Քաղաքական

04.12.2020 14:22


Արցախի Թաղավարդ գյուղի կեսը մնացել է թշնամուն, հայկական կողմում մնացած հատվածն էլ կա՛մ վառված է, կա՛մ ավերակ, 4 կողմից էլ թշնամին է. համայնքապետ

Արցախի Թաղավարդ գյուղի կեսը մնացել է թշնամուն, հայկական կողմում մնացած հատվածն էլ կա՛մ վառված է, կա՛մ ավերակ, 4 կողմից էլ թշնամին է. համայնքապետ

Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի կեսը թշնամուն է մնացել, կեսը՝ հայկական կողմում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Օլեգ Հարությունյանը:

«Թաղավարդը 7 կմ երկարությամբ գյուղ է: Երկու մասից էր՝ Թաղավարդ ու Թաղավարդ Կալեր: 3.5 կմ-ն՝ բուն Թաղավարդ գյուղը մնացել է թուրքի ձեռքին: Պատերազմի ընթացքում թշնամու զորքն առաջ է եկել, մյուս կեսը կարողացել ենք պաշտպանել: Թաղավարդ Կալերում մենք 200 հոգանոց զորք ունեինք, գյուղի տղաներից էլ կային, Թաղավարդում 30 հոգանոց խումբ է եղել՝ գյուղի տղաներ: Թշնամին 300 հոգով մտել է, մեր տղերքը իջել են, մի քանի զոհ ենք տվել այդ կռվում»,-պատմեց նա։

Օլեգ Հարությունյանը ներկայացրեց, որ թշնամու կողմում 133 տուն է մնացել, այդ թվում՝ իր տունը, հայկական կողմում՝ մոտ 200: «Իրենց մնացած հատվածում տների կեսը քանդել են, կեսը՝ վառել: Հեռադիտակով նայում եմ, իմ տունն էլ են վառել, հիմա էլ շարունակում են քանդել»,-ասաց նա:

Հարությունյանը հայտնեց, որ մինչ պատերազմը Թաղավարդում 1300-ից ավելի բնակիչ է եղել, այժմ գյուղում մոտ 300-ն են: Նրա խոսքով՝ գյուղի կեսն ավերակ է, կեսը՝ վառված:

«Գյուղում շատ տխուր վիճակ է: Լույս, գազ, ջուր չկա, ճանապարհ չկա: Դպրոցը, գյուղապետարանը ավերված են: Ապրում ենք Աստծուն ապավինելով: Հայի հույսը վերջինն է մեռնում, մենք էլ էդպիսին ենք: Գյուղի չորս բոլորը թուրք է, մենակ մի ճամփա ունենք՝ Կարմիր Շուկա-Ստեփանակերտ տանող, այն էլ շաբաթը երկու անգամ 5 ժամով փակում են՝ ասելով, որ թուրքը Ֆիզուլիից Շուշի պիտի գնա: Բնակիչներն անորոշ վիճակում են: Այժմ այստեղ հիմնականում այն մարդիկ են, որոնց տները մնացել են հայկական հատվածում, բայց այստեղ էլ տների կեսը ռմբահարված է, կեսը՝ վառված: Այս ամենը պետք է աչքերով տեսնել: Լավ է՝ դուք էլ զանգում եք, ասում ենք՝ էս ինչ լավ է, մեզ հիշում են»,-ասաց Օլեգ Հարությունյանը:

Այս խորագրի վերջին նյութերը