Քաղաքական

03.12.2020 19:08


ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում բոլոր օտարերկրյա վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից

ԵԱՀԿ Մինսկի խումբը կոչ է անում բոլոր օտարերկրյա վարձկաններին արագ հեռանալ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանից

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակության ղեկավարները հանդես են եկել հայտարարությամբ՝ ողջունելով Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումը:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են անում շարունակել կատարել իրենց պարտավորությունները, որոնք նախատեսված են նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ինչպես նաև հրադադարի ռեժիմի վերաբերյալ իրենց նախորդ պարտավորությունները: Համանախագահ երկրները կարևորում են Ռուսաստանի Դաշնության կողմից Ադրբեջանի և Հայաստանի հետ համաձայնեցված միջոցառումների նշանակությունը՝ ռազմական գործողությունների չվերսկսումը երաշխավորելու համար:

Նրանք նաև կոչ են անում բոլոր օտարերկրյա վարձկաններին լիարժեք և արագ հեռանալ տարածաշրջանից և կոչ են անում բոլոր կողմերին հեշտացնել այս հեռացումը:
Համանախագահ երկրները հիշեցնում են Հայաստանին և Ադրբեջանին միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները կատարելու իրենց պարտավորության մասին, մասնավորապես՝ ռազմագերիների փոխանակման և դիակների վերադարձի հետ կապված:

Դրանք ընդգծում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում տեղահանված մարդկանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձի պայմանների երաշխավորման կարևորությունը, այդ թվում` վերջին ռազմական գործողությունների ընթացքում: Դրանք ընդգծում են պատմական և կրոնական ժառանգության պաշտպանության կարևորությունը Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում: Համանախագահ երկրները կոչ են անում Ադրբեջանին և Հայաստանին լիարժեք համագործակցել համապատասխան միջազգային կազմակերպությունների հետ` այդ ոլորտներում իրենց պարտավորությունները կատարելու և մարդասիրական հասանելիություն ապահովելու համար:

Համանախագահ երկրները դիմում են միջազգային հանրությանը, այդ թվում՝ ԿԽՄԿ-ին, ՄԱԿ-ի ինստիտուտներին և այլ համապատասխան կառույցներին, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի առանձին երկրներին համակարգված կերպով ձեռնարկել կոնկրետ քայլեր Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում մարդասիրական իրավիճակը բարելավելու ուղղությամբ: Համանախագահները նաև վերահաստատում են իրենց ամուր աջակցությունը ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի շարունակական աշխատանքին:

Համանախագահ երկրները հորդորում են Հայաստանին և Ադրբեջանին օգտվել գործող հրադադարից՝ համանախագահների հովանու ներքո բանակցություններ վարելու կայուն խաղաղության վերաբերյալ: Այդ համատեքստում համանախագահ երկրները հորդորում են կողմերին հնարավորինս շուտ ընդունել տարածաշրջանում համանախագահներին և պարտավորվել առարկայական բանակցություններ վարել բոլոր չլուծված խնդիրները լուծելու համար` համաձայնեցված ժամանակացույցով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները հիշեցնում են իրենց վճռականությունը վեճերը լուծելու համար ուժի չկիրառման կամ սպառնալիքի նկատմամբ: Նրանք կրկնում են իրենց հետևողական և միասնական դիրքորոշումը՝ հօգուտ բանակցային, համապարփակ և կայուն կարգավորման հակամարտության մնացած բոլոր հիմնական առարկայական հիմնախնդիրները՝ համահունչ թե՛ Հայաստանին, թե՛ Ադրբեջանին հայտնի հիմնարար սկզբունքներին և տարրերին: Համանախագահ երկրները շարունակում են լիովին հավատարիմ մնալ այդ նպատակին հետամուտ լինելուն՝ տարածաշրջանում խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման իրենց երկարամյա ջանքերին:

Աղբյուրը՝ aysor.am

Այս խորագրի վերջին նյութերը