Քաղաքական

09.12.2020 13:04


«Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանը». ֆրանսիական Valeurs actuelles-ը զրուցել է արցախցիների և ԼՂ պատերազմի մասնակիցների հետ

«Նիկոլ Փաշինյանը վաճառել է Հայաստանը». ֆրանսիական Valeurs actuelles-ը զրուցել է արցախցիների և ԼՂ պատերազմի մասնակիցների հետ

Ֆրանսիական Valeurs actuelles հրատարակությունը հրապարակել է Բարբարա Վիոլեի և Անրի Դարիգրանի հոդվածը, որում հոդվածագիրներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի ներկայիս իրավիճակին և դրա ազդեցությանը տեղի բնակչության վրա:

Հոդվածը սկսվում է արցախյան ճանապարհների նկարագրությամբ.

Շարժվելով դեպի Ստեփանակերտ տանող ձյունածածկ ու ոլորուն ճանապարհներով՝ մեքենաները դանդաղեցնում են ընթացքն իջվածքների վրա, անվադողերը ճռռում են սառույցի վրա, իսկ հետո հանկարծակի արագանում ՝ խաչմերուկին շրջանցելով ԽՍՀՄ ժամանակներից եկող հին մեքենաները ՝ չմտածելով անգամ, որ հանդիպակաց ճանապարհով հնարավոր է մեկ ուրիշը գա: Տեղ-տեղ, նոսրացող անտառների արանքում, տղամարդիկ գերանները բարձում են հին խորհրդային բեռնատարների մեջ:

«Չեն ուզում թուրքերին ոչինչ թողնել»,-բացատրում է 23-ամյա ուսանող Անդոն: Նրանց տները, որոնք հրդեհվել են հենց իրենց կողմից, դեռ ծխում են: Ճանապարհին կարելի է տեսնել պատերազմի հետքերը. ավերված կամուրջներ, այրված տներ, խորտակված, առավել հաճախ ՝ անօդաչու սարքերի հարվածներից, մեքենաներ:

«Մենք պատրաստ չէինք, և Հայաստանը չկարողացավ դիմակայել գերժամանակակից զենքով հագեցած երկու բանակներին»,-ափսոսանքով ասում է Արցախի Հանրապետության պատգամավոր Դավիթ Գալիսյանը՝ մատնանշելով Երևանի պատասխանատվությունը:

Շատերի համար եկել է հատուցման ժամը:

«Հայաստանը վաճառել է Նիկոլ Փաշինյանը: Փաշինյանի կինը եկել էր առաջնագիծ իբր զինվորներին աջակցելու համար: Նրա հետ եկել էին ևս 13 հոգի, նրա խումբը կոչվում էր «Էրատո» Տիգրան Մեծի դստեր անունով, որը սահմանները բացել էր հռոմեացիների առջև»,-նշել է Գալիսյանը, որի համար սա շատ խորհրդանշական ու խոսուն ժեստ է:

«Սա ցեղասպանության շարունակություն էր».

Շուշիի մարտերին մասնակցած ծեր հրետանավորը պատմում է, որ իրենց դեմ կռվողների մեջ եղել են նաև Սիրիայից վարձկաններ:

«Հարյուրներով լցվում էին մեզ վրա, նույնիսկ չփորձելով թաքնվել, կրակելով առանց նշան բռնելու: Մեր հրետանին դրանց տասնյակներով հնձում էր, նրանց նույնիսկ վտանգ չէինք համարում»:

Այսպիսի պատմությունները շատ են. Գորիսում ապրող զինծառայող Սարգիսը նկարագրում է «սևազգեստ ահաբեկիչներին, որոնց միայն աչքերն էին տեսանելի»:

Ապա հոդվածագիրները հանդիպել և զրուցել են Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի հետ, որը նույնպես խոսել է վարձկաններից:

«Էրդողանը նրանց ուղարկում է Արցախ, քանի որ չի ցանկանում, որ նրանք լինեն Թուրքիայում: Նա դրանց օգտագործում է իր մեծ պանթուրքական ծրագրի համար, որի շրջանակներում հուսով է աստիճանաբար գրավել ամբողջ Արցախը, այնուհետև Հայաստանը: Եվ հետո Եվրոպայից էլ մի կտոր: Այն, ինչ տեղի է ունենում այստեղ, կարող է դառնալ ձեր ճակատագիրը մոտ ապագայում»,-ասել է գեներալը:

Գեներալը ցույց է տալիս սիրիական անունների ցուցակները՝ հաշվեհամարներով: Այս փաստաթուղթը հայտնաբերվել է սպանված ադրբեջանցի սպայի մոտ, որը գումար է փոխանցել վարձկանների ընտանիքներին յուրաքանչյուր սպանված հայի համար: Սպանությունները հաստատելու և լրացուցիչ բոնուսներ վաստակելու համար վարձկանները կտրում էին հայերի գլուխները կամ ականջները:

Ադրբեջանի կողմից պատերազմի օրենքների լիակատար անտեսումը ցույց է տվել նաև քիմիական զենքի օգտագործումը: Նախկինում անհայտ վնասվածքներով մի քանի տղամարդիկ ընդունվել են Երևանի կենտրոնական հիվանդանոց: Ըստ բժիշկների ՝ դրանք լայնածավալ վերքերով այրվածքներ են, «որոնք քիմիական նյութի հետ շփվելուց հետո շարունակում են մեծանալ և այրվել դեռևս մի քանի շաբաթվա ընթացքում»:

Հաշվի առնելով Ադրբեջանի քանակական և տեխնոլոգիական գերազանցությունը, դժվար է բացատրել նման զենքի անհրաժեշտությունը, եթե դա չի արվել բացառապես հայերի մեջ սարսափ և տառապանք սերմանելու համար:

«Սա դասական պատերազմ չէր, սա ցեղասպանության շարունակությունն էր»,-վստահեցնում են շատերը: Նման խոսքերը կարող են չափազանցություն թվալ, եթե չլինեին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե նա հայերին հալածում է «շների պես», որոնք հնչում են որպես ցեղասպանության պատմության տագնապալի արձագանք:

Մոսկվան շահագրգռված չէ թուրքական ազդեցության չափազանց շատ մեծացմամբ

«Այսպես թե այնպես պատերազմը կշարունակվի: Գարնանը կամ մի քանի տարի հետո դա նշանակություն չունի: Սա վերջը չէ»
,-ասում է Արամը` հասարակական կազմակերպություններից մեկի կամավորը, որը պատերազմի ընթացքում անընդհատ Արցախի և Հայաստանի միջև ճանապարհին է եղել՝ նյութատեխնիկական աջակցություն ցուցաբերելու համար:

Նույն կարծիքը կիսում է Գորիսի քահանա հայր Հրայրը՝ նշելով, որ ռուսների զանգվածային ներկայությունը կարող էր փոխել իրավիճակը: Իրոք, որոշ փորձագետներ կարծում են, որ Մոսկվան շահագրգռված չէ Կովկասի այս տարածաշրջանում թուրքական ազդեցության չափազանց մեծ ընդլայնմամբ: Ապագայի նկատմամբ անթաքույց անորոշությունն այն զգացողությունն է, որը միավորում է ամբողջ երկիրը նման ծանր պարտությունից հետո...

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը