Մեկնաբանություն

30.04.2011 15:05


Ֆիդելը, պապին ու զոմբիները

Ֆիդելը, պապին ու զոմբիները

Ապրիլի 28–ի «ջրբաժանային» հանրահավաքում Լևոն Տեր–Պետրոսյանը նախ «հիմա» պահանջող որոշների «պորտը տեղը դրեց», իսկ այնուհետև  հաճոյախոսություն արեց իրեն սատարող ու կրկին «հիմա» պահանջող երիտասարդների հասցեին՝ «նա շիշ, նա քյաբաբ» տարբերակով։

–Քաղաքական մարգինալների եւ արկածախնդիրների ծայրահեղ տրամադրություններին ավելորդ եմ համարում անդրադառնալ, որովհետեւ նախ՝ դրանք ամենեւին տիրապետող չեն, եւ երկրորդ՝ այդպիսի տրամադրությունները մեծ մասամբ խաբուսիկ են, քանի որ դրանց կրողները երբեք խոսքից գործի անցնելու ունակ չեն եւ, որպես կանոն, հակված են իրենց ցանկություններն իրականացած տեսնել ուրիշի ձեռքով,– նշեց ՀԱԿ առաջնորդը և ավելացրեց,– ես սրանցից որոշակիապես առանձնացնում եմ բազմաթիվ ազնիվ երիտասարդների, որոնց հեղափոխական տրամադրությունները պայմանավորված են բացառապես քաղաքական ռոմանտիզմով։ Մենք բոլորս էլ այդ տարիքում հիացած էինք Ֆիդել Կաստրոյով ու Չեգեվարայով։

Ուշադրությու՛ն դարձրեք. Լենին պապին, իսկ ավելի ճիշտ՝ Լևոն պապին իրեն համեմատում է Կուբայի ավտորիտար ու տասնամյակներով իր պաշտոնը չհանձնած ղեկավար Ֆիդել Կաստրոյի հետ ու ջահելությանը հասկացնում, որ «վկա» դառնալով՝ կարելի է Ֆիդել ծնել։ Դժվար է ասել, դա միտումնավո՞ր համեմատություն էր, որպեսզի «վկաները» խելքի գան ու հասկանան, որ իրենց դիմաց սովորական ֆյուրերիկ է կանգնած, թե՞ Տեր–Պետրոսյանը, ըստ Ֆրեյդի, լեզվի սայթաքում թույլ տվեց, բայց ասվածը շատ խորհրդանշական էր։

Ստացվում է, որ Տեր–Պետրոսյանն իրենով հիացած ու հեղափոխական տրամադրված երիտասարդներին համարում է ռոմանտիկներ, ովքեր տարիքի բերումով չեն հասկանում, որ իրականում երկրպագում են հեղափոխությամբ իշխանությունը վերցրած ու հետո բռնապետ դարձած Կուբայի պապիին հիշեցնող մեկին։ Ու քանի որ, Տեր–Պետրոսյանն այդ «ռոմանտիկներին» որոշակիորեն առանձնացնում է իր բնորոշմամբ քաղաքական մարգինալներից ու արկածախնդիրներից՝ ուստի կարելի է եզրակացնել, որ ՀԱԿ ջահելության «ռոմանտիզմը» պապիին դուր է գալիս, այսինքն՝ Տեր–Պետրոսյանը դեմ չէր լինի հեղափոխության միջոցով ու «ռոմանտիկների» աջակցությամբ Հայաստանի Ֆիդել Կաստրոն դառնալ, եթե իհարկե ինքը հեղափոխության արյունոտ փուլում տանը մնա («թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի»), բայց «մարտի 1–ի» տիպի գործընթացն այլ՝ իրեն իշխանության բերող արդյունքի հանգեցնի։ Քանի դա չի ստացվում՝ ճիշտը Սերժ Սարգսյանի հետ «երկխոսելն» է։

Ի դեպ, քաղաքական ռոմանտիզմով մի ժամանակ տառապել են նաև Հիտլերին երկրպագող «յուգենտները», իսկ թե վերջում ինչ է դուրս եկել այդ ամենից՝ հայտնի է բոլորիս։ Բայց հիմա անիմաստ է ՀԱԿ–ի հովանու տակ գործող այդ «ռոմանտիկներից» շատերին բան բացատրելը։ Ժամանակը կբուժի նրանց, բայց հենց նրանք բուժվեցին՝ «վկայից» դառնալու են «հակավկա» և այդ ժամանակ Տեր–Պետրոսյանին ավելի դաժան քննադատողներ ու ատողներ, քան «ռոմանտիկները»՝ չեն լինի։ Այդպիսի  մի քանի դեպքեր արդեն իսկ արձանագրվել են։ Այնպես որ ամեն ինչ դեռ առջևում է, իսկ առայժմ «ռոմանտիզմը» շարունակվում է։

Եվ ուրեմն. պայքա՛ր, պայքա՛ր, մինչև վե՛րջ։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը