«Իմ քայլի» պատգամավորներին, ՔՊ–ին, կառավարության անդամներին, ուժային կառույցներին
Դեռևս ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի՝ բռնության կոչերով լեցոուն ֆեյսբուքյան գրառումը քրեորեն հետապնդելի ձևակերպումներ է պարունակում։Այդ գրառումը հակասում է ՀՀ սահմանադրության տառին և ոգուն։
Հաշվի առնելով մեր երկրում առկա խիստ լարված ու պայթյունավտանգ իրավիճակը՝ անհրաժեշտ է կանխել ներքին բախումների հրահրումը, երկրորդ «Մարտի 1»–ի կազմակերպումը, քաոսը և ՀՀ անվտանգությանը սպառնացող գործընթացները։
1․ «Իմ քայլը» խմբակցությանը
Խմբակցության յուրաքանչյուր անդամ պետք է վերջապես առաջնորդվի Սահմանադրության 94–րդ հոդվածով, ըստ որի՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, կաշկանդված չէ հրամայական մանդատով, առաջնորդվում է իր խղճով եւ համոզմունքներով:
Ուշադրությո՛ւն դարձրեք, Սահմանադրության մեջ չկա դրույթ, որ դուք պետք է առաջնորդվեք մեկ մարդու քմահաճույքներով, վախերով, ֆոբիաներով ու ապօրինի հրահանգներով։
Անհատական ազատագրման և ինքնամաքրման «տրանսֆերային պատուհանը» շատ արագ փակվելու է։ Առաջիկա ժամերի ընթացքում։
Խոսքը ճամբարափոխության մասին չէ։ Խոսքը կապիտուլյացիայից ու բռնությամբ իշխանությունը պահելու քայլերից տարանջատվելն է՝ «Իմ քայլից» դուրս գալու միջոցով։
«Իմ քայլից» դուրս եկող յուրքանչյուր պատգամավոր հումանիտար միջանցք կստանա։ Հակառակ դեպքում ամեն մեկը կստորագրի իր բաժին կապիտուլյացիայի ու ինքնաոչնչացման ակտի տակ։ Կոլեկտիվ անպատասխանատվությունը տվյալ դեպքում չի աշխատելու։
2․ «Քաղաքացիական պայմանագրին»
Այս կուսակցությունը կա՛մ պետք է ինքնամաքրվի անհավասարկշիռ առաջնորդից, կա՛մ դրա ամեն մի անդամ պետք է որոշում կայացնի՝ ինքը համահեղինա՞կ է կապիտուլյացիայի ակտին, թե՞ ոչ։
3․ Կառավարության անդամներին
Դուք պատրա՞ստ եք կանգնել պարտության դրոշակակրի կողքը։ Դուք պատրա՞ստ եք ապրել կապիտուլյացիայի համահեղինակի խարանով։
4․ Ուժային կառույցներին
Հարգելի ոստիկաններ, հատուկ ծառայության աշխատակիցներ, մեջքից հարված ստացած բանակ։ Ձեր պարտքն է պահպանել սահմանադրական կարգը, թույլ չտալ օրինազանցություն, իշխանության ուզուրպացիա, ՀՀ քաղաքացիների իրավունքների ոտնահարում և գործել բացառապես հանուն Հայաստանի Հանրապետության։
Դուք երդվել եք ծառայել պետությանը, այլ ոչ թե մեր երկիրը կապիտուլյացիայի տարած անձին։
Պարտված ու վախեցած մարդուն պետք են հզոր ցնցումներ, իսկ մեզ՝ հզոր հայրենիք։
«Իմ քայլի» պատգամավորներին, ՔՊ–ին, կառավարության անդամներին, ուժային կառույցներին