Կարծիք

09.12.2020 14:24


Արտերկրում ՀՀ դեսպաններ, կատարե՛ք ձեր քայլը

Արտերկրում ՀՀ դեսպաններ, կատարե՛ք ձեր քայլը
Արտերկրում ՀՀ դեսպաններին
ՀՀ սահմանադրությամբ արտաքին քաղաքականության հայեցակարգը մշակում է ՀՀ վարչապետը, այն իրականացնում է դիվանագիտական կորպուսը՝ նախարարի գլխավորությամբ։ Նիկոլը ծրագրավորված մեր արտաքին քաղաքականությունը կարողացավ բերել զրոյական կետի և ոչնչացնել այն։ Հիշե՛ք նրա հակասական մոտեցումները Արցախ հարցում. նախ՝ արցախյան հակամարտության լուծումը պետք է բավարարի բոլոր երեք կողմերին, հաջորդ իսկ օրը՝ Արցախը Հայաստան է, և վե՛րջ՝ մարտնչող պահանջատիրական պոպուլիզմը, ինչն առիթ տվեց թշնամուն միջազգային ամբիոններում այս ձևակերպումն օգտագործելով հրաժարվել բանակցություններից և վերսկսել պատերազմը։ Նրա տգիտության և անհավասարակշիռ պահվածքի պատճառով մենք կորցրեցինք դե ֆակտո կայացած պետություն, ունեցանք 5000 զոհ, էլ չխոսեմ ազգային արժանապատվության ճչացող կորստից։ Վստահ եմ, որ ձեզանից շատերը գտնում եք, որ գործ ունեք իշխանությունը զավթած, արտաքին քաղաքականությունից ոչինչ չհասկացող մի պատահականության հետ, ով այս ընթացքում դարձավ մեր դիվանագիտության գերեզմանափորը։ Նրա հրաժարականը պահանջում են երկու կաթողիկոսները, ՀՀ գիտությունների ակադեմիան, մի շարք բուհական կոլեկտիվներ ու համայնքներ, քաղաքական հիմնական ուժերն ու ժողովրդի մեծ մասը։ Հրաժարականներ են ներկայացնում պետական պաշտոնյաններ ու ԱԺ պատգամավորներ։ Հրաժարական է տվել նաև ձեր նախկին նախարարը։ Ինչո՞ւ եք դուք լռում։ Ով-ով, բայց դուք հաստատ գիտեք, որ նման խայտառակ և ողբերգական հետևանքներով պարտությունից հետո որևէ պետության ղեկավար հրաժարական կտար։ Բայց նա ամեն գնով որոշել է կառչած մնալ աթոռին, ինչի պատճառով ամբողջությամբ կազմալուծել է պետական-հասարակական կյանքը, բևեռացրել է հասարակությանը, ինչը կարող է վերաճել քաղաքացիական բախումների։
Պահն է, որ նաև դուք, թե՛ որպես ՀՀ քաղաքացիներ, և թե՛ որպես դիվանագետներ արձագանգեք մեզանում ստեղծված այս ծանր իրավիճակին։
Կատարե՛ք ձեր քայլը։
Ռուբեն Հակոբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը