Մեկնաբանություն

28.04.2011 21:59


Տեր–Պետրոսյանը ռեաբիլիտացրեց Արթուր Բաղդասարյանին և օրը դարձրեց ջրբաժանային

Տեր–Պետրոսյանը ռեաբիլիտացրեց Արթուր Բաղդասարյանին և օրը դարձրեց ջրբաժանային

Ճիշտն ասած՝ արդեն մի քիչ անհարմար եմ զգում Լևոն Տեր–Պետրոսյանին անդրադառնալիս ու նրա գործունեությունը վերլուծելիս, քանի որ նրան այլևս կարելի է դասել այնպիսի «ական»–ավոր դեմքերի շարքին, ինչպիսիք են Արթուր Բաղդասարյանը և Արտաշես Գեղամյանը։ Արձանագրենք, որ ՀԱԿ առաջորդը վերջիններիս տվեց–անցավ իր տաղանդով։ Սերժ Սարգսյանը նման հաճախորդ, թերևս, չէր ունեցել՝ սկսած Կեվորկովին ծառայելու ժամանակներից։ Բայց քանի դեռ Տեր–Պետրոսյանը զբաղեցնում է հարթակը և քանի դեռ մի քանի հոգու աչքերը դեռ չեն բացվել, որպեսզի հասկանան, որ գործ ունենք նեոդհոլացման գործընթացի հետ՝ երբեմն–երբեմն ստիպված եմ հիշել «երգի ու պարի հեղափոխություն» անողին։

Եվ այսպես. ապրիլի 28–ի հանրահավաքում Տեր–Պետրոսյանի խոսքը և ՀԱԿ մի շարք ներկայացուցիչների պահվածքը ցույց տվեցին, որ նրանք շարքերին, կներեք արտահայտությանս, ոչխարի տեղ են դրել։ Նրանց խոսքերից ստացվում է, որ երեք տարի պայքար էր մղվել, որպեսզի «երկխոսության» մեջ մտնեին Սերժ Սարգսյանի հետ։ Այսինքն՝ մարդիկ մարտի 1–ին ձգտում էին «երկխոսել» «Եղիազարի» հետ ու դրա համար էին դուրս եկել փողոց ու տասը զոհ տվել։ Բա եղա՞վ։

Եթե իրենց որակած «մոնղոլ–թաթարների» հետ «երկխոսությունն» էր լևոնականների պայքարի բուն նպատակն այս երեք տարիների ընթացքում, ապա ինչու՞ նրանք չարձագանքեցին 2008–ի փետրվարի 26–ին իշխանության կազմակերպած հանրահավաքի ժամանակ հնչեցրած Սերժ Սարգսյանի երկխոսության կոչին։ Թե՞ այն ժամանակ մտածում էին, որ կկարողանան իշխանությունը հեղափոխությամբ վերցնել ու դրա համար Տեր–Պետրոսյանը մարտի 1–ի ցերեկը կոչ արեց մարդկանց մնալ Մյասնիկյանի արձանի մոտ, բայց երբ տեսան, որ չի ստացվում՝ հետագայում հիշեցին էջմիածնական միաբաններին ու պատրաստակամություն հայտնեցին դառնալ «Եղիազարի» հաճախորդը։

Ի դեպ, 2008–ի փետրվարի 26–ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած «սերժապաշտպան» հանրահավաքի մասնակիցներից ոմանք այդ օրերին միացան Ազատության հրապարակում հավաքված լևոնականներին։ Եվ ճակատագրի ինչպիսի՜ հեգնանք. այժմ Տեր–Պետրոսյանի՛ կազմակերպած հանրահավաքի մասնակիցներն են ակամայից միանում Սերժ Սարգսյանին, քանի որ կանգնում են մեկի կողքը, ով Սերժ Սարգսյանի այն օրերի կոչի ոճով այսօր առաջարկում է «երկխոսել»՝ չմոռանալով նկատել, որ եթե «երկխոսություն» չլինի իշխանության հետ, ապա Ադրբեջանը կհարձակվի մեզ վրա։ Տեր–Պետրոսյանի ասածներից ստացվում է, որ 2008–ին, երբ «երգի ու պարի հեղափոխություն» և շուրջօրյա հանրահավաքներ էին տեղի ունենում, ինքն այդ օրերին «իշմար» էր տալիս Ադրբեջանին ու հեշտացնում մեր հարևանի գործը. սա ի միջի այլոց։

Փաստորեն՝ Լևոն Տեր–Պետրոսյանն իր ներկայիս քայլերով ու «երկխոսության» ձգտման բուռն ցանկությամբ ռեաբիլիտացնում է իրենց իսկ կողմից «ախք» որակված Արթուր Բաղդասարյանին ու դրական գնահատում նրա պահվածքը 2008–ին՝ դրանով իսկ վերահասցեագրելով «ախք» պիտակը։

Ինչպես հայտնի է, ՕԵԿ նախագահը, Անվտանգության խորհրդի քարտուղար դառնալուց հետո մեկնաբանելով իր «երկխոսությունը» Սերժ Սարգսյանի հետ՝ հիմնավորեց այդ քայլը երկիրը ցնցումներից զերծ պահելու մոտիվացիայով։

«Եթե ես չմիանայի Սերժ Սարգսյանին, ապա մարտի 1–ի զոհերն ավելի շատ կլինեին»,– արդարանում էր Ա. Բաղդասարյանը։

Թե որքանո՞վ է ընդունելի «սկզբունքային» Բաղդասարյանի այս բացատրություններն իր հաճախորդացման մասով՝ այլ հարց է։ Բայց փաստ է, որ նա Սարգսյանի հետ «երկխոսեց» առանց զոհերի, վիրավորների ու  քաղբանտարկյալների։ Իսկ Տեր–Պետրոսյանը հաճախորդացման ճամփան բռնել է 10 զոհերի, հարյուրավոր վիրավորների ու քաղբանտարկյալների բեռը ուսին, ինչը շատ ավելի քննադատելի է, քան Արթուր Բաղդասարյանի կամ Արտաշես Գեղամյանի հաճախորդացման պատմությունը։ «Ժառանգության» Ռուբեն Հակոբյանը ճիշտ է ասում. Տեր–Պետրոսյանը պետք է ներում հայցի ՕԵԿ առաջնորդից։

Այսօրվա հանրահավաքում Տեր–Պետրոսյանն այնքան մեծ մեջբերումներ էր անում Սերժ Սարգսյանից ու այնպիսի նազանքով էր ցիտում Սերժ Սարգսյանին, որ տպավորություն ստեղծվեց, թե Շարմազանովն է իր հերթական ասուլիսում հիշեցնում ՀՀԿ «ճկուն» ղեկավարի խոսքերը, կամ Ռազմիկ Զոհրաբյանն է հիանում Սարգսյանի ասածներով (նախապես ներողություն եմ խնդրում պարոնայք Շարմազանովից ու Զոհրաբյանից՝ նրանց Տեր–Պետրոսյանի հետ համեմատելու համար)։

Տեր–Պետրոսյանը մի քանի անգամ ջուր խմեց, որպեսզի կարողանա գլուխ բերել «ջրբաժանից» հրաժարվելու իր ձևակերպումները։ Բայց շատ «նագլի» դուրս եկավ Սերժ Սարգսյանը։ Մարդիկ պատրաստ են տրվել իրեն, իսկ նա բռնել ու, Տեր–Պետրոսյանի խոսքերով, «երկխոսության» դուռը ոչ թե բացել, այլ կիսաբաց է արել՝ անհարմար վիճակի մեջ դնելով «միաբաններին». կոպիտ դար է, կոպիտ բարքեր։

Նկատենք, որ ապրիլի 28–ն իրոք դարձավ ջրբաժանային. մի կողմում Սերժ Սարգսյանը և իր հին ու նոր հաճախորդներն են, իսկ մյուս կողմում՝ երկրում իրական փոփոխությունների ձգտող քաղաքական ուժերն ու հանրության լայն շրջանակները։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Ես այս ամենը շատ դրական եմ գնահատում, քանզի կայծակնային արագությամբ «խուրդվում» են «միաբանները» և քաղաքական դաշտը մաքրվում է բալաստից։

Հիմա զուտ սպորտային հետաքրքրություն է առաջացնում այն հարցը, թե ՀԱԿ առաջնորդն ու իր նեղ թիմը «երկխոսությունից» հետո իշխանական համակարգում մոնղոլակա՞ն, թե՞ թաթարական բաժնի վարիչի տեղակալի օգնականի պաշտոնին են նշանակվելու։ Սա իրոք մեծ հետաքրքրություն ներկայացնող հարց է։ Ընդունվում են խաղադրույքներ։

Այս խորագրի վերջին նյութերը