը, նամակները կամ բարձրացրած հարցերը անպատասխան թողնելուց կամ իրենց վերաբերող որոշումներն անընդհատ ձգձգելուց (թերևս Լիդիանն ակնառու օրինակ է և դաս մյուս տնտեսվարողների համար): Տնտեսվարողի համար խիստ կարևոր է հստակությունը և կառավարության կողմից արագ և արդյունավետ որոշումների կայացումը»:

Այս խորագրի վերջին նյութերը