Գերմանիայի թեմի առաջնորդը` Լոռի ուղարկված հումանիտար բեռի մասին
Այս օրերին Գերմանիայից և Հայաստանից մի քանի հոգի դիմեցին ինձ՝ տեղեկանալու վերջին օրերին սոցիալական ցանցերում և հայաստանյան որոշ լրատվամիջոցների կայքէջներում տարածվող լուրերի իսկության մասին՝ Գերմանիայից Հայաստան առաքված մարդասիրական օգնության Լոռու մարզպետարանի կողմից տնօրինելու կամ իրենց պահեստներում պահելու վերաբերյալ։
Այս առնչությամբ կուզեի տեղեկացնել, որ խնդրո առարկա բեռը Հայաստան է առաքվել անձնական նախաձեռնությամբ։ Ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն գերմանահայ համայնքի որևէ կառույց ուղղակի կամ անուղղակի կապ չունի այս բեռի հավաքագրման և Հայաստան առաքման հետ։ Այն Գերմանիայում ապրող առանձին հայ անհատների նախաձեռնությունն է, որոնցից ոմանց ես անձնապես ճանաչում եմ։
Անհատական նախաձեռնություն լինելով հանդերձ բեռի, եթե ոչ ամբողջ բաժինը, ապա մեծ մասը մարդասիրական օգնություն է և ժամ առաջ պետք է ծառայի իր նպատակին։ Հետևաբար Լոռու մարզպետարանին խնդրում եմ օրենքի շրջանակներում անհապաղ լուծել մաքսային-իրավաբանական հարցերը և օգնության մարդասիրական բաժինը հասցնել կարիքավոր ընտանիքներին: Եթե կան որոշ ապրանքներ, որոնց մարդասիրական կամ հումանիտար լինելը խնդրահարույց է, դա, կարծում եմ, պետք չէ խանգարի, որ մնացած բաժինը շուտափույթ հասնի մեր կարիքավոր կամ տեղահանված հայրենակիցներին, իսկ դեղերն էլ՝ համապատասխան բուժհաստատություններին։
Մեզ համար շատ կարևոր է, որ ժամ առաջ հստակվի այս հարցը, և մեր նաև գերմանահայ հայրենակիցները, որոնք վերջին ամիսներին ամենայն պատրաստակամությամբ ու ջանասիրությամբ օժանդակեցին մարդասիրական օգնության հավաքագրման և գումարներ նվիրաբերեցին մեր հայրենիքին, չկորցնեն իրենց վստահությունը՝ ո՛չ համայնքային, ո՛չ էլ հայաստանյան կառույցների նկատմամբ։
Գերմանիայի թեմի առաջնորդը` Լոռի ուղարկված հումանիտար բեռի մասին