Կարծիք

12.12.2020 19:54


Իմ քաղաքացիներին կոչ եմ անում զինվել համբերությամբ

Իմ քաղաքացիներին կոչ եմ անում զինվել համբերությամբ
10.12.2020, դիմումիս համաձայն ազատվեցի ոստիկանությունում ծառայությունից: Ընդամենը մի քանի օրից, դեկտեմբերի 28-ին լրանալու էր ոստիկանությունում իմ ծառայության 4-րդ տարին:
4 երկար ու ձիգ տարիներ, որոնց ընթացքում շատ փորձությունների ու դժվարությունների միջով անցա: Ինձ համար բերետավոր լինելը և այդ ստորաբաժանումը ներկայացնելը պատիվ է եղել:
Շնորհակալություն եմ հայտնում Երևան քաղաքի վարչության պետից դիմումս ընդունելու և համաձայնությունը տալու համար:
Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև իմ ողջ նախկին և ներկա սպայական ու շարքային կազմից այս 4 տարվա հիշողությունների համար: Ու կապ չունի մենք ցույցի էինք, թե սովորական քաղաքային ծառայության, Հայաստանում, թե Արցախում: Մենք անգամ ամենածանր օրերին կգտնեինք պոզիտիվությունը պահելու առիթներ:
Չեմ ցանկանա ծավալվել ազատմանս դրդապատճառների վերաբերյալ:
Ուղղակի կմաղթեմ անփորձանք ծառայություն բոլոր ոստիկաններին ու կապ չունի Հատուկ գումարտակից եք, թե Հրեշտակներից, ՊՊԾ-ից եք, թե ՊՊԳՎ-ից, բաժնի աշխատող եք, թե Ոստիկանության զորքերից.... դուք բոլորդ իմն եք, իսկ ես ձեզանից մեկն եմ: Շատ կկարոտեմ բոլորիդ: Հպարտ եմ, որ Ձեր կողքին եմ եղել և ներկայացրել եմ ոստիկանությունը այս երկար տարիներ:
Իմ քաղաքացիներին ուղղակի կոչ կանեմ համբերատարությամբ զինվել ու չփորձել ոստիկանի արժանապատվությունը վիրավորել: Մենք Հայաստանի պայմանների համար շատ ցածր աշխատավարձով, բայց անձնուրացությամբ միշտ ծառայել ենք: Ու, եթե դուք կարող եք աշխատել երկու կամ ավել աշխատանքներին, ոստիկանը անգամ դրա իրավունքը չունի, ուր մնաց ժամանակը: Եթե ձեր երեխան տեսնում է ձեզ աշխատանքի գնալուց կամ գալուց, ապա իմացեք, որ շատ ոստիկանների երեխաները անգամ դրա հնարավորությունը չունեն: Եթե դուք կարող եք ձեզ համար անվտանգ աշխատել ու գնալ տուն, ապա ոստիկանի ամեն օրը դա փորձություն է, որի միջով ստիպված, թե նա, թե նրա տանեցիներն են ամցնում:
Դե հիմա ինքներդ մտածեք, ո՞վ կարող է աշխատել այդ պայմաններում, չկորցնելով իր անձնուրացությունը և արժանապատվությունը:
Մի՛ փորձեք անգամ վիրավորել ոստիկանին: Ու ով ով, ես լավ գիտեմ, որ հատկապես կարմիր բերետավորների 24 ժամյա ծառայության շնորհիվ է, որ շատ մարդիկ կարող են գիշերվա ամեն ժամի հանգիստ դուրս գալ քաղաք և պարզապես զբոսնել:
Ձեզ համբերություն և առողջություն իմ ոստիկան եղբայրներ ու քույրեր։
Ես ոչ մի կուսակցության կամ կազմակերպության անդամ չեմ եղել և երբեք չեմ էլ լինի, ինձ համար ՀԱՅ լինելը վեր է բոլոր տիպի կուսակցություններից կամ կազմակերպություններից:
Աստված մեր ազգին պահպանի
Լևոն Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը