Կարծիք

21.12.2020 11:42


Ծննդյանս տարեդարձին իմացա, որ Արցախում իմ հայրական տունն ու հորս գերեզմանն առանց կրակոց Հայաստանի սրբապիղծ իշխանությունները հանձնում են Ադրբեջանին

Ծննդյանս տարեդարձին իմացա, որ Արցախում իմ հայրական տունն ու հորս գերեզմանն առանց կրակոց Հայաստանի սրբապիղծ իշխանությունները հանձնում են Ադրբեջանին

Այս տարի ծննդյանս տարեդարձին (նոյեմբերի 10) ես իմացա, որ Արցախում իմ հայրական տունն ու հորս գերեզմանը առանց կրակոց Հայաստանի սրբապիղծ իշխանությունները հանձնում են Ադրբեջանին։

Արցախի՝ ՀՀ-ի հետ վերամիավորման օրն (դեկտեմբերի 2) իմացա, որ ՀՀ սահմաններն այլևս անպաշտպան են, երբ Սոթքը հանձնվեց Ադրբեջանին։

Արցախի աննկախության հանրաքվեի օրը (դեկտեմբերի 10) հերթական անգամ համոզվեցի, որ Հայաստան պետությունը որբ է, քանի որ պետության ոչ բարով իշխանությունները ոչինչ չունեն պատասխանելու Ադրբեջանի ու Թուրքիայի այն պնդումներին, որ Ադրբեջան է նաև Սյունիքը, Սևանն ու Երևանը։

100 տարի առաջ գերմարդկային լարումով Սյունիքը թուրքերից ու բոլշևիկներից փրկած Նժդեհի մահվան 65-րդ տարելիցի օրն (այսօր) իմացա, որ սրբապիղծը մեկնում է Սյունիք, որպեսզի համոզի, որ Սյունիքը «անվտանգ է», երբ դրան զուգահեռ Ադրբեջանի զինված ուժերը ազատ ելումուտ ունեն Սյունիք։

Նրանք, ովքեր ուզում են 10 տարի հետո էլ ապրել Հայաստան պետությունում, պետք է հասկանան, որ այս պահին իրենց պասիվությունից, վախերից ու քաղաքական նախասիրությունների պատճառով բողոքի ձայն չհանելուց պետությունը մաշվում է ու կորցնում ապագայի հույսը։

Տեղի ունեցողն իմ անձնական ողբերգությունը չէ, այլ մեր բոլորինս։ Ու եթե էս տողերը կարդալիս դուք դեռ սատարում եք ներկա իշխանություններին, ապա լավ իմացեք, որ մոտեցնում եք հաջորդ պատերազմը, որի ժամանակ անվարան կորցնելու եք Սյունիքը, Վայոց Ձորի մի մասը։ Սա արդեն տարածքի հարց չէ։

Սա բառիս բուն իմաստով պետությունը փրկելու հարց է։

Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը