Աշխարհ

03.05.2011 13:58


Պատերազմի սպառնալիքն անընդհատ աճու՞մ է

Պատերազմի սպառնալիքն անընդհատ աճու՞մ է

Մեկնաբանելով վերջերս Ադրբեջանի ակտիվության աճը, քաղաքագետ Արմեն Աղայանն ասել է, թե այդ երկրի ագրեսիվությունն անընդհատ է աճում, և դա կայուն դինամիկա է վերջին տարիների ընթացքում։

Դա, նրա խոսքերով, տրամաբանական է, քանի որ Ադրբեջանը մեծացնում է իր տնտեսական և ռազմական հնարավորությունները, և դա միանշանակ ինչ–որ նպատակ ունի։ Իսկ նպատակին հասնելու ճանապարհին պետք է նախապատրաստել  ու տպավորություն ստեղծել, թե պատերազմական վիճակը շարունակվում է, որ իսկական պատերազմ սկսի։

Պատերազմի սպառնալիքը կա ու անընդհատ աճում է,– ասել է նա։

Նրա խոսքերով՝ դա մեկ բացատրություն ևս ունի, քանի որ Ադրբեջանի նախորդ քարոզչական մարտավարությունը, որն ուղղված էր հիմնականում միջազգային հանրությանը ստիպելուն, որ վերջինս Հայաստանին հարկադրի զիջումներ կատարել, որոշ չափով ձախողվեց Հայաստանում։

Ինչ վերաբերում է ադրբեջանական վերջին գործողություններին հայկական կողմի պատասխանին, Արմեն Աղայանը դրանք բավարար չի համարում.

Երբեմն, երբ ցանկանում ես, որ հակառակորդը խելոքանա ու պակաս ագրեսիվ լինի, պետք է քո վճռականությունը ցույց տաս հենց առաջին պահից։ Կարծում եմ՝ այդ առաջին պահը բաց է թողնվել, և ադրբեջանցիներն ավելի են համարձակություն ձեռք բերել։ Եկեք հասկանանք նաև, որ ադրբեջանական հրամանատարության համար 1–2 զինվորի մահն այդքան էլ մեծ արժեք չէ։

Նրա խոսքերով՝ ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտել, և եթե ադրբեջանական կողմը սպանում է հայ մեկ զինվորի, ապա հայկական կողմը նախ պետք է եռապատիկ պատասխանի բնակչության հարաբերակցության տեսանկյունից, որ արդյունքը նման լինի։ Իսկ որպեսզի դա պատիժ համարվի, պատասխանը պետք է ևս 3–ով բազմապատկվի։ Այսինքն՝ պատասխանը մոտ 10 անգամ ավելի շատ պետք է լինի, որ Ադրբեջանն այն համարժեք համարի։

Իսկ եթե մենք ավելի լուրջ խնդիր ունենք, որ այդ երևույթն ընդհանրապես դադարի, ապա շատ կարևոր խնդիր էլ կա՝ սահմանամերձ շրջանի շփման գծին հարակից շրջանների ադրբեջանական բնակչությունը պետք է սկսի ատել այն դիպուկահարին, ով այնտեղից կրակում է հայկական կողմի վրա։ Դրա համար պետք է այդ գյուղը վերանա,–ընդգծել է Ա. Աղայանն ու ասել, որ չնայած իր ասածները հիմա միգուցե սարսափելի են թվում, բայց 1994թ. հայկական կողմը հենց այդպես էր պատասխանում, ու դա արդյունավետ էր։

Այնուհետև, նրա խոսքերով, բանակցային գործընթացի ընթացքում, ընդհանուր խաղաղասիրական մթնոլորտի պայմաններում հայկական կողմի պատասխաններն ավելի մեղմացան, իսկ ադրբեջանական կողմն է՛լ ավելի ագրեսիվ դարձավ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը