Կարծիք

28.12.2020 14:44


Դառը խրատ

Դառը խրատ
Վերանայելով Հայոց պատմությունը հասկանում ես, որ դարեր ի վեր Հայ ժողովուրդը երբեք իր ընտրած ճանապարհից չի շեղվել, դա է՝ առանց պետության ու պետականության ապրելը, ուրիշի լծի տակ ծվարած:
1988-1994 թթ. Հայ Ազգի մի խումբ նվիրյալ հայորդիներ որոշեցին այդ կարծրատիպը կոտրել և տանել ժողովրդին պետություն ու պետականություն ունենալու ճանապարհով, անշուշտ անցնելով ԽՍՀՄ-ի տարբեր ուժային կառույցների ճնշումների միջով: Այդ մարդկանց հաջողվեց հասնել իրենց առջև դրված նպատակին և միևնույն ժամանակ տեսնել իրենց երազանքը՝ ազատ ու անկախ Հայաստանը: Հարկ եմ համարում նշել, որ այդ բաղձալի երազանքի իրականացմանը նպաստեց նաև ԽՍՀՄ-ի փլուզումը: Անցնելով պատերազմի թոհուբոհի միջով, ազգայնական այս քաջերը կերտեցին Հայոց Պետության և Պետականության նոր էջը, ստեղծելով Հայաստանի երրորդ Հանրապետություն՝ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ:
Անկախ հանրապետության ստեղծման այս փաստը չկարողացան մարսել օտարերկրյա կործանարար ուժերը, որոնք 30 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չխնայեցին ՀՀ Պետությունը կազմաքանդելու և այդ տարիների նվաճումերը փոշիացնելու համար: Այդ ավերիչ ուժերի հաջողություններին ու աղետաբեր հետևանքներին նպաստեց նաև մեր ժողովրդի ճնշող մեծամասնության հայակործան մտածողությունը, այն է՝ առանց Պետության և Պետականության, օտարի լծի տակ ապրելը ու ծվարելը:
Ազգի ինքնությունը ոչնչացնող այս համոզմունքը հատկապես արտահայտիչ դարձավ վերջին 2.5 տարիների ընթացքում, մասնավորապես վերջին 2-3 ամիսների հայ Ազգի համար ողբալի իրադարձությունների և դրանց անդառնալի հետևանքների ընթացքում:
Խորհում եմ ու կրկին զարմանում, որ Հայաստանի Պետականությունը վտանգված է, Արցախի 60-70% կորզված է, բայց ժողովրդի նույնիսկ 2-3 տոկոսը չի արձագանքում ու ընդվզում դավաճան իշխանությունների դեմ. խոստովանե՛ք, որ Դուք էլ էք զարմացած:
Ասածս այն է, որ այս համարձակ հայորդիները դեռ հեռավոր 1966 թվականին (ԱՄԿ) սկսեցին իրենց պայքարը, հետո 1988-ին այդ պայքարը նոր փուլ մտավ ու պայքարին միացան Աշոտ Նավասարդյանը, Անդրանիկ Մարգարյանը, Վազգեն Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և շատ ու շատ Հայ Ազգի նվիրյալ զավակներ, ում հաջողվեց ստեղծել ու պահել Հայոց Պետականությունը և Պետությունը այնքան ժամանակ, մինչև այդ նույն ժողովրդի ծոցիծ «ծնվեց փրկիչ Նիկոլը» (23.04.2018):
Զգնահատելով և նսեմացնելով այն բոլոր ձեռքբերումներն ու հաղթանակները, որոնք Աստծո կամքով և օգնությամբ տրվեցին հայ Ազգին երկարատև պայքարի արդյունքում, մենք այսօր հայտնվեցինք հայոց պետության և պետականության ավերակների վրա: Եվ վերջին ամիսների ողբալի իրադարձությունները դա մի դառը խրատ էր, Աստծո պատիժ մեր ժողովրդին: Հետևաբար, եթե շարունակենք ուրանալ, ավելի դաժան կպատժվենք:
Հ.Գ. 9.12.2018թ. ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում 884.864 քվե ստացավ «Իմ Քայլը» դաշինքը, ստանձնելով Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության ու ազգային անվտանգության պատասխանատվություն:Սա է ժողովրդի աղետաբեր և կործանարար ընտրությունը:
Արթուր Թովմասյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը