Քաղաքական

04.12.2020 13:05


Վազգեն Մանուկյանն ապահովում է այդ ամեն ինչը. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան

Վազգեն Մանուկյանն ապահովում է այդ ամեն ինչը. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան

Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը տրամաբանական է համարում ընդդիմադիր 17 ուժերի ընտրությունը վարչապետի թեկնածուի հարցում:

«Պատերազմից հետո պետական բոլոր ինստիտուտները՝ նախագահի, Ազգային ժողովի, կառավարության, վարչապետի, վարկաբեկվել են, կորցրել նախկին լեգիտիմությունը: Ցավոք սրտի, վարկաբեկվել է նաև եզակի ինստուտներից մեկը, որը մեզանում կայացել էր՝ բանակը: Այս պայմաններում անհրաժեշտ է այնպիսի անձի բերել իշխանության, որը կկարողանա ոչ միայն երկրում վերադարձնել կառավարելիությունը, այլ կարողանա արտահերթ ընտրություններ կազմակերպելով՝ այդ ինստիտուտների հանդեպ լեգիտիմությունը վերականգնել: Այս պարագայում Վազգեն Մանուկյանի թեկնածությունը տրամաբանական է»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը:

Նա հիշեցրեց, որ Վազգեն Մանուկյանը 1990-ական թվականներին Հայաստանի առաջին վարչապետն էր, ով կարողացել է անցնցում ապահովել վերափոխումը՝ սովետական տնտեսությունից դեպի նորանկախ Հայաստանի տնտեսական համակարգ, ընդհնարապես՝ պետական կառույցների վերափոխում տեղի ունեցավ:

«Գաղափարական հակասությունների պատճառով դուրս գալով ՀՀՇ-ից և Լևոն Տեր Պետրոսյանի թիմից՝ նա ցույց տվեց, որ պաշտոնն իր համար կարևոր չէ: Այնուամենայնիվ, կրկին եկավ իշխանության պաշտպանության նախարարի պաշտոնում, երբ լուրջ խնդիրներ կային: Նա այլ պաշտոնյաների հետ միասին կարողացավ պատերազմի օրերին տարբեր ջոկատներից կանոնավոր բանակ ստեղծել, ինչի շնորհիվ կարողացանք հաջողություններ գրանցել»,-ասաց քաղաքագետը:

Նա ընդգծեց՝ Վազգեն Մանուկյանը բավականին հարմար և ընդունելի թեկնածու է, որն ունի այս ճգնաժամային հոգեվիճակում որոշակի փոփոխություններ իրականացնելու համապատասխան ունակություններ:

«Այն պայմանները, որոնցում Վազգեն Մանուկյանն առաջադրվում է, որոնցով նա գնում է այդ պաշտոնին՝ մեկ տարի պաշտոնավարում է, կազմակերպում է արտահերթ ընտրութուններ, չի հավակնում պաշտոնի, այսինքն՝ քաղաքական ուժերին անհրաժեշտ էր այնպիսի անկախ թեկնածու, որը կկարողանա ոչ միայն իրականացնել այս անցումային փուլը, նաև քաղաքական ուժերը վստահ կլինեն, որ նա չի օգտագործի վարչական ռեսուրսը սեփական թիմի վերարտադրությունն ապահովելու համար:

Վազգեն Մանուկյանն, իր վրա վերցնելով այդ պարտավորությունները, ապահովում է այդ ամեն ինչը, այսինքն՝ տրամաբանության շրջանակներում հասկանալի է թե ընտրությունը, թե այն քայլերը, որոնցով գնում է ընդդիմությունը»,-ասաց Բ. Մաթևոսյանը:

17 կուսակցությունների հայտարարությունից հետո Վազգեն Մանուկյանին ուղղված քննադատությունը քաղաքագետը նորմալ է գնահատում. «Ինչքան մարդ, այնքան կարծիք: Բացի այդ եկեք չմոռանանք մի կարևոր հանգամանք. 2,5 տարի առաջ մարդիկ շատ լուրջ սպասումներ ունեին, դուրս եկան փողոց, բայց Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տապալեց հայկական երկրորդ պետականությունը, նաև սպանեց հավատը, վստահությունը քաղաքական գործիչների, քաղաքական գործընթացների նկատմամբ:

Ինչ վերաբերում է ուղղորդված բացասական կարծիքներին, հատկապես ֆեյսբուքյան ֆեյքային ֆաբրիկայի տիրույթի ներկայացուցիչների կողմից, Վազգեն Մանուկյանի կարևորագույն առաքելություններից մեկը լինելու է հենց ֆեյքային ֆաբրիկաների վերացումը, որպեսզի հասարակության միջից, քաղաքական դիսկուրսից կարողանանք հանել թույնը, ատելությունը:

Երկրում հանդուրժողականության մթնոլորտ հաստատելու այլ ճանապարհ անհնար է պատկերացնել: Այդ շրջանակների արձագանքի վրա այդքան էլ մեծ ուշադրություն պետք չէ դարձնել: Իրենք այս իշխանության հետ միասին իրենց վերջին օրերն են ապրում:

Հասարակության մի մասը շատ դրական է ընդունում Վազգեն Մանուկյանի առաջադրումը՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ արդեն ասացի»:

Անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ վարչապետի իր թեկնածուն ունենալուն, Բ. Մաթևոսյանը հիշեցրեց, որ 2018 թվականին իշխանափոխության ժամանակ Էդմոն Մարուքյանն անհրաժեշտ և ճիշտ պահին ճիշտ կողմնորոշում դրսևորեց:

«Քաղաքական գործընթացների տրամաբանությունն այնպես է գնալու, որ բոլորն են միանալու: Նույնը վերաբերում է նաև Էդմոն Մարուքյանին: Այս պահին միգուցե սակարկումների խնդիր կա, ներքին խոհանոց է, որը մեզ հասու չէ, բայց, կարծում եմ, ճիշտ պահին համապատասխան քայլեր կիրականացնի «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը ու ճիշտ կողմնորոշում կցուցաբերի»:

Քաղաքագետը Նիկոլ Փաշինյանի հեռանալը տեսնում է և ժողովրդի ճնշմամբ, և Ազգային ժողովի կողմից գործընթացների միջոցով:

«Առանց ակցիաների, փողոցները փակելու, հանրահավաքների այս իշխանությունը չի հեռանա, բայց ժողովորդավարական երկիր կառուցելու համար պետք է ունենալ իրավական պետություն: Այսինքն՝ գործընթացները տեղի են ունենալու Ազգային ժողովում: Նախ Ազգային ժողովը պետք է վերացնի ռազմական դրությունը, որից հետո հնարավորություն կլինի առաջադրել վարչապետի սեփական թեկնածուն և անվստահություն հայտնել»,-ասաց Բենիամին Մաթևոսյանը:

Այս խորագրի վերջին նյութերը