Քաղաքական

11.04.2009 16:09


ԲՀԿ–ում կարծում են, որ հիմնական մրցակցությունը կընթանա երեք ուժերի միջև

ԲՀԿ–ում կարծում են, որ հիմնական մրցակցությունը կընթանա երեք ուժերի միջև

-Ես ակնկալում եմ հետաքրքիր ընտրություններ, իհարկե, դրանք քաղաքական ընտրություններ են, բայց քաղաքական ընտրություններ են քաղաքային իշխանության համար պայքարում,-լրագրողներին է ասել ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Խաչիկ Գալստյանը։

Ըստ բանախոսի, Երևանի տեղական ինքնակառավարման մասին օրենքն է թելադրում, որ ի սկզբանե այս ընտրությունները պետք է լինեն քաղաքական։ Խ. Գալստյանն ասել է նաև, որ դեռևս 2007 թվականին ԲՀԿ-ն իր նախընտրական ծրագրում ուներ այնպիսի դրույթ, որով առաջարկում էր ՏԻՄ ընտրություններում անցնել 100 տոկոսանոց համամասնական ընտրությունների։

-Ի բարեբախտություն մեզ, այսօր մենք ունենք հենց այդ ընտրակարգը,-ասել է մամլո խոսնակը։

Հարցին, թե ի՞նչ գնահատական են տալիս դպրոցների աշխատակիցների անձնագրերը նախապես հավաքելու և տվյալներն իրենց մոտ գրանցելու ՀՀԿ-ի վարած «քաղաքականությանը», Խաչիկ Գալստյանը պատասխանել է, թե Գագիկ Ծառուկյանը հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում ասել է, որ երևանցին վաղուց արդեն գիտակցում է, թե ինչպես կարելի է նման դեպքերում կողմնորոշվել.

-Դա գործուն մեխանիզմ չէ։ Մայիսի 31-ին մենք ամեն ինչ անելու ենք, որ ընտրաքվեատուփին մոտենալով, յուրաքանչյուր ընտրող լինի մաքսիմալ ազատ, անկաշկանդ՝ իր վերջնական որոշումը կայացնելիս։

Գնահատելով ԲՀԿ-ի շանսերը, և պատասխանելով հարցին, թե ու՞մ է ԲՀԿ-ն համարում իր հիմնական մրցակիցը Երևանի ավագանու ընտրություններում, Խ. Գալստյանն հայտարարել է.

-Կարծում եմ, հիմնական մրցակցությունը կընթանա երեք քաղաքական ուժերի՝ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի միջև։

Սյուզի Մելքոնյան

Այս խորագրի վերջին նյութերը